Եսթեր 2։1-23
2 Որոշ ժամանակ անց, երբ Ասուերոս+ թագավորի բարկությունն արդեն հանդարտվել էր, նա նորից անդրադարձավ Վաշթիի արածին+ ու նրա դեմ կայացված որոշմանը:+
2 Այդ ժամանակ թագավորի անձնական սպասավորները ասացին նրան. «Հարկավոր է թագավորի համար փնտրել երիտասարդ, գեղեցիկ կույսերի:
3 Թող թագավորը հանձնակատարներ նշանակի իր տերության բոլոր մարզերում,+ որ հավաքեն բոլոր երիտասարդ, գեղեցիկ կույսերին ու բերեն Շուշանի ամրոց: Թող նրանք մնան հարեմում՝* թագավորի ներքինի* ու կանանց պահապան Հեգեի+ հոգածության տակ, և գեղեցկության խնամք* ստանան:
4 Այն օրիորդը, որն ամենաշատը դուր կգա թագավորին, կփոխարինի Վաշթիին ու կդառնա թագուհի»:+ Առաջարկը դուր եկավ թագավորին, և նա հենց այդպես էլ արեց:
5 Շուշանի+ ամրոցում ծառայում էր Մուրթքե+ անունով մի հրեա, որը Բենիամինյան+ Կիսի որդի Սեմեիի որդի Հայիրի որդին էր:
6 Նա* այն մարդկանց թվում էր, ովքեր Հուդայի թագավոր Հեքոնիայի*+ հետ միասին Երուսաղեմից գերեվարվել էին Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի կողմից:
7 Մուրթքեն իր հորեղբոր աղջկա՝ Ադասսայի՝* Եսթերի խնամակալն էր,+ քանի որ նա ո՛չ հայր ուներ, ո՛չ մայր: Եսթերի հոր ու մոր մահից հետո Մուրթքեն որդեգրել էր նրան: Աղջիկը բարեկազմ էր ու հմայիչ:
8 Երբ հայտարարվեց թագավորի հրամանն ու օրենքը, շատ երիտասարդ աղջիկների հավաքեցին Շուշանի ամրոցում՝ թագավորի պալատում,* և հանձնեցին Հեգեի հոգածությանը:+ Նրանց թվում էր նաև Եսթերը:
9 Աղջիկը դուր եկավ Հեգեին և արժանացավ նրա բարեհաճությանը,* ուստի Հեգեն շտապ միջոցներ ձեռնարկեց, որ նա գեղեցկության խնամք* ստանա,+ հոգ տարավ նրա սննդակարգի մասին և թագավորի պալատից յոթ սպասուհիների նշանակեց, որ ծառայեն նրան: Հեգեն Եսթերին ու նրա սպասուհիներին տեղափոխեց հարեմի ամենալավ տեղը:
10 Եսթերը ոչ ոքի ոչինչ չասաց իր ժողովրդի+ և ազգականների մասին, քանի որ Մուրթքեն+ այդպես էր պատվիրել:+
11 Ամեն օր Մուրթքեն գնում-գալիս էր հարեմի նախամուտքի առջևով, որ իմանա, թե ինչպես է Եսթերը, ինչ տեղեկություն կա նրա մասին:
12 Նշանակված 12-ամսյա խնամքը ստանալուց հետո յուրաքանչյուր աղջիկ սահմանված հերթակարգով ներկայանում էր Ասուերոս թագավորին: Նրանց գեղեցկության խնամքը ներառում էր վեցամսյա մերսումներ զմուռսի յուղով+ ու վեցամսյա մերսումներ բալասանի յուղով+ և այլ քսուքներով:
13 Այդ ամենից հետո երիտասարդ աղջիկը պատրաստ էր ներկայանալու թագավորին: Հարեմից թագավորի պալատ գնալիս նրան տալիս էին, ինչ էլ որ խնդրեր:
14 Երեկոյան նա մտնում էր թագավորի մոտ, իսկ առավոտյան գնում էր երկրորդ հարեմ,* որը գտնվում էր թագավորի ներքինի+ և հարճերի պահապան Սաասգազի հոգածության տակ: Աղջիկն այլևս չէր գնում թագավորի մոտ. կգնար միայն այն դեպքում, եթե արժանանար թագավորի հատուկ համակրանքին, և թագավորը անվանապես կանչեր նրան:+
15 Երբ թագավորին ներկայանալու հերթը հասավ Մուրթքեի հորեղբոր աղջկան՝ Աբիհայիլի դուստր Եսթերին, որին Մուրթքեն որդեգրել էր,+ նա խնդրեց միայն այն, ինչ խորհուրդ էր տվել թագավորի ներքինի և կանանց պահապան Հեգեն: (Այդ ողջ ընթացքում Եսթերը շահել էր բոլոր իրեն տեսնողների համակրանքը):
16 Ասուերոս թագավորի իշխանության յոթերորդ տարվա+ տասներորդ ամիսն էր՝ թեբեթ* ամիսը, երբ Եսթերին տարան թագավորի մոտ՝ պալատ:
17 Թագավորը Եսթերին իր բոլոր կանանցից շատ սիրեց, և Եսթերն արժանացավ նրա համակրանքին ու բարեհաճությանը* առավել, քան մյուս բոլոր կույսերը: Թագավորը նրա գլխին դրեց արքայական գլխադիրը* և նրան թագուհի+ դարձրեց Վաշթիի+ փոխարեն:
18 Դրանից հետո թագավորը Եսթերի պատվին մեծ խնջույք արեց՝ հրավիրելով իր բոլոր իշխաններին ու ծառաներին: Այնուհետև նա համաներում* հայտարարեց բոլոր մարզերում և արքայավայել առատաձեռնությամբ նվերներ բաժանեց:
19 Երբ երկրորդ անգամ կույսերի*+ հավաքեցին, Մուրթքեն նստած էր իր տեղում՝* պալատի դարպասի մոտ:
20 (Եսթերը ոչ ոքի ոչինչ չէր ասում իր ժողովրդի և ազգականների մասին,+ ինչպես որ Մուրթքեն պատվիրել էր: Նա շարունակում էր անել Մուրթքեի ասածները, ինչպես առաջ էր անում, երբ նրա խնամակալության տակ էր):+
21 Այդ օրերին, երբ Մուրթքեն իր տեղում էր՝ պալատի դարպասի մոտ, թագավորի պալատականներից երկուսը՝ դռնապաններ Բիգթանն ու Թարեսը, բարկությամբ լցված, ծրագրեցին սպանել Ասուերոս թագավորին:
22 Բայց Մուրթքեն իմացավ այդ մասին և անմիջապես հայտնեց Եսթեր թագուհուն: Եսթերն էլ Մուրթքեի անունից խոսեց թագավորի հետ:
23 Գործը քննվեց, ու երբ ամեն ինչ հաստատվեց, այդ երկուսին սյունից կախեցին: Այս ամենը թագավորի ներկայությամբ գրի առնվեց այդ ժամանակների պատմության գրքում:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «կանանց տանը»:
^ Կամ՝ «մերսումներ»:
^ Կարող է վերաբերել Կիսին կամ Մուրթքեին:
^ Նշանակում է «մրտենի»:
^ Բռց.՝ «տանը»:
^ Կամ՝ «մերսումներ»:
^ Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
^ Բռց.՝ «կանանց երկրորդ տուն»:
^ Տես հավելված Բ15:
^ Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
^ Կամ՝ «գլխափաթթոցը»:
^ Սա կարող է վերաբերել հարկերից, զինծառայությունից կամ բանտից ազատելուն կամ էլ այս բոլորին:
^ Կամ՝ «երիտասարդ աղջիկների»:
^ Ըստ ամենայնի, որպես պալատական ծառայող: