Զաքարիա 5։1-11

  • Տեսիլք 6: Թռչող գլանաձև ձեռագիրը (1-4)

  • Տեսիլք 7: Արդուի տարան (5-11)

    • Տարայի մեջ նստած կինը, որ կոչվում է Անիրավություն (8)

    • Արդուի տարան տանում են Սենաար (9-11)

5  Դարձյալ վեր նայեցի ու տեսա մի թռչող գլանաձև ձեռագիր:  Հրեշտակը հարցրեց ինձ. «Ի՞նչ ես տեսնում»: Ես ասացի. «Մի թռչող գլանաձև ձեռագիր եմ տեսնում, որի երկարությունը 20 կանգուն է, իսկ լայնությունը՝ 10 կանգուն»:*  Եվ նա ասաց ինձ. «Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրով մեկ, քանի որ անպատիժ են մնացել բոլոր գողություն անողները,+ որոնց դեմ անեծք է գրված ձեռագրի մի կողմում, և բոլոր սուտ երդում տվողները,+ որոնց դեմ անեծք է գրված ձեռագրի մյուս կողմում:  «Ես ուղարկել եմ այդ անեծքը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– և այն կմտնի գողերի տուն ու իմ անունով սուտ երդում անողների տուն, կմնա այդ տներում և կոչնչացնի դրանք, կոչնչացնի դրանց գերաններն ու քարերը»»:  Հետո ինձ հետ խոսող հրեշտակը առաջ եկավ ու ասաց. «Վեր նայիր, խնդրեմ, ու տես, թե ինչ է մոտենում»:  Ես էլ հարցրի. «Դա ի՞նչ է»: Նա պատասխանեց. «Արդուի տարա է»:* Ապա շարունակեց. «Սա ողջ երկրի վրա ապրող անիրավ մարդկանց պատկերն է»:  Եվ ահա կապարե կլոր կափարիչը բարձրացվեց, ու ես տեսա, որ արդուի տարայի մեջ մի կին է նստած:  Հրեշտակն ասաց. «Սա Անիրավությունն է»: Եվ այդ կնոջը հետ հրեց արդուի տարայի մեջ ու տարայի բերանը փակեց կապարե ծանր կափարիչով:  Հետո ես վեր նայեցի ու տեսա, որ երկու կին են մոտենում՝ ճախրելով քամու հետ: Այդ կանայք արագիլի թևերի նման թևեր ունեին: Նրանք արդուի տարան օդ բարձրացրին:* 10  Ես հարցրի ինձ հետ խոսող հրեշտակին. «Ո՞ւր են տանում արդուի տարան»: 11  Նա էլ պատասխանեց. «Տանում են Սենաար երկիր,*+ որ այնտեղ կնոջ համար տուն շինեն: Եվ երբ այն պատրաստ լինի, նրան այնտեղ կտեղավորեն. դա է նրա տեղը»:

Ծանոթագրություններ

Ձեռագրի չափսերը՝ մոտ 8,9 × 4,5 մ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «Արդու է»: Խոսքը տարայի կամ զամբյուղի մասին է, որով չափում էին արդուն: 1 արդուն մոտ 22 լ է: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «բարձրացրին երկնքի ու երկրի միջև»:
Այսինքն՝ Բաբելոնիա: