Ելք 39։1-43

  • Պատրաստում են քահանայական հանդերձանքը (1)

  • Եփուդը (2-7)

  • Կրծքապանակը (8-21)

  • Անթև վերնահագուստը (22-26)

  • Մյուս քահանայական հագուստները (27-29)

  • Ոսկե թիթեղը (30, 31)

  • Մովսեսը ստուգում է խորանի համար պատրաստված ամեն բան (32-43)

39  Արհեստավարժ մարդիկ կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից և վառ կարմիր մանվածքից+ պատրաստեցին նուրբ մանվածքով հագուստները, որ նախատեսված էին սրբարանում ծառայելու համար: Նրանք պատրաստեցին Ահարոնի սուրբ հանդերձանքը+ ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:  Բեսելիելը ոսկու թելից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից* պատրաստեց եփուդը:*+  Հետո արհեստավորները ոսկե թիթեղները ծեծելով բարակացրին, և Բեսելիելը դրանցից թելեր կտրեց: Նրանք ոսկու այդ թելերով, ինչպես նաև կապույտ թելով, մանուշակագույն բրդյա թելով ու վառ կարմիր մանվածքով ասեղնագործեցին բարձրորակ վուշից հյուսված կտորի վրա:  Եփուդի համար նրանք երկու ուսային կտորներ պատրաստեցին, որոնցով առաջամասը միացրին հետևամասին:  Գոտին, որը ամրացվեց եփուդին՝ այն ձիգ կապելու համար,+ պատրաստվեց նույն հումքից՝ ոսկու թելից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:  Հետո ոսկե շրջանակների մեջ տեղադրեցին եղնգնաքարերը* և դրանց վրա փորագրեցին Իսրայելի որդիների անունները, ինչպես կնիքի վրա են փորագրում:+  Բեսելիելը դրանք դրեց եփուդի ուսային կտորների վրա որպես հիշատակ Իսրայելի որդիների համար,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:  Այնուհետև պատրաստեց կրծքապանակը,+ որն ասեղնագործված էր, ինչպես եփուդը: Այն պատրաստված էր ոսկու թելից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից, վառ կարմիր մանվածքից և մանված բարձրորակ վուշից:+  Երկտակ ծալված վիճակում այն քառակուսի էր՝ մեկ թիզ* երկարությամբ և մեկ թիզ լայնությամբ: 10  Դրա վրա չորս շարքով քարեր տեղադրվեցին: Առաջին շարքում՝ ռուբին,* տպազիոն և զմրուխտ. 11  երկրորդ շարքում՝ փիրուզ, շափյուղա և հասպիս. 12  երրորդ շարքում՝ լեշեմ,* ագաթ և ամեթիստ. 13  չորրորդ շարքում՝ ոսկեքար,* եղնգնաքար* և ժադեիտ: Դրանք տեղադրվեցին ոսկե շրջանակների մեջ: 14  Քարերը համապատասխանում էին Իսրայելի 12 որդիների թվին: Քարերի վրա անունները փորագրվեցին կնիքի վրա արվող փորագրության պես: Յուրաքանչյուր անուն ներկայացնում էր Իսրայելի 12 ցեղերից մեկին: 15  Հետո նրանք մաքուր ոսկուց պատրաստեցին պարանի պես ոլորված շղթաներ և ամրացրին կրծքապանակի վրա:+ 16  Ապա պատրաստեցին երկու ոսկե շրջանակներ ու երկու ոսկե օղակներ և այդ երկու օղակներն ամրացրին կրծքապանակի երկու ծայրերին:* 17  Երկու ոսկե շղթաներն անցկացրին կրծքապանակի ծայրերին ամրացված երկու օղակների միջով: 18  Երկու շղթաների մյուս ծայրերը եփուդի առջևի մասից անցկացրին դրա ուսային կտորների վրա ամրացված երկու շրջանակների միջով: 19  Հետո երկու ոսկե օղակ պատրաստեցին ու ամրացրին կրծքապանակի ներքևի երկու ծայրերին ներսի կողմից, այսինքն՝ եփուդին հպվող կողմից:+ 20  Երկու ոսկե օղակ էլ պատրաստեցին և ամրացրին եփուդի առաջամասին՝ ուսային կտորներից ներքև՝ գոտու անմիջապես վերևում՝ այն մասում, որտեղ գոտին կցվում է եփուդին: 21  Ի վերջո կրծքապանակի օղակները կապույտ կապիչներով կապեցին եփուդի օղակներին, որ կրծքապանակը եփուդի վրա մնա իր տեղում՝ գոտուց վեր, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին: 22  Այնուհետև Բեսելիելը եփուդի տակից հագնելու անթև վերնահագուստը պատրաստեց՝ այն ամբողջությամբ հյուսելով կապույտ թելից:+ 23  Անթև վերնահագուստի մեջտեղում գլխի համար բացվածք կար, և դրա եզրերը հյուսված էին այնպես, որ այն զրահի բացվածքի պես ամուր լիներ ու չպատռվեր: 24  Իսկ հետո արհեստավորները, կապույտ թելը, մանուշակագույն ներկված բուրդն ու վառ կարմիր մանվածքը իրար հետ ոլորելով, նռներ պատրաստեցին ու ամրացրին վերնահագուստի փեշին: 25  Ապա մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին ու ամրացրին նռների արանքներում՝ անթև վերնահագուստի փեշի ողջ երկայնքով. 26  քահանայական ծառայության համար նախատեսված անթև վերնահագուստի փեշի ողջ երկայնքով ամեն զանգակից հետո մեկ նուռ ամրացվեց, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին: 27  Հետո արհեստավորները պատրաստեցին Ահարոնի ու նրա որդիների երկար զգեստները՝ հյուսելով դրանք բարձրորակ վուշից:+ 28  Բարձրորակ վուշից պատրաստեցին նաև գլխափաթթոցը,+ նախշազարդ գլխադիրները+ և վարտիքները:+ 29  Իսկ գոտին պատրաստեցին բարձրորակ վուշից, կապույտ թելից, մանուշակագույն ներկված բրդից և վառ կարմիր մանվածքից՝ միահյուսելով դրանք, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին: 30  Վերջում արհեստավորները մաքուր ոսկուց պատրաստեցին փայլուն թիթեղը՝ նվիրման սուրբ նշանը,* և դրա վրա, ինչպես կնիքի վրա են փորագրում, հետևյալ խոսքերը փորագրեցին՝ «Սրբությունը Եհովայինն է»:+ 31  Ապա կապույտ թելից կապիչ ամրացրին թիթեղին, որ դրանով այն կապեն գլխափաթթոցի վրա, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին: 32  Այսպիսով՝ ավարտվեցին խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի կառուցման բոլոր աշխատանքները: Իսրայելացիները ամեն բան արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին.+ նրանք հենց այդպես արեցին: 33  Նրանք Մովսեսի մոտ բերեցին խորանի+ բոլոր մասերը. պաստառներն+ ու մյուս բոլոր պարագաները՝ կեռիկները,+ շրջանակները,+ ձողերը,+ սյուները, ակոսավոր պատվանդանները,+ 34  խոյի կարմիր ներկված կաշվից ծածկոցը,+ փոկի կաշվից ծածկոցը, բաժանող վարագույրը,+ 35  Վկայության տապանակը և դրա ձողերն+ ու կափարիչը,+ 36  սեղանը և դրա բոլոր պիտույքները,+ Աստծու առաջ դրվող հացերը, 37  մաքուր ոսկուց պատրաստված ճրագակալն իր ճրագներով,+ այսինքն՝ վրան շարված ճրագներով, ճրագակալի բոլոր պիտույքները,+ ճրագների յուղը,+ 38  խնկարկության ոսկե սեղանը,*+ օծման յուղը,+ անուշաբույր խունկը,+ վրանի մուտքի վարագույրը,+ 39  պղնձե զոհասեղանը,+ դրա պղնձե ճաղավանդակը, ձողերն+ ու բոլոր պիտույքները,+ ավազանը և դրա պատվանդանը,+ 40  գավիթի պաստառները, սյուները, ակոսավոր պատվանդանները,+ գավիթի մուտքի վարագույրը,+ պաստառների պարաններն ու սեպերը,+ ինչպես նաև խորանին, այսինքն՝ հանդիպման վրանին առնչվող ծառայության բոլոր պիտույքները, 41  սրբարանում ծառայելու համար նախատեսված նուրբ մանվածքով հագուստները, Ահարոն քահանայի սուրբ հանդերձանքը+ և նրա որդիների քահանայական ծառայության հանդերձանքը: 42  Իսրայելացիները ամբողջ աշխատանքն արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:+ 43  Մովսեսը ստուգեց նրանց արած ողջ գործը և տեսավ, որ նրանք ամեն բան արել են ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր: Եվ Մովսեսը օրհնեց նրանց:

Ծանոթագրություններ

Կամ՝ «կտավից»:
Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:
Կամ՝ «օնիքսները»:
Մոտ 22,2 սմ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «սուտակ»:
Տառադարձված է եբր.-ից: Անհայտ թանկարժեք քար: Հավանաբար, խոսքը սաթի, հակինթի, օպալի կամ տուրմալինի մասին է:
Կամ՝ «քրիզոլիթ»:
Կամ՝ «օնիքս»:
Այսինքն՝ վերևի անկյուններին:
Կամ՝ «սուրբ պսակը»:
Բռց.՝ «ոսկե զոհասեղանը»: