Եսթեր 3։1-15
3 Որոշ ժամանակ անց Ասուերոս թագավորը բարձրացրեց Ագագյան+ Ամադաթայի որդի Համանի+ պաշտոնը և նրան պատվի արժանացրեց՝ մյուս բոլոր իշխանների դիրքից ավելի բարձր դիրք* շնորհելով:+
2 Թագավորի բոլոր ծառաները, որոնք ծառայում էին պալատի դարպասի մոտ, ծնկի էին գալիս ու մինչև գետին խոնարհվում Համանի առաջ, քանի որ թագավորն այդպես էր հրամայել: Սակայն Մուրթքեն ո՛չ ծնկի էր գալիս, ո՛չ էլ խոնարհվում էր:
3 Ուստի թագավորի ծառաները՝ պալատի դարպասի մոտ ծառայողները, ասացին Մուրթքեին. «Ինչո՞ւ չես ենթարկվում թագավորի հրամանին»:
4 Նրանք ամեն օր նույն բանն էին ասում, բայց Մուրթքեն չէր լսում նրանց՝ ասելով, որ ինքը հրեա է:+ Նրանք այդ մասին տեղեկացրին Համանին, որ պարզեն, թե արդյոք Մուրթքեի պահվածքը հանդուրժելի է:+
5 Տեսնելով, որ Մուրթքեն ծնկի չի գալիս ու չի խոնարհվում իր առաջ՝ Համանը ցասումով լցվեց:+
6 Նրան ասել էին, թե Մուրթքեն որ ազգից է, ուստի նա համարեց, որ միայն Մուրթքեին սպանելը քիչ է, ու ծրագրեց ոչնչացնել Մուրթքեի ողջ ժողովրդին՝ Ասուերոսի տերության մեջ ապրող բոլոր հրեաներին:
7 Ասուերոս թագավորի իշխանության 12-րդ տարվա+ առաջին ամսում՝ նիսան* ամսում, Համանը պատվիրեց, որ իր առաջ փուր+ (այսինքն՝ վիճակ*) գցվի ամիսն ու օրը որոշելու համար, և այն ընկավ 12-րդ ամսվա՝ ադար* ամսվա վրա:+
8 Այնուհետև Համանն ասաց Ասուերոս թագավորին. «Քո տերության բոլոր մարզերի+ ժողովուրդների մեջ ցիրուցան+ եղած մի ժողովուրդ կա, որի օրենքները տարբերվում են մյուս բոլոր ժողովուրդների օրենքներից, և որը չի ենթարկվում թագավորի օրենքներին: Այդ ժողովրդին հանդուրժելը թագավորի շահերից չի բխում:
9 Ուստի եթե թագավորը համաձայն է, թող հրամանագիր արձակվի, որ այդ ժողովուրդը բնաջինջ արվի: Իսկ ես թագավորի պաշտոնյաներին 10 000 տաղանդ* արծաթ կտամ, որ մուծեն թագավորի գանձարան»:*
10 Թագավորը մատից* հանեց իր կնքամատանին+ ու տվեց Ագագյան+ Ամադաթայի որդի Համանին՝+ հրեաների թշնամուն:
11 Ապա ասաց. «Ժողովրդին էլ, արծաթն* էլ քո ձեռքն եմ հանձնում. արա, ինչ ուզում ես»:
12 Եվ այսպես՝ առաջին ամսվա 13-րդ օրը թագավորի գրագիրները*+ կանչվեցին և յուրաքանչյուր մարզի ու ժողովրդի լեզվով ու գրով գրի առան+ Համանի հրամանը՝ ուղղված սատրապներին,* մարզերի կառավարիչներին և տարբեր ժողովուրդների իշխաններին: Այն գրվեց Ասուերոս թագավորի անունից ու կնքվեց թագավորի կնքամատանիով:+
13 Սուրհանդակների միջոցով թագավորի իշխանության տակ եղող բոլոր մարզեր նամակներ ուղարկվեցին, որոնցում գրված էր այդ հրամանը՝ մեկ օրում՝ 12-րդ ամսվա՝ ադար ամսվա 13-րդ օրը,+ սպանել, կոտորել ու բնաջնջել բոլոր հրեաներին՝ թե՛ երիտասարդներին և թե՛ ծերերին, թե՛ կանանց և թե՛ երեխաներին, ու բռնագրավել նրանց ունեցվածքը:+
14 Նամակներում գրվածը պետք է օրենք դառնար մարզերում ու ազդարարվեր բոլոր ժողովուրդներին, որ բոլորը պատրաստ լինեին այդ օրվան:
15 Թագավորի հրամանով սուրհանդակներն իսկույն ճամփա ընկան:+ Օրենքը հրապարակվեց նաև Շուշանի+ ամրոցում: Թագավորն ու Համանը նստեցին խմելու, իսկ Շուշան քաղաքն իրարանցման մեջ էր:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «գահ»:
^ Տես հավելված Բ15:
^ Տես հավելված Բ15:
^ Մոտ 342 տ: Տես հավելված Բ14:
^ Կամ հնարավոր է՝ «Իսկ ես 10 000 տաղանդ կմուծեմ թագավորի գանձարան այդ գործն իրականացնողների համար»:
^ Բռց.՝ «ձեռքից»:
^ Հնարավոր է՝ խոսքը այն արծաթի մասին է, որ Համանը ավար էր վերցնելու հրեաներից:
^ Կամ՝ «քարտուղարները»: