Զաքարիա 8։1-23

  • Եհովան Սիոնում հաստատում է խաղաղություն ու ճշմարտություն (1-23)

    • «Երուսաղեմը կկոչվի ճշմարտության քաղաք» (3)

    • «Ճիշտն ասեք իրար» (16)

    • Ծոմերը տոներ կդառնան (18, 19)

    • «Եկեք գնանք ու Եհովայի բարեհաճությունը խնդրենք» (21)

    • Տասը մարդ կբռնեն հրեայի փեշից (23)

8  Զորքերի տեր Եհովան կրկին իր խոսքը հաղորդեց ինձ.  «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ես մեծ նախանձախնդրությամբ կգործեմ հօգուտ Սիոնի+ և մեծ ցասումով լցված՝ եռանդագին կպաշտպանեմ նրան»:  Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ես կվերադառնամ Սիոն+ ու կբնակվեմ Երուսաղեմում:+ Երուսաղեմը կկոչվի ճշմարտության* քաղաք,+ և Զորքերի տեր Եհովայի լեռը՝ սուրբ լեռ»:+  Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Երուսաղեմի հրապարակներում, ցուպը ձեռքներին, նորից կնստեն երկար կյանք ապրած ծերունիներն ու տարեց կանայք:*+  Քաղաքի հրապարակները կլցվեն տղաներով ու աղջիկներով, որոնք կխաղան այնտեղ»:+  Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Թեև այդ օրերում դա գուցե անհնարին թվա այս ժողովրդից կենդանի մնացածներին, մի՞թե ինձ համար էլ անհնարին կլինի»,– ասում է Զորքերի տեր Եհովան:  Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ես կազատեմ իմ ժողովրդին արևելքի ու արևմուտքի երկրներից:*+  Նրանց կբերեմ Երուսաղեմ, և այնտեղ կբնակվեն:+ Նրանք իմ ժողովուրդը կլինեն, իսկ ես՝ նրանց Աստվածը,+ ով ճշմարտախոս* է ու արդար»:  Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Թող զորանան ձեր բազուկները,*+ ո՛վ դուք, որ այժմ լսում եք մարգարեների բերանից հնչող այս խոսքերը,+ նույն խոսքերը, որ ասվեցին այն օրը, երբ Զորքերի տեր Եհովայի տան՝ տաճարի հիմքն էր դրվում: 10  Դրանից առաջ ո՛չ մարդու, ո՛չ էլ անասունի աշխատանքի դիմաց վարձատրություն չկար:+ Ելումուտ անելն անվտանգ չէր հակառակորդների պատճառով, քանի որ բոլոր մարդկանց իրար դեմ էի հանել: 11  Բայց հիմա այս ժողովրդից կենդանի մնացածների հետ ես չեմ վարվի այնպես, ինչպես այն ժամանակ,+– ասում է Զորքերի տեր Եհովան:– 12  Խաղաղության սերմ կցանվի, խաղողի վազը պտուղ կբերի, երկիրն իր բերքը կտա,+ և երկինքը՝ իր ցողը: Ես այնպես կանեմ, որ այս ժողովրդից կենդանի մնացածները ժառանգեն այս ամենը:+ 13  Ո՛վ Հուդայի տուն և Իսրայելի տուն, եթե ազգերը անեծք ասելիս էին ձեզ հիշատակում որպես օրինակ,+ ապա երբ փրկեմ ձեզ, օրհնելիս կհիշատակեն:+ Մի՛ վախեցեք:+ Թող զորանան ձեր բազուկները»:*+ 14  Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ինչպես որ հաստատ որոշել էի աղետ բերել ձեզ վրա այն բանի համար, որ ձեր հայրերը բարկացրին ինձ, և միտքս չփոխեցի,*– ասում է Զորքերի տեր Եհովան,+ 15  այնպես էլ հիմա հաստատ որոշել եմ բարիք բերել Երուսաղեմին և Հուդայի տանը:+ Մի՛ վախեցեք:+ 16  Ահա թե ինչ պետք է անեք. ճիշտն ասեք իրար,+ ձեր քաղաքների դարպասների մոտ կայացված դատավճիռներով ճշմարտությունը պաշտպանեք ու խաղաղություն հաստատեք:+ 17  Ձեր սրտերում չարիք մի՛ ծրագրեք միմյանց դեմ+ և մի՛ սիրեք սուտ երդում տալը,+ որովհետև ես ատում եմ այդ ամենը»,+– ասում է Եհովան»: 18  Զորքերի տեր Եհովան նորից իր խոսքը հաղորդեց ինձ. 19  «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Այն ծոմերը, որ պահում եք չորրորդ,+ հինգերորդ,+ յոթերորդ+ և տասներորդ ամիսներին,+ Հուդայի տան համար կդառնան ուրախության և ցնծության առիթներ՝ ուրախ տոներ:+ Ուստի ճշմարտություն ու խաղաղություն սիրեք»: 20  Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Դեռ կգա ժամանակ, երբ բազում ժողովուրդներից, շատ քաղաքներից մարդիկ կգան այստեղ: 21  Մի քաղաքի բնակիչները մյուսի բնակիչների մոտ կգնան ու կասեն. «Եկե՛ք, եկեք գնանք ու Եհովայի բարեհաճությունը խնդրենք,* Զորքերի տեր Եհովային ծառայենք: Մենք նույնպես կգանք ձեզ հետ»:+ 22  Եվ շատ ժողովուրդներից ու հզոր ազգերից մարդիկ կգան Երուսաղեմ,+ որ ծառայեն ինձ՝ Զորքերի տեր Եհովային, ու խնդրեն Եհովայի բարեհաճությունը»:* 23  Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Այդ օրերին բոլոր լեզուներից ու ազգերից+ տասը մարդ կբռնեն հրեայի* փեշից, ամուր կբռնեն ու կասեն. «Մենք ուզում ենք գալ ձեզ հետ,+ որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»»»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «հավատարմության»:
Բռց.՝ «ամեն մեկը՝ ցուպն իր ձեռքին՝ օրերի շատության պատճառով»:
Կամ՝ «արևածագի երկրից ու արևամուտի երկրից»:
Կամ՝ «հավատարիմ»:
Կամ՝ «Քա՛ջ եղեք»:
Կամ՝ «Քա՛ջ եղեք»:
Կամ՝ «չափսոսացի»:
Բռց.՝ «երեսը փափկացնենք»:
Բռց.՝ «Եհովայի երեսը փափկացնեն»:
Բռց.՝ «հրեա մարդու»: