Երեմիա 44։1-30
44 Սա է Աստծու ասած այն խոսքը, որը Երեմիան հայտնեց բոլոր այն հրեաներին, որոնք ապրում էին Եգիպտոսում՝+ Մագդոլում,+ Տափնասում,+ Նոֆում*+ և Պաթուրեսում.+
2 «Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Դուք տեսաք այն աղետները, որ բերեցի Երուսաղեմի+ և Հուդայի բոլոր քաղաքների վրա: Այսօր դրանք ավերված են ու անբնակ:+
3 Դա եղավ ձեր չար արարքների պատճառով, որոնցով վիրավորեցիք ինձ. դուք զոհեր էիք մատուցում+ և ծառայում էիք ուրիշ աստվածների, որոնց չէիք ճանաչում ո՛չ դուք, ո՛չ էլ ձեր նախահայրերը:+
4 Ես ձեզ մոտ էի ուղարկում իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, նորից ու նորից ուղարկում* էի նրանց, որ ասեն. «Խնդրում եմ, մի՛ արեք այդ նողկալի գործերը, որոնք ես ատում եմ»:+
5 Բայց դուք չլսեցիք ինձ և ուշադրություն չդարձրիք իմ ասածներին՝ չթողեցիք ձեր բռնած չար ուղին ու չդադարեցիք զոհեր մատուցել ուրիշ աստվածների:+
6 Այդ պատճառով ես թափեցի իմ բռնկված ցասումն ու բարկությունը Հուդայի քաղաքների և Երուսաղեմի փողոցների վրա, այնպես որ դրանք ավերակ դարձան և մինչ օրս ամայի են»:+
7 Եվ հիմա Զորքերի Աստված Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ինչո՞ւ եք ձեր գլխին բերում այս սարսափելի պատուհասը, որի պատճառով Հուդայից կվերանան տղամարդիկ, կանայք, երեխաներն ու մանուկները, և ձեզնից ոչ ոք չի փրկվի:
8 Ինչո՞ւ եք վիրավորում ինձ ձեր արարքներով՝ ուրիշ աստվածների զոհեր մատուցելով Եգիպտոսում, ուր գնացել եք բնակվելու: Դուք բնաջինջ կլինեք, և երկրի բոլոր ազգերը կանիծեն ու կնվաստացնեն ձեզ:+
9 Մի՞թե մոռացել եք ձեր նախահայրերի, Հուդայի թագավորների+ ու նրանց կանանց չար գործերը,+ ինչպես նաև ձեր ու ձեր կանանց չար գործերը,+ որ արել եք Հուդայում և Երուսաղեմի փողոցներում:
10 Մինչ օրս դուք չեք խոնարհեցրել* ձեզ, չեք վախեցել ինձնից+ և չեք հնազանդվել իմ օրենքին ու կանոններին, որոնք տվել էի ձեզ ու ձեր նախահայրերին»:+
11 Ուստի Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Ես վճռել եմ աղետ բերել ձեզ վրա ու կործանել ողջ Հուդան:
12 Ես կվերացնեմ Հուդայի բնակիչներին, որոնք որոշել էին գնալ Եգիպտոս և այնտեղ բնակվել: Նրանք բոլորը սրից ու սովից կմեռնեն Եգիպտոսում,+ այո՛, թե՛ անվանի, թե՛ հասարակ մարդիկ* սրից ու սովից կմեռնեն: Նրանք զարհուրելի տեսարան կդառնան, և նրանց կանիծեն, կանպատվեն ու կնվաստացնեն:+
13 Ես կպատժեմ Եգիպտոսում բնակվողներին, ինչպես որ պատժեցի Երուսաղեմը՝ սուր, սով և համաճարակ* ուղարկելով:+
14 Հուդայի՝ Եգիպտոս գնացած բնակիչներից ոչ մեկը չի փախչի, չի փրկվի ու հետ չի դառնա Հուդա: Նրանք կփափագեն վերադառնալ ու բնակվել այնտեղ, բայց չեն վերադառնա՝ բացի մի քանիսից, որոնք կփախչեն»»:
15 Լսելով այս խոսքերը՝ այնտեղ կանգնած մարդկանց մի մեծ բազմություն՝ այն տղամարդիկ, ովքեր գիտեին, որ իրենց կանայք զոհեր էին մատուցում ուրիշ աստվածների, բոլոր կանայք, ինչպես նաև Եգիպտոսում՝ Պաթուրեսում+ բնակվող ողջ ժողովուրդը+ պատասխանեցին Երեմիային.
16 «Մենք չենք հնազանդվելու քո խոսքերին, որ մեզ ասացիր Եհովայի անունով:
17 Փոխարենը մեր ասածն ենք անելու. զոհեր ենք մատուցելու Երկնքի թագուհուն* և ըմպելիքի ընծաներ ենք լցնելու նրա առաջ,+ ինչպես որ Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի փողոցներում արել ենք թե՛ մենք, թե՛ մեր նախահայրերը և թե՛ մեր թագավորներն ու իշխանները. չէ՞ որ այդ ժամանակ կուշտ ուտում էինք, ամեն ինչով ապահովված էինք և չգիտեինք՝ աղետն ինչ է:
18 Սակայն այն օրվանից, ինչ դադարել ենք Երկնքի թագուհուն զոհեր մատուցել ու նրա առաջ ըմպելիքի ընծաներ լցնել, ամեն բանի կարոտ ենք մնացել, կոտորվում ենք սրով ու սովամահ ենք լինում»:
19 Կանայք ավելացրին. «Մի՞թե երբ Երկնքի թագուհուն զոհեր էինք մատուցում և ըմպելիքի ընծաներ լցնում նրա առաջ, առանց մեր ամուսինների իմացության էինք նրա պատկերով զոհաբերության բլիթներ թխում և ըմպելիքի ընծաներ լցնում նրա առաջ»:
20 Երեմիան պատասխանեց ողջ ժողովրդին՝ տղամարդկանց, նրանց կանանց և իր հետ խոսող բոլոր մարդկանց.
21 «Եհովան հիշեց, թե ինչպես էիք դուք, ձեր նախահայրերը, թագավորները, իշխաններն ու ժողովուրդը Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի փողոցներում զոհեր մատուցում, և իր մտքում* պահեց դրանք:+
22 Ի վերջո Եհովան այլևս չկարողացավ հանդուրժել ձեր չար գործերն ու նողկալի արարքները, այդ պատճառով ձեր երկիրը մինչ օրս ավերված է ու ամայացած, սարսափելի տեսարան է դարձել, և մարդիկ անիծում են այն:+
23 Այդ զոհերը մատուցելով ու Եհովայի դեմ մեղք գործելով՝ դուք չհնազանդվեցիք Եհովային, չպահեցիք նրա օրենքն ու կանոնները և ուշադրություն չդարձրիք նրա հիշեցումներին, դրա համար էլ այս աղետը ձեզ վրա եկավ, ինչի հետևանքով մինչ օրս տառապում եք»:+
24 Ապա Երեմիան ողջ ժողովրդին, այդ թվում՝ բոլոր կանանց, ասաց. «Լսի՛ր Եհովայի խոսքը, ո՛վ Եգիպտոսում բնակվող Հուդայի ժողովուրդ:
25 Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Այն, ինչ դուք ու ձեր կանայք ասացիք, դա էլ արել եք: Դուք ասացիք. «Մենք անպայման պահելու ենք մեր տված երդումները. զոհեր ենք մատուցելու Երկնքի թագուհուն և նրա առաջ ըմպելիքի ընծաներ ենք լցնելու»:+ Դո՛ւք, կանա՛յք, անպայման իրագործելու եք՝ պահելու եք ձեր երդումները»:
26 Ուստի լսի՛ր Եհովայի խոսքը, ո՛վ Եգիպտոսում բնակվող Հուդայի ժողովուրդ. «Երդվում եմ իմ մեծ անունով,– ասում է Եհովան,– որ ողջ Եգիպտոսում Հուդայի ժողովրդից ոչ ոք իմ անունով չի երդվի՝+ ասելով. «Երդվում եմ Գերիշխան Տեր Եհովայի գոյությամբ»:+
27 Ես մտադիր չեմ նրանց բարիք անել, ես աղետ եմ բերելու նրանց վրա,+ և Եգիպտոսում գտնվող Հուդայի ժողովուրդը սրով կոտորվելու է ու սովամահ է լինելու, մինչև որ վերանա:+
28 Միայն քչերը սրից կփրկվեն և Եգիպտոսից կվերադառնան Հուդա:+ Այդ ժամանակ Հուդայում մնացած մարդիկ, որոնք գնացել են Եգիպտոս՝ բնակվելու, կիմանան, թե ում խոսքն է կատարվում՝ ի՞մ, թե՞ իրենց»:
29 Ձեզ նշան եմ տալիս ցույց տալու համար, որ այս վայրում պատժելու եմ ձեզ,– ասում է Եհովան,– որպեսզի իմանաք, որ ձեզ վրա աղետ բերելու իմ խոստումը անպայման կատարվելու է:
30 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Վափառ փարավոնին՝ Եգիպտոսի թագավորին, հանձնելու եմ նրա թշնամիների՝ նրան սպանել ցանկացողների ձեռքը, ինչպես որ Հուդայի Սեդեկիա թագավորին հանձնեցի Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի՝ նրա թշնամու և նրան սպանել ցանկացողի ձեռքը»»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Մեմփիսում»:
^ Բռց.՝ «վաղ վեր էի կենում և ուղարկում»:
^ Կամ՝ «ջախջախված չեք զգացել»:
^ Բռց.՝ «փոքրից մեծ»:
^ Կամ՝ «հիվանդություն»:
^ Աստվածուհու տիտղոս, ում պաշտում էին հավատուրաց իսրայելացիները: Հավանաբար, պտղաբերության աստվածուհի էր:
^ Բռց.՝ «սրտում»: