Երեմիա 34։1-22
34 Ահա թե Եհովան ինչ ասաց Երեմիային, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը, նրա ողջ զորքն ու նրա տիրապետության տակ եղող թագավորությունները, ինչպես նաև բոլոր ժողովուրդները պատերազմում էին Երուսաղեմի ու դրա շրջակա քաղաքների դեմ.+
2 «Սա է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Գնա և խոսիր Հուդայի Սեդեկիա+ թագավորի հետ և ասա. «Եհովան ասում է. «Այս քաղաքը Բաբելոնի թագավորի ձեռքն եմ մատնելու, և նա կայրի այն:+
3 Դու նրանից չես ազատվի, որովհետև անպայման կբռնվես ու նրա ձեռքը կտրվես:+ Դեմ առ դեմ կխոսես Բաբելոնի թագավորի հետ՝ նայելով նրա աչքերին, և կգնաս Բաբելոն»:+
4 Սակայն լսիր Եհովայի խոսքը, ո՛վ Հուդայի թագավոր Սեդեկիա: Քո մասին Եհովան ասում է. «Դու սրով չես մեռնելու,
5 խաղաղության մեջ ես մեռնելու:+ Երբ քեզ թաղեն, քո պատվին անուշահոտություններ կայրեն, ինչպես որ քեզանից առաջ եղած թագավորների՝ քո հայրերի պատվին են այրել: Եվ քեզ համար կողբան ու կասեն՝ «Ա՜խ, ո՛վ տեր», որովհետև Եհովան ասում է. «Ես եմ ասել դա»»»»»:
6 Երուսաղեմում Երեմիա մարգարեն Հուդայի Սեդեկիա թագավորին հայտնեց այս բոլոր խոսքերը,
7 երբ Բաբելոնի թագավորի զորքերը կռվում էին Երուսաղեմի և Հուդայի չնվաճված քաղաքների՝+ Լաքիսի+ և Ազեկայի+ դեմ. Հուդայի քաղաքների մեջ միայն այս ամրացված քաղաքները չէին գրավվել:
8 Եհովան խոսեց Երեմիայի հետ այն բանից հետո, երբ Սեդեկիա թագավորը Երուսաղեմում եղող ժողովրդի հետ ստրուկներին ազատ արձակելու մասին ուխտ կապեց,+
9 որ ամեն մեկը ազատ արձակի իր եբրայեցի ստրուկներին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, որպեսզի ոչ մի հրեա իր եղբորը այլևս որպես ստրուկ չպահի:
10 Եվ բոլոր իշխաններն ու ողջ ժողովուրդը հնազանդվեցին: Նրանք ուխտի մեջ մտան, համաձայն որի՝ ամեն մեկն իր ստրուկներին ու ստրկուհիներին պետք է ազատ արձակեր և այլևս ստրկության մեջ չպահեր: Նրանք հնազանդվեցին ու ազատ արձակեցին նրանց:
11 Սակայն հետո ազատ արձակած ստրուկներին ու ստրկուհիներին հետ բերեցին՝ ստիպելով նորից իրենց ստրուկները լինել:
12 Այդ ժամանակ Եհովան խոսեց Երեմիայի հետ: Եհովան ասաց.
13 «Սա է ասում Իսրայելի Աստված Եհովան. «Ես ուխտ կնքեցի ձեր նախահայրերի հետ+ այն օրը, երբ նրանց հանեցի Եգիպտոսից՝ ձեր ստրկության երկրից,+ և ասացի.
14 «Յոթերորդ տարում* ձեզանից յուրաքանչյուրը պետք է ազատ արձակի իր եբրայեցի եղբորը, ում գնել է, և ով վեց տարի ծառայել է իրեն: Դուք նրանց պիտի ազատ արձակեք»:+ Բայց ձեր նախահայրերը չլսեցին ինձ և ուշադրություն չդարձրին իմ ասածներին:
15 Վերջերս* դուք ուղղվեցիք ու արեցիք այն, ինչը ճիշտ է իմ աչքում՝ ձեր ազգակիցներին ազատ արձակեցիք և իմ անունը կրող տանը իմ առաջ ուխտ կնքեցիք,
16 սակայն հետո մտափոխվեցիք ու պղծեցիք իմ անունը՝+ հետ բերելով ձեր ստրուկներին ու ստրկուհիներին, որոնց ազատ էիք արձակել՝ թողնելով, որ գնան ուր ուզում են, և ստիպեցիք նրանց նորից ձեր ստրուկները դառնալ»:
17 Դրա համար Եհովան ասում է. «Դուք չհնազանդվեցիք ինձ և ձեր եղբայրներին ու ազգակիցներին ազատություն չտվեցիք:+ Ուստի այժմ ես այսպիսի ազատություն եմ տալիս ձեզ,– ասում է Եհովան,– դուք կմեռնեք սրից, համաճարակից* ու սովից:+ Ես այնպես կանեմ, որ իմանալով ձեզ պատահածի մասին՝ երկրի բոլոր թագավորությունները սարսափահար լինեն:+
18 Այն մարդկանց, որոնք դրժեցին իմ ուխտը ու չկատարեցին այդ ուխտի խոսքերը, որ կապել էին իմ առաջ՝ հորթը երկու մասի բաժանելով ու դրա երկու կտորների մեջտեղով անցնելով,+
19 այսինքն՝ Հուդայի իշխաններին ու Երուսաղեմի իշխաններին, պալատականներին, քահանաներին և այս երկրի ողջ ժողովրդին, որոնք անցան հորթի երկու կտորների մեջտեղով,
20 կմատնեմ իրենց թշնամիների և իրենց սպանել ցանկացողների ձեռքը: Նրանց մարմինները կերակուր կդառնան թռչունների ու գազանների համար:+
21 Հուդայի թագավոր Սեդեկիային ու նրա իշխաններին կհանձնեմ իրենց թշնամիների՝ իրենց սպանել ցանկացողների ձեռքը և Բաբելոնի թագավորի զորքերի ձեռքը,+ որոնք հիմա նահանջում են:+
22 Ես հրաման կտամ,– ասում է Եհովան,– և նրանց նորից այս քաղաք կվերադարձնեմ: Նրանք կկռվեն քաղաքի դեմ, կգրավեն այն ու կայրեն:+ Հուդայի քաղաքները ամայի ու անբնակ կդարձնեմ»»:+