Եսայիա 19։1-25
19 Եգիպտոսի դեմ ուղղված պատգամ:+
Ահա Եհովան, արագասահ ամպ հեծած, գալիս է Եգիպտոս:
Նրա առաջ կսարսռան Եգիպտոսի փուչ աստվածները,+Վախից կնվաղի Եգիպտոսի սիրտը:
2 «Ես եգիպտացիներին իրար դեմ կհանեմ,Նրանք միմյանց դեմ կկռվեն,Ամեն մեկը՝ իր եղբոր և իր դրացու դեմ,Քաղաքը՝ քաղաքի դեմ, թագավորությունը՝ թագավորության դեմ:
3 Եգիպտոսի ներսը տակնուվրա կլինի,Ես կխափանեմ նրա ծրագիրը:+
Նրանք կդիմեն փուչ աստվածների,Հմայողների, ոգեհարցների և բախտագուշակների:+
4 Ես Եգիպտոսին մի դաժան տիրոջ ձեռքը կմատնեմ,Մի անգութ թագավոր կիշխի նրանց վրա»,+– ասում է ճշմարիտ Տերը՝ Զորքերի տեր Եհովան:
5 Ծովի ջրերը կցամաքեն,Գետը կչորանա ու կցամաքի:+
6 Եգիպտոսի գետերը կնեխեն,Նեղոսի ջրանցքները կնվազեն ու կցամաքեն,Եղեգներն ու կնյունները կփտեն:+
7 Նեղոսի եզերքին ու դրա գետաբերանին աճած բուսականությունը,Ափամերձ բոլոր ցանքատարածությունները+ կչորանան:+
Մրրկահար կլինեն ու կվերանան:
8 Ձկնորսները սուգ կանեն,Նեղոսի մեջ կարթ գցողները լացուկոծ կդնեն,Ջրի վրա ցանց տարածողները խիստ կպակասեն:
9 Ամոթով կմնան գզած վուշով գործվածք պատրաստողները,+Ջուլհակահաստոցով սպիտակ կտոր հյուսողները:
10 Եգիպտոսի մանածագործները թևաթափ կլինեն,Բոլոր վարձու աշխատողները կտրտմեն:
11 Տայանիսի+ իշխանները հիմար են:
Փարավոնի ամենաիմաստուն խորհրդականները անխոհեմ խորհուրդներ են տալիս:+
Ինչպե՞ս եք ասում փարավոնին.
«Ես իմաստունների սերունդ եմ,Հնում ապրած թագավորներից եմ սերել»:
12 Բա ո՞ւր են քո իմաստունները,+Դե թող քեզ ասեն, թե Զորքերի տեր Եհովան Եգիպտոսի համար ինչ է որոշել:
13 Տայանիսի իշխանները հիմարաբար են վարվել,Նոֆի*+ իշխանները խաբվել են,Եգիպտոսի ցեղերի գլուխները նրան ճանապարհից շեղել են:
14 Եհովան նրան շփոթմունքի մեջ է գցել:+
Եգիպտոսի ազդեցիկ մարդիկ նրան ամեն հարցում ճանապարհից շեղել են,Եվ նա նման է հարբածի, որ սայթաքում է իր փսխածի մեջ:
15 Էլ ոչինչ չի կարողանա անել Եգիպտոսը՝Ո՛չ նրա գլուխը, ո՛չ պոչը, ո՛չ ընձյուղը, ո՛չ էլ խոտը:*
16 Այդ օրը Եգիպտոսը նման կլինի կնոջ. նա կդողա ու կզարհուրի, երբ Զորքերի տեր Եհովան իր սպառնալից բռունցքը նրա վրա բարձրացնի:+
17 Հուդայի երկիրը սարսափի մեջ կգցի Եգիպտոսին: Դրա մասին հիշատակումից անգամ եգիպտացիները կզարհուրեն՝ իմանալով, թե ինչ վճիռ է կայացրել Զորքերի տեր Եհովան իրենց դեմ:+
18 Այդ օրը Եգիպտոսում հինգ քաղաքներ կլինեն, որոնց բնակիչները Քանանի լեզվով* կխոսեն+ և Զորքերի տեր Եհովայի հանդեպ հավատարմության երդում կտան: Քաղաքներից մեկը Ավերման քաղաք կկոչվի:
19 Այդ օրը Եգիպտոսում Եհովայի համար զոհասեղան դրված կլինի երկրի կենտրոնում, իսկ սահմանի վրա Եհովայի պատվին սյուն կանգնեցված կլինի:
20 Դա Եգիպտոսում Զորքերի տեր Եհովայի մասին վկայող նշան կլինի: Մարդիկ, կեղեքիչներից ճնշված, օգնության կկանչեն Եհովային, և նա նրանց համար փրկիչ կուղարկի՝ մի մեծ փրկիչ, որը կազատագրի նրանց:
21 Եհովան հայտնի կդառնա եգիպտացիներին, և այդ օրը եգիպտացիները կճանաչեն Եհովային: Նրանք զոհեր ու նվերներ կմատուցեն Եհովային, երդում կտան նրան և այն կկատարեն:
22 Եհովան կհարվածի Եգիպտոսին,+ կհարվածի, իսկ հետո կբուժի: Մարդիկ կդառնան դեպի Եհովան, նա կլսի նրանց թախանձանքները և կբուժի նրանց:
23 Այդ օրը Եգիպտոսից Ասորեստան տանող մի մեծ ճանապարհ կբացվի:+ Ասորեստանցիները Եգիպտոս կգան, իսկ եգիպտացիները՝ Ասորեստան, և Եգիպտոսն ու Ասորեստանը միասին Աստծուն կծառայեն:
24 Այդ օրը Իսրայելը կլինի Եգիպտոսին ու Ասորեստանին միացած մյուս կողմը*+ և ողջ աշխարհի համար օրհնություն կլինի:
25 Զորքերի տեր Եհովան կօրհնի նրանց՝ ասելով. «Օրհնյալ լինի իմ ժողովուրդը՝ Եգիպտոսը, իմ ձեռքի գործը՝ Ասորեստանը, և իմ ժառանգությունը՝ Իսրայելը»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Մեմփիսի»:
^ Կամ հնարավոր է՝ «ո՛չ արմավենու ճյուղը, ո՛չ եղեգը»:
^ Խոսքը եբրայերենի մասին է:
^ Բռց.՝ «երրորդը»: