Ելք 5։1-23

  • Մովսեսն ու Ահարոնը կանգնում են փարավոնի առաջ (1-5)

  • Փարավոնը ավելացնում է ժողովրդի վրա դրված բեռը (6-18)

  • Իսրայելացիները մեղադրում են Մովսեսին ու Ահարոնին (19-23)

5  Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և ասացին. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Թո՛ղ իմ ժողովրդին, որ գնա և իմ պատվին տոն նշի անապատում»»:  Բայց փարավոնն ասաց. «Եհովան ո՞վ է,+ որ հնազանդվեմ նրան և Իսրայելին թույլ տամ՝ գնա:+ Ես Եհովային չե՛մ ճանաչում և Իսրայելին էլ չե՛մ թողնի, որ գնա»:+  Սակայն նրանք ասացին. «Եբրայեցիների Աստվածը խոսել է մեզ հետ: Խնդրում ենք, թույլ տուր, որ անապատ գնանք երեք օրով* ու մեր Աստված Եհովային զոհ մատուցենք,+ այլապես նա կպատուհասի մեզ հիվանդությամբ կամ սրով»:  Եգիպտոսի թագավորն էլ ասաց. «Մովսե՛ս ու Ահարո՛ն, ինչո՞ւ եք ժողովրդին գործից կտրում: Գնացեք աշխատե՛ք»:+  Փարավոնն ավելացրեց. «Այս երկրում ձեր ժողովուրդը մեծաթիվ է, իսկ դուք ուզում եք այդ բոլոր մարդկանց գործից կտրել»:  Հենց նույն օրը փարավոնը վերահսկիչներին ու իսրայելացի գործավարներին հրամայեց.  «Ժողովրդին այլևս հարդ* մի՛ տվեք աղյուս պատրաստելու համար:+ Թող իրե՛նք գնան ու հավաքեն:  Բայց շարունակե՛ք նրանցից պահանջել աղյուսի նույն քանակը, ինչ առաջ: Չնվազեցնե՛ք այն: Նրանք գլուխ են պահում:* Դրա համար էլ աղաղակում են, թե՝ «Ուզում ենք գնալ, ուզում ենք զոհ մատուցել մեր Աստծուն»:  Ավելի շա՛տ աշխատեցրեք նրանց, զբաղվա՛ծ պահեք, որ ուշադրություն չդարձնեն փուչ խոսքերի»: 10  Ուստի վերահսկիչներն+ ու գործավարները գնացին և ասացին ժողովրդին. «Փարավոնն ասում է. «Ձեզ այլևս հարդ չեմ տա: 11  Գնացե՛ք ու ինքնե՛րդ հայթայթեք, որտեղից որ կարող եք, բայց ձեր գործը բոլորովին չի պակասեցվի»»: 12  Եվ Եգիպտոսի ողջ տարածքում ժողովուրդը դեսուդեն ընկավ, որ ծղոտ հավաքի հարդ պատրաստելու համար: 13  Իսկ վերահսկիչները անընդհատ ճնշում էին նրանց՝ ասելով. «Ամեն օր պետք է աղյուսի նույն քանակությունն ապահովեք, ինչ այն ժամանակ, երբ ձեզ հարդ էր տրվում»: 14  Բացի այդ՝ փարավոնի վերահսկիչները ծեծեցին իսրայելացիների գործավարներին, որոնց իրենք նշանակել էին նրանց վրա,+ և ասացին. «Ինչո՞ւ առաջվա պես սահմանված քանակով աղյուս չեք պատրաստել: Երեկ էլ չեք արել, այսօր էլ»: 15  Իսրայելացիների գործավարներն էլ գնացին փարավոնի մոտ ու բողոքեցին. «Ինչո՞ւ ես ծառաներիդ հետ այդպես վարվում: 16  Քո ծառաներին հարդ չեն տալիս, բայց ասում են՝ «Աղյուսնե՛ր պատրաստեք»: Հետո էլ մեզ՝ քո ծառաներին, ծեծում են, այնինչ քո ժողովուրդն է մեղավոր»: 17  Բայց նա ասաց. «Գլո՛ւխ եք պահում, դուք բոլորդ գլո՛ւխ եք պահում:*+ Դրա համար էլ ասում եք. «Ուզում ենք գնալ, ուզում ենք զոհ մատուցել Եհովային»:+ 18  Այնպես որ գնացեք աշխատե՛ք: Ձեզ հարդ չի տրվելու, բայց դուք պիտի սահմանված քանակով աղյուսներ պատրաստեք»: 19  Իսրայելացիների գործավարները հասկացան, որ աղետալի դրության մեջ են հայտնվել այդ հրամանի պատճառով, ըստ որի՝ իրենք բոլորովին չպետք է պակասեցնեն աղյուսների օրական քանակը: 20  Դուրս գալով փարավոնի մոտից՝ գործավարները հանդիպեցին Մովսեսին ու Ահարոնին, որոնք կանգնել էին այնտեղ, որ դիմավորեն նրանց: 21  Նրանք ասացին. «Թող Եհովան տեսնի ձեր արածը և դատի, քանի որ այնպես արեցիք, որ փարավոնն ու իր ծառաները ատեն մեզ,* և նրանց ձեռքը սուր տվեցիք, որ մեզ սպանեն»:+ 22  Այդ ժամանակ Մովսեսը դիմեց Եհովային ու ասաց. «Եհո՛վա, ինչո՞ւ չարիք պատճառեցիր այս ժողովրդին: Ինչո՞ւ ուղարկեցիր ինձ: 23  Այն ժամանակվանից, ինչ գնացել եմ փարավոնի մոտ՝ քո անունից խոսելու,+ նա ավելի վատ է վերաբերվում ժողովրդին,+ իսկ դու այդպես էլ չես ազատել նրանց»:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «երեք օրվա ճանապարհ»:
Հացահատիկի մանրած ցողուններ:
Կամ՝ «ծույլ են»:
Կամ՝ «Ծո՛ւյլ եք, ծո՛ւյլ»:
Կամ՝ «մեզ գարշելի դարձրիք փարավոնի ու նրա ծառաների համար»: