Երեմիա 29։1-32

  • Երեմիայի նամակը՝ Բաբելոն գերեվարվածներին (1-23)

    • Իսրայելը 70 տարի հետո հետ է դառնալու (10)

  • Խոսք՝ ուղղված Սեմայիային (24-32)

29  Սա է այն նամակը, որ Երեմիա մարգարեն Երուսաղեմից ուղարկեց գերեվարված ժողովրդի մեջ եղած երեցներին, ինչպես նաև քահանաներին, մարգարեներին ու ամբողջ ժողովրդին, որոնց Նաբուգոդոնոսորը Երուսաղեմից գերի էր տարել Բաբելոն:  Նա ուղարկեց նամակը այն բանից հետո, երբ Հեքոնիա+ թագավորը, մայր թագուհին,+ պալատականները, Հուդայի և Երուսաղեմի իշխանները, ինչպես նաև արհեստավորներն ու դարբինները* դուրս եկան Երուսաղեմից:+  Երեմիան այն փոխանցեց Սաֆանի+ որդի Ելասայի և Քեղկիայի որդի Գամարիայի միջոցով, որոնց Հուդայի Սեդեկիա+ թագավորը ուղարկեց Բաբելոն՝ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի մոտ: Նամակում ասվում էր.  «Ահա թե Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ինչ է ասում բոլոր գերիներին, որոնց նա Երուսաղեմից գերեվարել տվեց Բաբելոն.  «Տներ կառուցեք ու ապրեք դրանցում, այգիներ տնկեք ու կերեք դրանց պտուղը:  Կին առեք և որդիներ ու աղջիկներ ունեցեք, ձեր որդիներին ու աղջիկներին ամուսնացրեք, որպեսզի նրանք էլ որդիներ ու աղջիկներ ունենան: Շատացեք այնտեղ, և թող ձեր թիվը չնվազի:  Նպաստեք այն քաղաքի խաղաղությանը, ուր ձեզ գերության եմ ուղարկել, և դրա համար Եհովային աղոթեք, որովհետև եթե այնտեղ խաղաղություն լինի, ձեզ համար էլ խաղաղություն կլինի:+  Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Թույլ մի՛ տվեք, որ ձեր մեջ եղող մարգարեներն ու գուշակները խաբեն ձեզ,+ և մի՛ լսեք նրանց, ովքեր պատմում են իրենց տեսած երազները,  որովհետև Եհովան ասում է. «Նրանք իմ անունով սուտ բաներ են մարգարեանում ձեզ համար: Ես նրանց չեմ ուղարկել»»»:+ 10  Սա է ասում Եհովան. «Երբ Բաբելոնում ձեր գերության 70 տարին լրանա, ես ուշադրություն կդարձնեմ ձեզ+ և կիրագործեմ իմ խոստումը. ձեզ այս վայրը կվերադարձնեմ:+ 11  Ես լավ գիտեմ, թե ինչ եմ մտադրել ձեզ համար,– ասում է Եհովան:– Խաղաղություն եմ մտադրել, ոչ թե աղետ,+ որպեսզի ձեզ լավ ապագա և հույս տամ:+ 12  Դուք կկանչեք ինձ, կգաք ու կաղոթեք, ու ես կլսեմ ձեզ:+ 13  Դուք հետ կդառնաք ինձ մոտ ու կերկրպագեք ինձ,+ որովհետև ձեր ամբողջ սրտով իմ առաջնորդությունը կփնտրեք:+ 14  Ես կընդունեմ ձեր երկրպագությունը,+– ասում է Եհովան:– Կհավաքեմ ձեզ՝ գերիներիդ, կհավաքեմ բոլոր ազգերից ու այն վայրերից, ուր ցրել եմ ձեզ,+ և հետ կբերեմ այնտեղ, որտեղից գերեվարել տվեցի,– ասում է Եհովան:+ 15  Բայց դուք ասում եք. «Եհովան մեզ մարգարեներ է տվել Բաբելոնում»: 16  Սա է ասում Եհովան Դավթի գահին նստած թագավորին,+ ողջ ժողովրդին, որ բնակվում է այս քաղաքում, և ձեր եղբայրներին, որոնք ձեզ հետ գերության չգնացին. 17  «Զորքերի տեր Եհովան ասում է. «Ես նրանց դեմ սուր, սով և համաճարակ* եմ ուղարկում:+ Նրանց կդարձնեմ փտած* թզերի պես, որոնք հնարավոր չէ ուտել:+ 18  Նրանց կհետապնդեմ սրով,+ սովով ու համաճարակով և այնպես կանեմ, որ երկրի բոլոր թագավորությունները, իմանալով նրանց մասին, սարսափեն,+ նրանց անիծեն ու ապշահար լինեն: Նրանց ծաղրի*+ ու նախատինքի առարկա կդարձնեմ այն բոլոր ազգերի մեջ, ուր ցիրուցան եմ անելու,+ 19  որովհետև չլսեցին իմ խոսքերը,– ասում է Եհովան,– երբ նրանց մոտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարեներին, երբ նորից ու նորից ուղարկեցի* նրանց»»:+ Բայց դուք* չլսեցիք,+– ասում է Եհովան:– 20  Լսեք Եհովայի խոսքը, դո՛ւք, բոլոր գերինե՛ր, որոնց Երուսաղեմից Բաբելոն ուղարկեցի: 21  Ահա թե Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ինչ է ասում Կոլայիայի որդի Աքաաբի և Մաասիայի որդի Սեդեկիայի մասին, որոնք իմ անունով սուտ բաներ են մարգարեանում.+ «Ես նրանց Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի ձեռքն եմ տալու, և նա ձեր աչքի առաջ սպանելու է նրանց: 22  Նրանց պատահածից հետո Բաբելոնում եղող Հուդայի բոլոր գերիները այս անեծքը կսկսեն տալ՝ «Թող Եհովան քեզ հետ վարվի այնպես, ինչպես վարվեց Սեդեկիայի և Աքաաբի հետ, որոնց Բաբելոնի թագավորը կրակի մեջ խորովեց», 23  որովհետև նրանք ամոթալի վարք են դրսևորում Իսրայելում՝+ անբարոյություն են գործում իրենց դրացիների կանանց հետ և իմ անունով սուտ բաներ են խոսում՝ ասում են այն, ինչը նրանց չեմ պատվիրել:+ Ես գիտեմ դա ու վկա եմ,+– ասում է Եհովան»»: 24  Իսկ նեհելամացի Սեմայիային+ ասա. 25  «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Քո անունից դու Երուսաղեմում եղող ողջ ժողովրդին, Մաասիայի որդի Սոփոնիա+ քահանային և բոլոր քահանաներին նամակներ ես ուղարկել, որոնցում գրված էր. 26  «Եհովան քեզ քահանա է նշանակել Հովիադա քահանայի փոխարեն, որպեսզի դու Եհովայի տանը վերակացու լինես և հսկես ու ամեն խելացնոր մարդու, ով իրեն մարգարեի պես է պահում, կոճղերի* մեջ դնես:+ 27  Ուրեմն ինչո՞ւ անաթոթցի+ Երեմիային չես սաստել այն բանի համար, որ ձեր մեջ իրեն մարգարեի պես է պահում:+ 28  Նա նույնիսկ մեզ նամակ է ուղարկել Բաբելոն՝ ասելով. «Դա երկար է տևելու. տներ կառուցեք ու ապրեք դրանցում, այգիներ տնկեք ու կերեք դրանց պտուղը...»»»»»:+ 29  Երբ Սոփոնիա+ քահանան այս նամակը կարդաց Երեմիա մարգարեի ներկայությամբ, 30  Եհովան խոսեց Երեմիայի հետ՝ ասելով. 31  «Լուր ուղարկիր գերեվարված ողջ ժողովրդին ու ասա. «Նեհելամացի Սեմայիայի մասին Եհովան ասում է. «Քանի որ Սեմայիան ձեզ համար մարգարեացավ, թեպետ ես նրան չէի ուղարկել, և փորձեց ստիպել ձեզ ստի հավատալ,+ 32  դրա համար Եհովան ասում է. «Ես պատժելու եմ նեհելամացի Սեմայիային և նրա սերունդներին: Այս ժողովրդի մեջ նրա սերնդից ոչ մեկը չի մնալու, և նա չի տեսնելու այն բարիքը, որ անելու եմ իմ ժողովրդի համար,– ասում է Եհովան,– որովհետև նա ըմբոստություն հրահրեց Եհովայի դեմ»»»»:

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «պաշտպանական կառույցների շինարարները»:
Կամ հնարավոր է՝ «ճաքած»:
Կամ՝ «հիվանդություն»:
Բռց.՝ «սուլելու»:
Բռց.՝ «վաղ վեր էի կենում և ուղարկում»:
Խոսքը գերության մեջ եղող մարդկանց մասին է:
Բառարանում տես «Կոճղ»: