Երեմիա 42։1-22
42 Այդ ժամանակ բոլոր զորագլուխները, Կարեի որդի Հոհանանը,+ Օսեիայի որդի Հեզանիան և ամբողջ ժողովուրդը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,*
2 մոտեցան Երեմիա մարգարեին ու ասացին. «Խնդրում ենք, լսիր մեր աղաչանքը և աղոթիր քո Աստված Եհովային մեզ համար՝ այս ողջ ժողովրդի համար, որովհետև շատ էինք, բայց ինչպես տեսնում ես, քիչ ենք մնացել:+
3 Թող քո Աստված Եհովան մեզ ասի, թե որ ճանապարհով գնանք և ինչ անենք»:
4 Երեմիա մարգարեն ասաց նրանց. «Լավ, ես կկատարեմ ձեր խնդրանքն ու կաղոթեմ ձեր Աստված Եհովային: Եվ հետո կհայտնեմ Եհովայի ասած բոլոր խոսքերը: Ոչ մի խոսք ձեզնից չեմ թաքցնի»:
5 Նրանք էլ ասացին Երեմիային. «Թող Եհովան ճշմարիտ ու հավատարիմ վկա լինի և պատժի մեզ, եթե մենք ճշգրտորեն չկատարենք այն, ինչ Եհովան կասի մեզ քո միջոցով:
6 Մեզ դուր գան նրա խոսքերը, թե ոչ, մենք հնազանդվելու ենք մեր Աստված Եհովային, ում մոտ ուղարկում ենք քեզ: Մեզ համար լավ կլինի, քանի որ մենք հնազանդվելու ենք մեր Աստված Եհովային»:
7 Տասը օր հետո Եհովան խոսեց Երեմիայի հետ:
8 Ուստի Երեմիան կանչեց Կարեի որդի Հոհանանին, նրա հետ եղող բոլոր զորագլուխներին և ողջ ժողովրդին՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդկանց,+
9 ու ասաց. «Սա է ասում Իսրայելի Աստված Եհովան, ում մոտ դուք ինձ ուղարկեցիք ձեր աղաչանքը ներկայացնելու համար.
10 «Եթե մնաք այս երկրում, այնպես կանեմ, որ բարգավաճեք, և չեմ կործանի ձեզ, արմատախիլ չեմ անի, այլ կտնկեմ, որովհետև կափսոսամ,* որ ձեզ վրա այդ աղետը բերեցի:+
11 Մի՛ վախեցեք Բաբելոնի թագավորից, որը ձեզ ահ է ներշնչում:+
Մի՛ վախեցեք նրանից,– ասում է Եհովան,– որովհետև ես ձեզ հետ եմ, ես կփրկեմ ձեզ ու կազատեմ նրա ձեռքից:
12 Ձեր հանդեպ գթասրտություն կդրսևորեմ,+ և նա էլ ձեր հանդեպ գթասիրտ կլինի ու ձեզ կվերադարձնի ձեր երկիր:
13 Բայց եթե ասեք՝ «Ո՛չ, մենք չենք մնա այս երկրում», ու չհնազանդվեք ձեր Աստված Եհովային՝
14 ասելով՝ «Մենք կգնանք Եգիպտոս,+ որտեղ ո՛չ պատերազմ կտեսնենք, ո՛չ եղջերափողի ձայն կլսենք, ո՛չ էլ հացի կարոտ կլինենք, և այնտեղ կապրենք»,
15 ուրեմն լսեք, թե Եհովան ինչ է ասում, ո՛վ Հուդայում մնացած մարդիկ: Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Եթե հաստատ որոշեք գնալ Եգիպտոս և գնաք ու բնակություն հաստատեք* այնտեղ,
16 այդ ժամանակ սուրը, որից վախենում եք, Եգիպտոսում ձեզ կհասնի, և սովը, որից սարսափում եք, մինչև Եգիպտոս ձեզ կհետապնդի, և դուք այնտեղ կմեռնեք:+
17 Ով որոշի գնալ Եգիպտոս՝ բնակվելու, այնտեղ կմեռնի սրից, սովից ու համաճարակից:* Ոչ ոք չի վերապրի կամ չի փրկվի այն աղետից, որ բերելու եմ նրանց վրա»»:
18 Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ինչպես իմ զայրույթն ու ցասումը թափվեցին Երուսաղեմի բնակիչների վրա,+ այնպես էլ իմ ցասումը կթափվի ձեզ վրա, եթե գնաք Եգիպտոս: Ձեզ կանիծեն, կանպատվեն ու կնվաստացնեն: Դուք զարհուրելի տեսարան կդառնաք,+ և այս երկիրը այլևս չեք տեսնի»:
19 Ո՛վ Հուդայում մնացած մարդիկ, Եհովան ասաց ձեզ, որ չգնաք Եգիպտոս: Իմացեք. այսօր ես նախազգուշացնում եմ ձեզ,
20 որ ձեր մեղքի դիմաց կյանքով եք հատուցելու, քանի որ ինձ ուղարկեցիք ձեր Աստված Եհովայի մոտ՝ ասելով. «Մեզ համար աղոթիր մեր Աստված Եհովային ու հայտնիր մեզ այն, ինչ մեր Աստված Եհովան կասի, և մենք այդպես կանենք»:+
21 Ես այսօր հայտնում եմ ձեզ այդ խոսքերը, բայց դուք չեք հնազանդվելու ձեր Աստված Եհովային և չեք անելու այն ամենը, ինչը իմ միջոցով նա ասել է:+
22 Ուստի հաստատ իմացեք, որ դուք սրից, սովից ու համաճարակից մեռնելու եք այն վայրում, ուր ուզում եք գնալ և բնակվել»:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «փոքրից մեծ»:
^ Կամ՝ «կվշտանամ»:
^ Կամ՝ «որոշ ժամանակ բնակվեք»:
^ Կամ՝ «հիվանդությունից»: