Երեմիա 36։1-32
36 Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի+ իշխանության չորրորդ տարում Եհովան խոսեց Երեմիայի հետ՝ ասելով.
2 «Մի գլանաձև գիրք վերցրու և դրա մեջ գրիր այն բոլոր դատաստանական խոսքերը, որ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի+ և բոլոր ազգերի մասին՝+ սկսած այն օրից, երբ Հովսիայի իշխանության օրոք առաջին անգամ խոսեցի քեզ հետ, մինչև այսօր:+
3 Հուդայի բնակիչները, լսելով, թե ինչ աղետ եմ մտադրվել բերել նրանց վրա, գուցե թողնեն իրենց բռնած չար ուղին, և ես կներեմ նրանց հանցանքն ու մեղքը»:+
4 Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին+ և թելադրեց այն բոլոր խոսքերը, որ Եհովան ասել էր իրեն, և Բարուքը գրքում գրի առավ դրանք:+
5 Դրանից հետո Երեմիան այս պատվերը տվեց Բարուքին՝ ասելով. «Ինձ արգելել են Եհովայի տուն մտնել:
6 Ուստի գնա ու այս գրքից բարձրաձայն կարդա Եհովայի խոսքերը, որ գրի առար իմ թելադրանքով: Եհովայի տանը ծոմապահության օրը դրանք բարձրաձայն կարդա ժողովրդի, այդ թվում՝ իրենց քաղաքներից եկող Հուդայի բոլոր բնակիչների համար:
7 Թերևս Եհովայի բարեհաճությունն ունենալու համար արված նրանց աղերսանքը հասնի նրան, և նրանք թողնեն իրենց բռնած չար ուղին, որովհետև Եհովան զգուշացրել է, որ այս ժողովրդի վրա թափելու է իր մեծ բարկությունն ու ցասումը»:
8 Ներիայի որդի Բարուքը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Երեմիա մարգարեն իրեն պատվիրել էր. Եհովայի տանը գրքից բարձրաձայն կարդաց Եհովայի խոսքերը:+
9 Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի+ իշխանության հինգերորդ տարում՝ իններորդ ամսին, հայտարարվեց, որ Երուսաղեմի բոլոր բնակիչները և Հուդայի քաղաքներից Երուսաղեմ եկած ողջ ժողովուրդը Եհովայի առաջ ծոմ պահեն:+
10 Բարուքը Եհովայի տանը՝ Սաֆան+ գրագրի* որդի Գամարիայի+ սենյակում,* որը վերին գավիթում է՝ Եհովայի տան նոր դարպասի մուտքի մոտ, ողջ ժողովրդի համար գրքից սկսեց բարձրաձայն կարդալ Երեմիայի խոսքերը:+
11 Երբ Սաֆանի որդի Գամարիայի որդի Միքիան լսեց գրքից ընթերցված Եհովայի բոլոր խոսքերը,
12 գնաց թագավորի պալատ՝ քարտուղարի սենյակ, որտեղ նստած էին բոլոր իշխանները՝* Ելիսամա+ քարտուղարը, Սեմայիայի որդի Դալայիան, Աքբորի+ որդի Ելնաթանը,+ Սաֆանի որդի Գամարիան, Հանանիայի որդի Սեդեկիան և մյուս բոլոր իշխանները:
13 Միքիան հայտնեց նրանց այն բոլոր խոսքերը, որ լսել էր, երբ Բարուքը ժողովրդի ներկայությամբ ընթերցել էր գրքից:
14 Այդ ժամանակ բոլոր իշխանները Բարուքի մոտ ուղարկեցին Քուսիի ծոռ, Սելեմիայի թոռ, Նաթանիայի որդի Հուդիին, որ նրան ասի. «Վերցրու այն գիրքը, որն ընթերցում էիր ժողովրդի ներկայությամբ, և արի»: Ներիայի որդի Բարուքը վերցրեց գիրքն ու գնաց նրանց մոտ:
15 Նրանք ասացին. «Խնդրում ենք, նստիր և կարդա մեզ համար»: Բարուքն էլ կարդաց նրանց համար:
16 Երբ նրանք լսեցին այն ամենը, ինչ Բարուքը կարդաց, վախեցած իրար նայեցին ու ասացին նրան. «Մենք անպայման պիտի հայտնենք թագավորին այս բոլոր խոսքերը»:
17 Եվ Բարուքին հարցրին. «Ասա մեզ, խնդրում ենք, ինչպե՞ս գրի առար այս խոսքերը: Երե՞միան թելադրեց»:
18 Բարուքն էլ պատասխանեց. «Նա ինձ թելադրեց բոլոր խոսքերը, և ես թանաքով գրեցի այս գրքում»:
19 Իշխանները Բարուքին ասացին. «Դու և Երեմիան գնացեք թաքնվեք, և թող ոչ ոք չիմանա, թե որտեղ եք»:+
20 Դրանից հետո նրանք գիրքը տարան դրեցին Ելիսամա քարտուղարի սենյակում, գնացին թագավորի մոտ՝ գավիթ, ու հայտնեցին նրան այն ամենը, ինչ լսել էին:
21 Թագավորը Հուդիին+ ուղարկեց գիրքը բերելու: Նա էլ Ելիսամա քարտուղարի սենյակից գիրքը բերեց ու սկսեց կարդալ թագավորի և նրա կողքին կանգնած բոլոր իշխանների համար:
22 Իններորդ ամիսն էր.* թագավորը նստած էր ձմեռային տանը, և նրա առաջ վառվող կրակարան կար:
23 Երբ Հուդին ընթերցում էր երեք կամ չորս սյունակ, թագավորը դրանք քարտուղարի դանակով կտրում էր և գցում կրակարանի մեջ, մինչև որ ամբողջ գիրքը կրակարանի մեջ հայտնվեց:
24 Ո՛չ թագավորը, ո՛չ էլ նրա ծառաները, ովքեր լսեցին այդ խոսքերը, չվախեցան ու չպատռեցին իրենց հագուստները:
25 Եվ թեպետ Ելնաթանը,+ Դալայիան+ ու Գամարիան+ թագավորին աղաչեցին, որ գիրքը չայրի, բայց նա չլսեց նրանց:
26 Դեռ ավելին՝ թագավորը հրամայեց Հերամելին՝ թագավորի որդուն, ինչպես նաև Եզրիելի որդի Սարայիային ու Աբդեելի որդի Սելեմիային, որ բռնեն Բարուք քարտուղարին և Երեմիա մարգարեին: Սակայն Եհովան թաքցված պահեց նրանց:+
27 Այն բանից հետո, երբ թագավորը այրեց այն գիրքը, որի մեջ Բարուքը գրի էր առել Երեմիայի թելադրած խոսքերը, Եհովան նորից խոսեց Երեմիայի հետ՝+ ասելով.
28 «Մեկ ուրիշ գլանաձև գիրք վերցրու և դրա մեջ գրիր այն նույն խոսքերը, որ առաջին գրքում էին գրված, որը Հուդայի Հովակիմ թագավորն այրեց:+
29 Հուդայի Հովակիմ թագավորի մասին ասա. «Եհովան ասում է. «Դու գիրքն այրեցիր՝ ասելով. «Ինչո՞ւ ես դրա մեջ գրել. «Բաբելոնի թագավորը անպատճառ գալու է և ավերելու է այս երկիրը: Նա ամայացնելու է այն. ո՛չ մարդ է թողնելու, ո՛չ կենդանի»»:+
30 Ուստի սա է ասում Եհովան Հուդայի Հովակիմ թագավորի մասին. «Նրա սերնդից ոչ ոք չի նստի Դավթի գահին,+ իսկ նրա դիակը ցերեկվա շոգին և գիշերվա ցրտին ընկած կմնա գետնին:+
31 Ես հաշիվ կպահանջեմ նրանից, նրա սերնդից և նրա ծառաներից իրենց մեղքերի համար: Ես նրանց, Երուսաղեմի բոլոր բնակիչների և Հուդայի ողջ ժողովրդի վրա կբերեմ այն աղետները, որոնց մասին նախազգուշացնում էի,+ բայց նրանք չէին լսում»»»»:+
32 Եվ Երեմիան մեկ ուրիշ գլանաձև գիրք վերցրեց ու տվեց Ներիայի որդի Բարուք քարտուղարին,+ որը Երեմիայի թելադրանքով դրա մեջ գրի առավ այն գրքի բոլոր խոսքերը, որը Հուդայի Հովակիմ թագավորը այրել էր:+ Այդ գրքում նման շատ խոսքեր էլ ավելացվեցին:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «դպրի»:
^ Կամ՝ «ճաշասենյակում»:
^ Կամ՝ «պալատականները»:
^ Նոյեմբերի երկրորդ կեսը և դեկտեմբերի առաջին կեսը: Տես հավելված Բ15: