Զաքարիա 1։1-21

  • Եհովայի մոտ վերադառնալու կոչ (1-6)

    • «Վերադարձեք ինձ մոտ.... և ես կվերադառնամ ձեզ մոտ» (3)

  • Տեսիլք 1: Մրտենիների մեջ կանգնած ձիավորները (7-17)

    • Եհովան կրկին մխիթարություն կտա Սիոնին (17)

  • Տեսիլք 2: Չորս եղջյուրները և չորս արհեստավորները (18-21)

1  Դարեհի իշխանության երկրորդ տարվա+ ութերորդ ամսում Եհովան իր խոսքը հաղորդեց Զաքարիա* մարգարեին՝+ Ադդովի որդի Բարաքիայի որդուն.  – Ես՝ Եհովաս, խիստ բարկացել էի ձեր հայրերի վրա:+  Իսկ հիմա ասա ժողովրդին. «Սա է Զորքերի տեր Եհովայի խոսքը. «Վերադարձեք ինձ մոտ,– ասում է Զորքերի տեր Եհովան,– և ես կվերադառնամ ձեզ մոտ,+– ասում է Զորքերի տեր Եհովան:–  Մի՛ եղեք ձեր հայրերի պես: Այն ժամանակվա մարգարեները ազդարարում էին նրանց. «Զորքերի տեր Եհովան ասում է. «Խնդրում եմ, հետ դարձեք ձեր չար ճանապարհներից և թողեք ձեր չար գործերը»»:+ Բայց նրանք չէին լսում ինձ և ուշադրություն չէին դարձնում իմ խոսքերին,+– ասում է Եհովան:–  Հիմա որտե՞ղ են ձեր հայրերը: Իսկ մարգարենե՞րը: Ճիշտ է, մարգարեներն էլ հավիտյան չապրեցին,  բայց չէ՞ որ ձեր հայրերը տեսան, թե ինչպես կատարվեցին իմ խոսքերն ու վճիռները, որ ազդարարել էի իմ ծառաների՝ մարգարեների միջոցով:+ Եվ նրանք վերադարձան ինձ մոտ ու ասացին. «Զորքերի տեր Եհովան մեզ վրա բերեց այն, ինչին արժանի էինք մեր բռնած ճանապարհների ու մեր գործերի համար: Նա արեց այն, ինչ վճռել էր»»»:+  Դարեհի իշխանության երկրորդ տարում՝+ 11-րդ ամսվա, այսինքն՝ սեբաթ* ամսվա 24-րդ օրը, Եհովան տեսիլք տվեց* Զաքարիա մարգարեին՝ Ադդովի որդի Բարաքիայի որդուն:  Զաքարիան ասում է. – Գիշերը տեսիլքում ես տեսա կարմիր ձի հեծած մի մարդու, որը կանգ էր առել ձորում՝ մրտենիների մեջ, իսկ նրա հետևում ուրիշ ձիավորներ կային՝ կարմիր, դարչնակարմրավուն ու սպիտակ ձիեր հեծած:  Ես հարցրի ինձ հետ խոսող հրեշտակին. «Ովքե՞ր են սրանք, տե՛ր իմ»: Հրեշտակը պատասխանեց. «Ես քեզ կհայտնեմ, թե ովքեր են»: 10  Իսկ ձի հեծած մարդը, որ կանգ էր առել մրտենիների մեջ, ասաց. «Այս ձիավորները նրանք են, ում Եհովան ուղարկել է երկրով մեկ շրջելու»: 11  Ապա ձիավորներն ասացին Եհովայի այդ հրեշտակին, որը կանգ էր առել մրտենիների մեջ. «Մենք շրջեցինք երկրով մեկ ու տեսանք, որ ամբողջ երկիրը խաղաղ է ու անխռով»:+ 12  Եհովայի հրեշտակն* ասաց. «Ո՛վ Զորքերի տեր Եհովա, դեռ ինչքա՞ն չես գթալու Երուսաղեմին ու Հուդայի քաղաքներին,+ որոնց վրա 70 տարի բարկացած ես եղել»:+ 13  Եհովան ինձ հետ խոսող հրեշտակին պատասխանեց բարի ու մխիթարական խոսքերով: 14  Ապա ինձ հետ խոսող հրեշտակն ասաց ինձ. «Բացականչի՛ր. «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ես նախանձախնդրությամբ կգործեմ հօգուտ Երուսաղեմի և Սիոնի, այո՛, մեծ նախանձախնդրությամբ:+ 15  Ես շատ զայրացած եմ ազգերի վրա, որոնք իրենց համար անհոգ ապրում են.+ ես մի փոքր էի բարկացել ժողովրդիս վրա,+ բայց ազգերը չափազանց խիստ վարվեցին նրա հետ»:+ 16  Եվ հիմա Եհովան ասում է. «Ես կրկին գթասրտությամբ կվարվեմ Երուսաղեմի հետ:+ Այնտեղ կկառուցվի իմ տունը,+– ասում է Զորքերի տեր Եհովան,– և շինարարները չափման լար կձգեն Երուսաղեմով մեկ»»:+ 17  Դարձյալ բացականչի՛ր. «Զորքերի տեր Եհովան ասում է. «Իմ քաղաքները նորից բարիքներով կլցվեն: Ես՝ Եհովաս, կրկին կմխիթարեմ Սիոնին,+ և Երուսաղեմը առաջվա պես իմ ընտրյալ քաղաքը կլինի»»»:+ 18  Հետո ես վեր նայեցի ու չորս եղջյուր տեսա:+ 19  Ինձ հետ խոսող հրեշտակին հարցրի. «Ի՞նչ եղջյուրներ են սրանք»: Նա էլ պատասխանեց. «Սրանք այն եղջյուրներն են, որոնք ցիրուցան արեցին Հուդայի,+ Իսրայելի+ ու Երուսաղեմի ժողովրդին»:+ 20  Այնուհետև Եհովան ինձ ցույց տվեց չորս արհեստավորների: 21  Ես հարցրի. «Նրանք ի՞նչ են անելու»: Ինձ ասվեց. «Եղջյուրները այնպես ցիրուցան արեցին Հուդայի ժողովրդին, որ ոչ մեկը չկարողացավ գլուխ բարձրացնել: Բայց արհեստավորները գալու են, որ սարսափի մեջ գցեն ազգերին, կոտրեն ազգերի եղջյուրները, որոնք իրենց եղջյուրներով հարվածեցին Հուդայի ժողովրդին և ցիրուցան արեցին նրան»:

Ծանոթագրություններ

Նշանակում է «Յահը հիշել է»:
Բռց.՝ «Եհովայի խոսքը եկավ»:
Հավանաբար, Զաքարիայի հետ խոսող հրեշտակն է: