Ելք 7։1-25

  • Եհովան ամրացնում է Մովսեսի վստահությունը (1-7)

  • Ահարոնի գավազանը մեծ օձ է դառնում (8-13)

  • Պատուհաս 1. ջուրը արյուն է դառնում (14-25)

7  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Տես, ես քեզ նշանակել եմ, որ լինես ինչպես Աստված* փարավոնի առաջ, իսկ քո եղբայր Ահարոնը քո մարգարեն կլինի:+  Դու քո եղբայր Ահարոնին կհաղորդես այն ամենը, ինչ կպատվիրեմ քեզ, նա էլ կխոսի փարավոնի հետ, և ի վերջո փարավոնը իսրայելացիներին թույլ կտա գնալ իր երկրից:  Ես կթողնեմ, որ փարավոնի սիրտը համառ դառնա,+ և բազում զորավոր գործեր ու հրաշքներ կանեմ Եգիպտոսում:+  Փարավոնը ձեզ չի լսի, և ես իմ զորավոր ձեռքով կգործեմ ընդդեմ Եգիպտոսի ու մեծ դատաստաններով այնտեղից կհանեմ իմ մեծաթիվ ժողովրդին՝* իսրայելացիներին:+  Ու երբ զորավոր ձեռքով գործեմ ընդդեմ Եգիպտոսի և իսրայելացիներին հանեմ նրանց միջից, եգիպտացիները կիմանան, որ ես Եհովան եմ»:+  Մովսեսն ու Ահարոնը արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրեց. նրանք հենց այդպես արեցին:  Մովսեսը 80 տարեկան էր, իսկ Ահարոնը՝ 83, երբ խոսեցին փարավոնի հետ:+  Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին.  «Եթե փարավոնն ասի՝ «Մի հրաշք արեք», դու՝ Մովսե՛ս, Ահարոնին կասես. «Վերցրու գավազանդ ու նետիր փարավոնի առաջ»: Այդ ժամանակ այն մեծ օձ կդառնա»:+ 10  Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր: Ահարոնն իր գավազանը գցեց փարավոնի ու նրա ծառաների առաջ, և այն մեծ օձ դարձավ: 11  Սակայն փարավոնը կանչեց իմաստուններին ու կախարդներին, և Եգիպտոսի այդ քրմերը*+ իրենց մոգությամբ նույնն արեցին:+ 12  Յուրաքանչյուրն իր գավազանը ցած գցեց, և դրանք մեծ օձեր դարձան, բայց Ահարոնի գավազանը կուլ տվեց նրանց գավազանները: 13  Այդուհանդերձ, փարավոնի սիրտը համառ դարձավ,+ և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին: Եղավ ճիշտ այնպես, ինչպես Եհովան ասել էր: 14  Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. «Փարավոնի սիրտը կարծրացած է:+ Նա չի համաձայնվում ազատ արձակել ժողովրդին: 15  Ուստի առավոտյան գնա փարավոնի մոտ: Նա ջրի մոտ կգա: Իսկ դու կանգնիր Նեղոս գետի ափին, որ հանդիպես նրան: Հետդ վերցրու այն գավազանը, որն օձ էր դարձել:+ 16  Փարավոնին ասա. «Եհովան՝ եբրայեցիների Աստվածն է ինձ ուղարկել քեզ մոտ:+ Նա ասում է. «Բա՛ց թող իմ ժողովրդին, որ գնա և անապատում պաշտի* ինձ»: Բայց մինչև հիմա դու չես հնազանդվում: 17  Ուստի ահա թե ինչ է ասում Եհովան. «Սրանի՛ց կիմանաս, որ ես Եհովան եմ.+ իմ գավազանով կհարվածեմ Նեղոս գետի ջրին, և այն արյուն կդառնա: 18  Նեղոս գետի ձկները կսատկեն, գետը կգարշահոտի, ու եգիպտացիները չեն կարողանա գետից ջուր խմել»»»: 19  Ապա Եհովան ասաց Մովսեսին. «Ահարոնին պատվիրիր. «Գավազանդ ձեռքդ վերցրու և մեկնիր դեպի Եգիպտոսի ջրերը՝+ նրանց գետերը, Նեղոսի ջրանցքները, ճահիճներն+ ու բոլոր ջրամբարները, որ դրանց ջրերը արյուն դառնան»: Եվ ողջ Եգիպտոսում արյուն կլինի, անգամ փայտե ու քարե տարաներում»: 20  Մովսեսն ու Ահարոնը իսկույն արեցին այնպես, ինչպես պատվիրեց Եհովան. Ահարոնը բարձրացրեց գավազանը, փարավոնի ու նրա ծառաների աչքի առաջ հարվածեց Նեղոսի ջրին, և գետի ամբողջ ջուրը արյուն դարձավ:+ 21  Նեղոս գետի ձկները սատկեցին,+ և գետը սկսեց գարշահոտել, այնպես որ եգիպտացիները չէին կարողանում ջուր խմել գետից:+ Ողջ Եգիպտոսում արյուն էր: 22  Բայց Եգիպտոսի քրմերը իրենց կախարդությամբ+ նույնն արեցին, ուստի փարավոնի սիրտը համառ մնաց, և նա չլսեց Մովսեսին ու Ահարոնին, ճիշտ ինչպես Եհովան ասել էր:+ 23  Փարավոնը վերադարձավ տուն, և այս անգամ էլ իր տեսածը ոչ մի ազդեցություն չթողեց իր վրա: 24  Բոլոր եգիպտացիները սկսեցին փորել Նեղոսի շրջակայքը, որ խմելու ջուր գտնեն, քանի որ գետի ջրից չէին կարողանում խմել: 25  Անցավ յոթ լրիվ օր այն բանից հետո, երբ Եհովան պատուհասեց Նեղոս գետը:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ես քեզ Աստված եմ դարձրել»:
Բռց.՝ «իմ զորքերին՝ իմ ժողովրդին»:
Կամ՝ «մոգությամբ զբաղվող քրմերը»:
Բռց.՝ «ծառայի»: