Ելք 38։1-31

  • Ողջակեզի զոհասեղանը (1-7)

  • Պղնձե ավազանը (8)

  • Գավիթը (9-20)

  • Խորանի համար օգտագործված նյութերի հաշվառում (21-31)

38  Բեսելիելը ակացիայի փայտից պատրաստեց նաև ողջակեզի զոհասեղանը: Դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն: Այն քառակուսի էր՝ երեք կանգուն բարձրությամբ:*+  Դրա չորս անկյուններին նա եղջյուրներ պատրաստեց: Դրանք զոհասեղանի հետ մեկ ամբողջական կտոր էին: Նա զոհասեղանը պղնձով պատեց:+  Այնուհետև պատրաստեց զոհասեղանի բոլոր պիտույքները՝ դույլերը, բահերը, թասերը, մեծ պատառաքաղներն ու կրակամանները: Զոհասեղանի բոլոր պիտույքները պղնձից էին:  Զոհասեղանի համար նա պղնձե ճաղավանդակ՝ ցանց պատրաստեց ու դրեց զոհասեղանի մեջ՝ եզրակալից ներքև՝ մոտավորապես զոհասեղանի մեջտեղում:  Հետո չորս օղակ ձուլեց և ամրացրեց չորս անկյուններում՝ պղնձե ճաղավանդակի մոտ, որ դրանց միջով ձողեր անցկացվեն:  Ապա նա ակացիայի փայտից պատրաստեց ձողերը և պղնձով պատեց:  Ձողերը անցկացրեց զոհասեղանի կողքերին ամրացված օղակների միջով, որ այն դրանցով տարվի: Զոհասեղանը պատրաստեց տախտակներից. այն նման էր դատարկ արկղի:  Այնուհետև նա պատրաստեց պղնձե ավազանը+ և դրա պղնձե պատվանդանը: Դրա համար օգտագործեց այն հայելիները,* որ հանդիպման վրանի մուտքի մոտ ծառայող կանայք էին նվիրաբերել:  Իսկ հետո Բեսելիելը սկսեց պատրաստել այն պաստառները, որոնցով պետք է սահմանազատվեր գավիթը:+ Գավիթի հարավային կողմի համար նա մանված բարձրորակ վուշից* պաստառներ պատրաստեց, որոնց ընդհանուր երկարությունը 100 կանգուն* էր:+ 10  Այդ կողմի համար պատրաստված 20 սյուներն ու դրանց 20 ակոսավոր պատվանդանները պղնձից էին, իսկ սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները՝* արծաթից: 11  Գավիթի հյուսիսային կողմի համար նույնպես պաստառներ պատրաստեց, որոնց ընդհանուր երկարությունը 100 կանգուն էր: Այդ կողմի համար նախատեսված 20 սյուներն ու դրանց 20 ակոսավոր պատվանդանները նույնպես պղնձից էին, իսկ սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները՝* արծաթից: 12  Սակայն արևմտյան կողմի համար պատրաստված պաստառների ընդհանուր երկարությունը 50 կանգուն* էր: Այդ կողմի համար պատրաստվեցին տասը սյուներ և տասը ակոսավոր պատվանդաններ: Սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները* արծաթից էին: 13  Արևելյան, այսինքն՝ դեպի արևածագը նայող կողմի երկարությունը* 50 կանգուն էր: 14  Այդ կողմի աջ թևի համար պատրաստվեցին պաստառներ, որոնց ընդհանուր երկարությունը 15 կանգուն* էր, նաև երեք սյուներ ու երեք ակոսավոր պատվանդաններ: 15  Մյուս, այսինքն՝ մուտքից ձախ գտնվող թևի համար նույնպես պատրաստվեցին պաստառներ, որոնց ընդհանուր երկարությունը 15 կանգուն էր, նաև երեք սյուներ ու երեք ակոսավոր պատվանդաններ: 16  Գավիթը սահմանազատելու բոլոր պաստառները մանված բարձրորակ վուշից էին: 17  Սյուների ակոսավոր պատվանդանները պղնձից էին, իսկ սյուների կախիչներն ու ամրացնող հարմարանքները՝* արծաթից: Գավիթի սյուների գագաթները արծաթով էին պատված, ու բոլոր սյուները արծաթե ամրակներ ունեին:+ 18  Գավիթի մուտքի վարագույրը հյուսված էր կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից: Այն մի կողմից մյուսը ուներ 20 կանգուն երկարություն, իսկ դրա բարձրությունը 5 կանգուն էր՝* նույնքան, որքան գավիթի պաստառներինը:+ 19  Դրա չորս սյուներն ու չորս ակոսավոր պատվանդանները պղնձից էին, սյուների վրայի կախիչներն ու ամրացնող հարմարանքները՝* արծաթից, իսկ սյուների գագաթները պատված էին արծաթով: 20  Խորանի սեպերը և գավիթի ցանկապատի բոլոր սեպերը պղնձից էին:+ 21  Մովսեսը պատվիրեց, որ Վկայության+ խորանի համար օգտագործված նյութերի հաշվառում արվի: Այդ պարտականությունը կատարեցին ղևտացիները+ Ահարոն քահանայի որդու՝ Իթամարի+ առաջնորդությամբ: 22  Բեսելիելը՝+ Հուդայի ցեղից Հուրի որդի Ուրիի որդին, արեց այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր Մովսեսին: 23  Նրան օգնեց Օհոլիաբը՝+ Դանի ցեղից Աքիսամայի որդին, որը արհեստավոր էր, ասեղնագործ և մանածագործ: Նա գործվածք էր պատրաստում կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից ու մանված բարձրորակ վուշից: 24  Սուրբ վայրի ամբողջ աշխատանքի համար գործածվեց այն ոսկին, որ բերվել էր որպես երերացնելու ընծա.+ այն կազմեց 29 տաղանդ* և 730 սիկղ՝* սուրբ վայրի կշռաչափով:* 25  Իսկ արծաթը, որ բերել էին ժողովրդի մեջ հաշվառված բոլոր տղամարդիկ, 100 տաղանդ* և 1 775 սիկղ* էր՝ սուրբ վայրի կշռաչափով: 26  Հաշվառվածները 20 տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդիկ էին՝ 603 550 հոգի,+ որոնցից յուրաքանչյուրը կես սիկղ* էր բերել՝ սուրբ վայրի կշռաչափով:+ 27  Սուրբ վայրի ակոսավոր պատվանդանները և վարագույրը կախելու սյուների ակոսավոր պատվանդանները ձուլելու համար 100 տաղանդ արծաթ օգտագործվեց, 100 տաղանդ՝ 100 ակոսավոր պատվանդանի համար, այսինքն՝ ամեն ակոսավոր պատվանդանի համար՝ մեկ տաղանդ:+ 28  Իսկ 1 775 սիկղ արծաթը օգտագործվեց սյուների վրայի կախիչները պատրաստելու, սյուների գագաթներն արծաթով պատելու, ինչպես նաև սյուներն իրար միացնող հարմարանքների համար: 29  Որպես ընծա* բերված պղինձը 70 տաղանդ* և 2 400 սիկղ* էր: 30  Դրանով Բեսելիելը պատրաստեց խորանի* մուտքի ակոսավոր պատվանդանները, պղնձե զոհասեղանը, դրա պղնձե ճաղավանդակն ու բոլոր պիտույքները, 31  ինչպես նաև գավիթի շուրջը եղող ակոսավոր պատվանդանները, գավիթի մուտքի ակոսավոր պատվանդանները, խորանի բոլոր սեպերն ու գավիթը շրջապատող ցանկապատի բոլոր սեպերը:+

Ծանոթագրություններ

Զոհասեղանի չափսերը՝ մոտ 2,2 × 2,2 × 1,3 մ: Տես հավելված Բ14:
Այսինքն՝ մետաղյա հայելիներ, որոնք լավ փայլեցված էին:
Կամ՝ «կտավից»:
Մոտ 44,5 մ:
Կամ՝ «օղակներն ու օղակապերը»:
Կամ՝ «օղակներն ու օղակապերը»:
Մոտ 22,3 մ:
Կամ՝ «օղակներն ու օղակապերը»:
Այսինքն՝ գավիթի լայնությունը:
Մոտ 6,7 մ:
Կամ՝ «օղակներն ու օղակապերը»:
Վարագույրի չափսերը՝ մոտ 8,9 × 2,2 մ:
Կամ՝ «օղակներն ու օղակապերը»:
Մոտ 992 կգ: Տես հավելված Բ14:
Մոտ 8,3 կգ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:
Մոտ 20,2 կգ:
Մոտ 34,2 տ:
Մոտ 5,7 գ:
Կամ՝ «երերացնելու ընծա»:
Մոտ 2,4 տ:
Մոտ 27,4 կգ:
Բռց.՝ «հանդիպման վրանի»: