Եսայիա 7։1-25

  • Պատգամ՝ Աքազ թագավորին (1-9)

    • Սեար-Հասուբ (3)

  • Նշան կտրվի. կծնվի Էմմանուելը (10-17)

  • Անհավատարմության հետևանքները (18-25)

7  Հուդայի թագավոր Աքազի՝+ Օզիայի որդի Հովաթամի որդու օրոք Ասորիքի թագավոր Ռասինը և Իսրայելի թագավոր Փակեեն՝+ Ռոմելիայի որդին, պատերազմի դուրս եկան Երուսաղեմի դեմ, բայց չկարողացան* նվաճել այն:+  Դավթի արքայական տոհմին տեղեկացրին. «Ասորիքն ու Եփրեմը միավորել են իրենց ուժերը»: Աքազի և նրա ժողովրդի սիրտը սկսեց դողալ վախից, ինչպես անտառի ծառերն են դողում քամուց:  Այդ ժամանակ Եհովան ասաց Եսայիային. «Խնդրում եմ, որդուդ՝ Սեար-Հասուբի*+ հետ գնա ու հանդիպիր Աքազին վերին ավազանի ջրատարի ծայրամասում,+ որը լվացարարների դաշտ տանող գլխավոր ճանապարհի կողքն է:  Նրան ասա. «Տես, չանհանգստանաս: Մի՛ վախեցիր, թող սիրտդ չզարհուրի այդ երկու ծխացող կոճղափայտերի՝ Ասորիքի թագավոր Ռասինի և Ռոմելիայի որդու+ կատաղի բարկությունից:  Մի՛ վախեցիր, որ Ասորիքն ու Եփրեմը և Ռոմելիայի որդին դավ են նյութել քո դեմ՝ ասելով.  «Եկեք Հուդայի դեմ դուրս գանք, պատառ-պատառ անենք* ու նվաճենք այն* և եկեք մեզ համար ուրիշ թագավոր նշանակենք այնտեղ՝ Տաբեելի որդուն»:+   Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Դա չի հաջողվի,Նման բան չի լինի:   Ասորիքի գլխավոր քաղաքը Դամասկոսն է,Դամասկոսի գլուխն էլ Ռասինն է: Չանցած 65 տարի՝ Եփրեմն իսպառ կջախջախվի,Ժողովուրդ լինելուց կդադարի:+   Եփրեմի գլխավոր քաղաքը Սամարիան է,+Սամարիայի գլուխն էլ Ռոմելիայի որդին է:+ Եթե ամուր հավատ չունենաք,Հաստատուն չեք մնա»»»: 10  Եհովան շարունակեց խոսել Աքազի հետ՝ ասելով. 11  «Քո Աստծուց՝ Եհովայից, նշան խնդրիր՝+ լինի դա գերեզմանի* խորքերում եղող մի բան, թե երկնքի բարձունքներում»: 12  Բայց Աքազն ասաց. «Ես ոչինչ էլ չեմ խնդրի, Եհովային չեմ փորձի»: 13  Այդ ժամանակ Եսայիան ասաց. «Լսիր, խնդրեմ, ո՛վ Դավթի տուն: Հերիք չէ՝ մարդկանց համբերությունն եք փորձում, հիմա էլ ուզում եք Աստծո՞ւ համբերությունը փորձել:+ 14  Եհովան ինքը ձեզ նշան կտա. ահա երիտասարդ կինը* կհղիանա, մի որդի կծնի+ և նրա անունը Էմմանուել* կդնի:+ 15  Տղան կարագ ու մեղր կուտի, մինչև որ գա ժամանակը, երբ կհասկանա՝ ինչպես մերժել չարը և ընտրել բարին: 16  Նախքան նա կհասկանա՝ ինչպես մերժել չարը և ընտրել բարին, քեզ սարսափի մեջ գցող այդ երկու թագավորների երկրները ամբողջովին կամայանան:+ 17  Եհովան քո, քո ժողովրդի և քո հոր տան վրա այնպիսի օրեր կբերի, ինչպիսիք չեն եղել այն ժամանակվանից ի վեր, երբ Եփրեմը առանձնացավ Հուդայից:+ Նա ձեզ վրա Ասորեստանի թագավորին կբերի:+ 18  Այդ օրը Եհովան սուլելով կկանչի Եգիպտոսի ճանճերին Նեղոսի հեռավոր վտակներից, կկանչի նաև Ասորեստանի մեղուներին: 19  Նրանք բոլորը կգան ու կնստեն զառիվայր հովիտներում, ապառաժների խոռոչներում, բոլոր մացառուտներում և բոլոր ջրատեղերում:* 20  Այդ օրը Եհովան Եփրատի* շրջանից վարձված ածելիի՝ Ասորեստանի թագավորի+ միջոցով կսափրի ձեր գլուխն ու ոտքերի մազերը և մորուքն էլ կխուզի: 21  Այդ օրը ամեն մարդ նախրից ողջ կթողնի մի մատղաշ կով ու երկու ոչխար: 22  Եվ կաթն այնքան շատ կլինի, որ նա կարագ կուտի: Երկրում մնացած բոլոր մարդիկ կարագ ու մեղր կուտեն: 23  Բոլոր այն տեղերում, որտեղ առաջ 1 000 խաղողենի կար՝ 1 000 կտոր արծաթ արժողության, այդ օրը միայն փշաթփեր ու մոլախոտեր կլինեն: 24  Մարդիկ վախից* նետ ու աղեղով կգնան այնտեղ, որովհետև ամբողջ երկիրը փշաթփերով ու մոլախոտերով ծածկված կլինի: 25  Բոլոր այն սարալանջերը, որ առաջ մաքրվում էին քաղհանիչով, պատված կլինեն փշաթփերով ու մոլախոտերով, այնպես որ դուք չեք համարձակվի մոտ գնալ դրանց: Դրանք ցլերի համար արածելու տեղ կդառնան և ոչխարների ոտքերի տակ կկոխկրտվեն»:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «չկարողացավ»:
Նշանակում է «միայն մնացորդ (մնացածները) կվերադառնա»:
Կամ հնարավոր է՝ «ահաբեկենք»:
Կամ՝ «դրա պարսպի մեջ ճեղք բացենք»: Բռց.՝ «ճեղքենք բացենք այն»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «օրիորդը»:
Նշանակում է «մեզ հետ Աստված է»:
Կամ՝ «բոլոր արոտավայրերում»:
Բռց.՝ «Գետի»:
Հնարավոր է՝ խոսքը վայրի կենդանիների հանդեպ վախի մասին է: