Եսայիա 33։1-24
33 Վա՜յ քեզ,* կործանո՛ղ, որին չեն կործանել,+Վա՜յ քեզ, դավաճա՛ն, որին չեն դավաճանել:
Երբ կործանելդ վերջացնես, ինքդ էլ կկործանվես,+Երբ դավաճանությունդ ավարտին հասցնես, ինքդ էլ կդավաճանվես:
2 Ո՜վ Եհովա, բարեհաճ եղիր մեր հանդեպ:+
Դու ես մեր հույսը:
Ամեն առավոտ քո բազկով*+ մեզ աջակցիր,Այո՛, մեր նեղության մեջ մեզ փրկիր:+
3 Թնդացող ձայնից ժողովուրդները փախչում են,Երբ դու գործի ես անցնում, ազգերը ցիրուցան են լինում:+
4 Ինչպես անկուշտ մորեխներն են իրենց ճամփին սրբում-տանում ամեն ինչ,Այնպես էլ քո ավարը կսրբեն կտանեն,Մարդիկ մորեխների երամների պես դրա վրա կհարձակվեն:
5 Եհովան կմեծարվի,Չէ՞ որ նա բարձունքներում բնակվողն է:
Նա Սիոնը արդարությամբ ու արդարադատությամբ կլցնի:
6 Ձեր կյանքում* նա ձեզ ապահովություն կտա:
Մեծ փրկություն,+ իմաստություն, գիտելիքներ ու վախ Եհովայի հանդեպ.+
Այս ամենը մեծարժեք գանձ է:*
7 Ահա նրանց* քաջարի տղամարդիկ բղավում են փողոցում,Խաղաղության պատգամաբերները դառնագին լաց են լինում:
8 Ամայացել են մայրուղիները,Ճանապարհներին անցուդարձ չկա:
Թշնամին դրժել է ուխտը,Քաղաքներին քամահրանքով է վերաբերվում,Նրա համար ոչ մի արժեք չունի մահկանացու մարդը:+
9 Երկիրը սգի մեջ է,* հյուծվում է,Լիբանանն ամոթահար է եղել,+ այն փտել է:
Սարոնը անապատ է դարձել,Իսկ Բասանն ու Կարմեղոսը տերևաթափ են լինում:+
10 Եհովան ասում է. «Հիմա ես գործի կանցնեմ,Հիմա ես ցույց կտամ իմ մեծությունը,+Հիմա ես կփառավորվեմ:
11 Դուք չոր խոտ եք հղանում և ծղոտ եք ծնում,Ձեր իսկ մտքերը կրակի պես կլափեն ձեզ:+
12 Ժողովուրդները այրված կրի կնմանվեն,Կտրված փշերի պես հրի կմատնվեն:+
13 Հեռվո՛ւմ եղողներ, լսե՛ք, թե ինչ կանեմ,Մոտակայքո՛ւմ եղողներ, ընդունե՛ք, որ զորավոր եմ:
14 Սիոնի մեղսագործներին սարսափ է պատել,+Հավատուրացները ահուդողի մեջ են ընկել:
Նրանք ասում են. «Ո՞ր մեկս կարող է ողջ մնալ սպառող կրակի մեջ:+
Ո՞ր մեկս կարող է ողջ մնալ անմար բոցերի մեջ»:
15 Իսկ ով շարունակ արդարությամբ է ընթանում,+Ճշմարտությունն է խոսում,+Մերժում է անազնվությամբ ու խարդախությամբ ձեռք բերված շահույթը,Կաշառք չի վերցնում,+Փակում է ականջները, որ չլսի՝ ինչպես են ծրագրում արյուն թափել,Եվ փակում է աչքերը, որ չտեսնի այն, ինչը վատ է,
16 Նա կբնակվի բարձունքներում,Ապահով ապաստան կգտնի անմատչելի ժայռերում:
Իր հացը նա միշտ կստանա,Նրա ջրի պաշարը երբեք չի վերջանա»:+
17 Ո՛վ իմ ժողովուրդ, աչքերդ կտեսնեն թագավորին իր վայելչությամբ,Կտեսնեն հեռավոր երկիրը:
18 Դու կվերհիշես այն սարսափելի ժամանակները* և կասես.
«Ո՞ւր է հաշվետարը,Ո՞ւր է տուրքը կշռողն ու վճարողը,+Ո՞ւր է աշտարակները հաշվողը»:
19 Դու այլևս չես տեսնի հանդուգն ժողովրդին,Այն ժողովրդին, որը խոսում է քեզ համար անհասկանալի լեզվով,Որի կակազոց հիշեցնող խոսվածքը հասկանալ չես կարող:+
20 Նայի՛ր Սիոնին՝ մեր տոնախմբությունների քաղաքին:+
Դու քո աչքով կտեսնես, որ Երուսաղեմը անդորրավետ բնակավայր է՝Մի վրան, որը երբեք չի տեղաշարժվի,+Դրա ցցերը տեղից չեն հանվի,Եվ դրա պարաններից ոչ մեկը չի կտրվի:
21 Այնտեղ Մեծափառը՝ Եհովան, կպաշտպանի մեզՔաղաքը պաշտպանող գետերի ու լայն ջրուղիների պես.
Դրանցով ոչ մի ռազմական նավատորմ չի կարողանա անցնել,Ոչ մի փառահեղ նավ այնտեղ չի կարողանա նավարկել:
22 Եհովան մեր Դատավորն է,+Եհովան մեր Օրենսդիրն է,+Եհովան մեր Թագավորն է,+Մեզ փրկողը Նա է:+
23 Թշնամիների պարանները կթուլանան,Դրանք չեն կարողանա ամուր պահել կայմը և բացել առագաստը:
Այդժամ նրանցից վերցված մեծ ավարը մեջ-մեջ կարվի,Նույնիսկ կաղերին մեծ բաժին կհասնի:+
24 Երկրում բնակվող ոչ մի մարդ չի ասի. «Ես հիվանդ եմ»:+
Այնտեղ ապրող ժողովրդի հանցանքը ներված կլինի:+
Ծանոթագրություններ
^ Խոսքը Ասորեստանի մասին է:
^ Կամ՝ «զորությամբ»:
^ Բռց.՝ «ժամանակներում»:
^ Բռց.՝ «Դա նրա գանձն է»:
^ Ըստ ամենայնի, Հուդայի:
^ Կամ հնարավոր է՝ «ցամաքում է»:
^ Կամ՝ «Դու կխորհրդածես այն սարսափելի ժամանակների մասին»: