Թվեր 21։1-35

  • Արադի թագավորը ջախջախվում է (1-3)

  • Պղնձե օձը (4-9)

  • Իսրայելը տեղից տեղ է գնում Մովաբի տարածքում (10-20)

  • Ամորհացիների թագավոր Սեհոնը ջախջախվում է (21-30)

  • Ամորհացիների թագավոր Օգը ջախջախվում է (31-35)

21  Երբ Արադի քանանացի թագավորը,+ որն ապրում էր Նեգևի շրջանում, լսեց, որ իսրայելացիները գալիս են Աթարիմի ճանապարհով, հարձակվեց նրանց վրա ու ոմանց գերի վերցրեց:  Այդ ժամանակ իսրայելացիները երդում տվեցին Եհովային՝ ասելով. «Եթե այս ժողովրդին մեր ձեռքը տաս, մենք անպայման կկործանենք նրանց քաղաքները»:  Եհովան լսեց իսրայելացիների խնդրանքը և քանանացիներին նրանց ձեռքը տվեց, իսրայելացիներն էլ կործանեցին նրանց ու նրանց քաղաքները: Ուստի այդ վայրի անունը Հորմա*+ դրեցին:  Իսրայելացիները ճամփա ընկան Հոր լեռից+ ու գնացին Կարմիր ծովի ճանապարհով, որ շրջանցեն Եդոմի երկիրը:+ Այդ ընթացքում ժողովուրդը հոգնեց ճանապարհից  ու սկսեց խոսել Աստծու և Մովսեսի դեմ՝+ ասելով. «Ինչո՞ւ մեզ հանեցիք Եգիպտոսից. որ անապատում մեռնե՞նք: Այստեղ ո՛չ ուտելիք կա, ո՛չ էլ ջուր,+ այդ նողկալի հացից էլ արդեն զզվել ենք»:+  Այդ ժամանակ Եհովան թունավոր* օձեր ուղարկեց ժողովրդի մեջ, և դրանք սկսեցին խայթել մարդկանց, ու շատ իսրայելացիներ մահացան:+  Ժողովուրդը եկավ Մովսեսի մոտ ու ասաց. «Մենք մեղք գործեցինք՝ Եհովայի ու քո դեմ խոսելով:+ Մեզ համար բարեխոսիր Եհովայի առաջ, որ օձերին հեռացնի մեզնից»: Եվ Մովսեսը բարեխոսեց ժողովրդի համար:+  Եհովան ասաց Մովսեսին. «Այդ թունավոր օձերի նման մի օձ պատրաստիր և ամրացրու ձողին: Երբ որևէ մեկը խայթվի, թող նայի դրան, որ ողջ մնա»:  Մովսեսն իսկույն մի պղնձե օձ+ պատրաստեց ու ամրացրեց ձողին:+ Եվ երբ օձը խայթում էր որևէ մեկին, նա նայում էր պղնձե օձին ու ողջ էր մնում:+ 10  Դրանից հետո իսրայելացիները գնացին այդտեղից ու ճամբար դրեցին Օբոթում:+ 11  Օբոթից էլ մեկնեցին ու ճամբար դրեցին Իյե-Աբարիմում՝+ Մովաբի դիմաց՝ արևելյան կողմում գտնվող անապատում: 12  Այնտեղից նրանք ճանապարհ ընկան ու ճամբար դրեցին Զարեդի գետահովտի*+ մոտ: 13  Այնտեղից էլ մեկնեցին ու ճամբար դրեցին Առնոնի+ գետահովտի* շրջանում, որը գտնվում է ամորհացիների սահմանին հարակից անապատում: Առնոնը Մովաբի սահմանն է՝ Մովաբի և ամորհացիների միջև եղող սահմանը: 14  Ահա թե ինչու Եհովայի պատերազմների գրքում այսպիսի հիշատակում կա. «Սուֆայում գտնվող Վահեպ կոչվող վայրը և Առնոնի վտակները, 15  որոնք գետաբերանում միանում են գետին, որն էլ իջնում է դեպի Ար քաղաքը և հարում Մովաբի սահմանին»: 16  Այնտեղից իսրայելացիները գնացին Բեեր:* Այդտեղ է այն ջրհորը, որի մասին Եհովան Մովսեսին ասաց. «Հավաքի՛ր ժողովրդին, և ես ջուր կտամ նրանց»: 17  Այդ ժամանակ էր, որ Իսրայելը այս երգը երգեց. «Բխեցրո՛ւ ջրերդ, ջրհո՛ր: Ո՛վ մարդիկ, պատասխանե՛ք երգով: 18  Այս ջրհորը փորեցին իշխանները՝ ժողովրդի առաջնորդները,Փորեցին իշխանական գավազանով ՝ իրենց իսկ ցուպով»: Իսկ հետո իսրայելացիները անապատից գնացին Մաթանա, 19  Մաթանայից՝ Նաալիել և Նաալիելից՝ Բամոթ:+ 20  Բամոթից գնացին Մովաբի+ տարածքում* գտնվող հովիտը՝ Փասգայի բարձունքի+ մոտ, որը նայում է դեպի Եսիմոն:*+ 21  Իսրայելը պատգամաբերներ ուղարկեց ամորհացիների թագավոր Սեհոնի մոտ՝ ասելով.+ 22  «Թույլ տուր՝ անցնենք քո երկրով: Ճանապարհից չենք շեղվի, ոչ մի արտ կամ խաղողի այգի չենք մտնի ու ոչ մի ջրհորից ջուր չենք խմի: Թագավորի ճանապարհով* կշարժվենք, մինչև որ անցնենք քո տարածքի միջով»:+ 23  Բայց Սեհոնը թույլ չտվեց, որ Իսրայելը անցնի իր տարածքով, այլ հավաքեց իր ամբողջ ժողովրդին և դուրս եկավ Իսրայելի դեմ: Նա եկավ Հասսա ու սկսեց կռվել Իսրայելի դեմ:+ 24  Իսրայելը սրի քաշեց նրանց+ ու տիրացավ նրանց երկրին՝+ Առնոնից+ մինչև Հաբոկ,+ որը ամմոնացիների երկրի մոտ է, բայց Հազերից+ այն կողմ չանցավ, որովհետև դա ամմոնացիների սահմանն է:+ 25  Այդպես Իսրայելը գրավեց ամորհացիների+ բոլոր քաղաքները՝ Եսեբոնն ու դրա բոլոր կախյալ* ավանները, և սկսեց բնակվել այնտեղ: 26  Եսեբոնը պատկանում էր ամորհացիների թագավոր Սեհոնին, որը պատերազմել էր Մովաբի թագավորի դեմ ու գրավել էր նրա ողջ երկիրը մինչև Առնոն: 27  Ահա թե որտեղից է ծագել այս հեգնական առածը. «Եսեբո՛ն եկեք: Թող Սեհոնի այս քաղաքը կառուցվի և ամուր հաստատվի: 28  Եսեբոնից կրակ դուրս եկավ, բոց ելավ քաղաքից Սեհոնի. Այն կլանեց Մովաբի Ար քաղաքը, սպառեց տերերին Առնոնի բարձունքների: 29  Վա՜յ քեզ, Մովա՛բ: Դու կկործանվես, ժողովո՛ւրդ Քամոսի:+ Նա* փախստական է դարձնում իր որդիներին,Դուստրերին գերության տալիս ամորհացիների արքա Սեհոնին: 30  Եկեք նետահարենք նրանց: Կործանում կգա Եսեբոնի վրա ու կհասնի մինչև Դեբոն:+ Եկեք ամայացում սփռենք մինչև Նոֆա: Կրակը կտարածվի մինչև Մեդաբա»:+ 31  Այսպիսով՝ իսրայելացիները բնակվեցին ամորհացիների երկրում: 32  Մովսեսը մի քանի հոգու ուղարկեց Հազերը+ հետախուզելու: Նրանք զավթեցին Հազերի կախյալ* ավանները և վռնդեցին այնտեղ ապրող ամորհացիներին: 33  Դրանից հետո թեքվեցին ու գնացին Բասանի ճանապարհով: Այդ ժամանակ Բասանի թագավոր Օգը+ իր ողջ ժողովրդի հետ նրանց դեմ կռվի դուրս եկավ Եդրայիում:+ 34  Եհովան ասաց Մովսեսին. «Նրանից մի՛ վախեցիր,+ քանի որ նրան, նրա ողջ ժողովրդին ու նրա երկիրը քո ձեռքն եմ տալու:+ Նրա հետ վարվիր այնպես, ինչպես վարվեցիր ամորհացիների թագավորի՝ Եսեբոնում բնակվող Սեհոնի հետ»:+ 35  Իսրայելացիները կործանեցին Օգին, նրա որդիներին ու նրա ողջ ժողովրդին: Նրա ժողովրդից մեկն էլ ողջ չմնաց,+ և իսրայելացիները տիրացան նրա երկրին:+

Ծանոթագրություններ

Նշանակում է «դատապարտում կործանման»:
Կամ՝ «կիզող», «այրող»:
Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Նշանակում է «ջրհոր»:
Կամ հնարավոր է՝ «անապատ»:
Բռց.՝ «դաշտում»:
Այսինքն՝ գլխավոր ճանապարհով:
Կամ՝ «շրջակա»:
Հավանաբար վերաբերում է Քամոսին կամ Մովաբին:
Կամ՝ «շրջակա»: