Թվեր 20։1-29

  • Մարիամը մահանում է Կադեսում (1)

  • Մովսեսը հարվածում է ժայռին. նա մեղք է գործում (2-13)

  • Եդոմը թույլ չի տալիս, որ Իսրայելն անցնի իր տարածքով (14-21)

  • Ահարոնի մահը (22-29)

20  Առաջին ամսում Իսրայելի ողջ ժողովուրդը եկավ Ցին անապատ և սկսեց ապրել Կադեսում:+ Այնտեղ Մարիամը+ մահացավ ու թաղվեց:  Իսրայելացիները ջուր չունեին,+ ուստի հավաքվեցին և դուրս եկան Մովսեսի ու Ահարոնի դեմ:  Ժողովուրդը սկսեց վիճել Մովսեսի հետ՝+ ասելով. «Երանի՜ մենք էլ մեր եղբայրների հետ մեռնեինք Եհովայի ձեռքով:  Ինչո՞ւ եք Եհովայի ժողովը բերել այս անապատ: Բերել եք, որ մենք էլ, մեր անասուններն էլ այստեղ մեռնե՞նք:+  Ինչո՞ւ հանեցիք մեզ Եգիպտոսից ու բերեցիք այս անպետք տեղը:+ Այստեղ ո՛չ սերմ կարող ենք ցանել, ո՛չ էլ թզենիներ, խաղողի վազեր ու նռնենիներ աճեցնել: Նույնիսկ խմելու ջուր չկա»:+  Այդ ժամանակ Մովսեսն ու Ահարոնը, որ ժողովի առաջ էին, գնացին հանդիպման վրանի մուտքի մոտ ու, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեցին, և Եհովայի փառքը երևաց նրանց առաջ:+  Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին.  «Վերցրու գավազանը և դու ու եղբայրդ՝ Ահարոնը, մեկտեղ կանչեք ժողովրդին, ապա նրանց աչքի առաջ ժայռին ասեք, որ ջուր տա: Այդպես ժայռից ջուր կհանեք ու կտաք, որ ժողովուրդն ու անասունները խմեն»:+  Մովսեսը վերցրեց Եհովայի առաջ դրված իր գավազանը,+ ճիշտ ինչպես նա պատվիրել էր: 10  Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը ողջ ժողովին հավաքեցին ժայռի առաջ, և Մովսեսն ասաց. «Լսե՛ք, ապստամբնե՛ր: Հիմա ի՞նչ, մենք ձեզ համար ջուր հանե՞նք այս ժայռից»:+ 11  Դա ասելով՝ Մովսեսը բարձրացրեց ձեռքը և երկու անգամ գավազանով հարվածեց ժայռին: Ժայռից սկսեց առատ ջուր բխել, և ժողովուրդն ու նրանց անասունները սկսեցին խմել:+ 12  Բայց հետո Եհովան Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Դուք հավատ չդրսևորեցիք իմ հանդեպ ու չսրբացրիք ինձ Իսրայելի ժողովրդի աչքի առաջ, այդ պատճառով այս ժողովին դուք չեք տանի այն երկիրը, որը նրանց եմ տալու»:+ 13  Այդ ջրերը կոչվում են Մերիբայի* ջրեր,+ քանի որ իսրայելացիներն այնտեղ վիճեցին Եհովայի հետ, և նա սրբացրեց իրեն նրանց առաջ: 14  Հետո Մովսեսը Կադեսից պատգամաբերներ ուղարկեց Եդոմի թագավորի մոտ՝+ պատվիրելով, որ ասեն. «Ահա թե ինչ են ասում ձեր եղբայրները՝ իսրայելացիները.+ «Դու լավ գիտես, թե ինչ նեղությունների միջով ենք անցել: 15  Մեր հայրերը գնացին Եգիպտոս,+ և մենք տարիներ* շարունակ ապրեցինք այնտեղ:+ Սակայն եգիպտացիները շահագործում էին մեզ և մեր հայրերին:+ 16  Ի վերջո աղերսեցինք Եհովային,+ և նա լսեց մեզ. նա իր հրեշտակին ուղարկեց+ ու հանեց մեզ Եգիպտոսից: Եվ ահա մենք Կադեսում ենք՝ քո տարածքի սահմանին գտնվող քաղաքում: 17  Խնդրում ենք, թույլ տուր, որ անցնենք քո երկրով: Ոչ մի արտի կամ խաղողի այգու միջով չենք անցնի և ոչ մի ջրհորից ջուր չենք խմի: Թագավորի ճանապարհով* կգնանք՝ առանց աջ ու ձախ թեքվելու, մինչև որ դուրս գանք քո տարածքից»»:+ 18  Սակայն Եդոմի թագավորն ասաց նրանց. «Իմ երկրի միջով չանցնե՛ք, այլապես սրո՛վ կդիմավորեմ ձեզ»: 19  Իսրայելացիներն էլ ասացին. «Մենք գլխավոր ճանապարհով կգնանք, ու եթե մենք ու մեր անասունները խմենք ձեր ջրից, կվճարենք դրա համար:+ Մենք պարզապես ուզում ենք անցնել քո երկրով, մեզ ուրիշ ոչինչ պետք չէ»:+ 20  Բայց Եդոմի թագավորն ասաց. «Չե՛ք անցնելու»:+ Եվ մեծ բազմությամբ ու հզոր բանակով դուրս եկավ նրանց դեմ: 21  Այդպես՝ Եդոմը թույլ չտվեց, որ Իսրայելն անցնի իր տարածքով: Ուստի իսրայելացիները շրջվեցին ու հեռացան այդտեղից:+ 22  Իսրայելի ողջ ժողովուրդը Կադեսից ճանապարհ ընկավ ու եկավ Հոր լեռան մոտ:+ 23  Այդ լեռան մոտ՝ Եդոմի երկրի սահմանին, Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին. 24  «Ահարոնը կմիանա իր նախահայրերին:*+ Նա չի մտնի այն երկիրը, որը տալու եմ իսրայելացիներին, քանի որ դուք երկուսդ չհնազանդվեցիք Մերիբայի ջրերի վերաբերյալ իմ տված պատվերին:+ 25  Վերցրու Ահարոնին ու նրա որդուն՝ Եղիազարին, և նրանց հետ բարձրացիր Հոր լեռը: 26  Ահարոնի վրայից հանիր նրա քահանայական հագուստներն+ ու հագցրու նրա որդի Եղիազարին:+ Այնտեղ Ահարոնը կմահանա»: 27  Մովսեսն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրեց: Ամբողջ ժողովրդի աչքի առաջ նրանք բարձրացան Հոր լեռը: 28  Մովսեսը հանեց Ահարոնի քահանայական հագուստները և հագցրեց նրա որդի Եղիազարին: Այնտեղ՝ լեռան գագաթին, Ահարոնը մահացավ:+ Դրանից հետո Մովսեսն ու Եղիազարը իջան լեռան վրայից: 29  Իմանալով, որ Ահարոնը մահացել է՝ Իսրայելի ողջ ժողովուրդը 30 օր լաց եղավ նրա համար:+

Ծանոթագրություններ

Նշանակում է «վեճ»:
Բռց.՝ «օրեր»:
Այսինքն՝ գլխավոր ճանապարհով:
Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է: