Թվեր 30։1-16

  • Տղամարդկանց տված երդումները (1, 2)

  • Կանանց ու դուստրերի տված երդումները (3-16)

30  Հետո Մովսեսը խոսեց Իսրայելի ցեղերի գլուխների+ հետ՝ ասելով. «Ահա թե ինչ է պատվիրել Եհովան:  Եթե մի մարդ Եհովային խոստում տա+ կամ եթե երդվելով պարտավորվի հրաժարվել ինչ-որ բանից,+ ապա չպետք է դրժի իր խոսքը:+ Նա պետք է կատարի այն ամենը, ինչ դուրս է եկել իր բերանից:+  Եթե աղջիկը, որը դեռ իր հոր տանն է ապրում, Եհովային խոստում տա, որ մի բան կանի, կամ խոստումով պարտավորվի հրաժարվել ինչ-որ բանից,  ու նրա հայրը, լսելով նրա խոստման մասին, որով նա իր վրա պարտավորություն է վերցրել, որևէ առարկություն չանի, ապա աղջկա բոլոր խոստումները ուժի մեջ պետք է մնան: Ամեն խոստում, որով նա պարտավորվել է հեռու մնալ ինչ-որ բանից, ուժի մեջ կմնա:  Բայց եթե նրա հայրը, լսելով նրա բոլոր խոստումների մասին, արգելի կատարել դրանք, ապա այդ խոստումներն այլևս ուժի մեջ չեն լինի: Եհովան կների աղջկան, քանի որ նրա հայրը արգելել է նրան:+  Եթե աղջիկը ամուսնանա՝ դեռևս լինելով իր խոստման կամ հապճեպորեն տված իր խոսքի պարտավորության տակ,  և նրա ամուսինը, լսելով դրա մասին, իր լսած օրը ոչ մի առարկություն չանի, ապա նրա խոստումները, որոնցով նա իր վրա պարտավորություն է վերցրել, ուժի մեջ կմնան:  Բայց եթե ամուսինը իր լսած օրը կնոջն արգելի պահել խոստումը կամ հապճեպորեն տված խոսքը, այդպիսով անվավեր կդարձնի կնոջ խոստումները:+ Եհովան կների կնոջը:  Եթե այրին կամ ամուսնալուծված կինը խոստում տա, ապա այն ամենը, ինչ պարտավորվել է, պետք է անի: 10  Եթե կինը իր ամուսնու տանը եղած ժամանակ է խոստումով պարտավորվել մի բան անել կամ մի բանից հրաժարվել, 11  և նրա ամուսինը, լսելով այդ մասին, չի առարկել ու չի արգելել, ապա կնոջ բոլոր խոստումները, որոնցով նա պարտավորություն է վերցրել իր վրա, ուժի մեջ կմնան: 12  Իսկ եթե ամուսինը իր լսած օրը լիովին անվավեր դարձնի կնոջ խոստումները, ապա ինչ խոստումներ էլ նա տված լինի, այլևս ուժի մեջ չեն լինի:+ Նրա ամուսինը անվավեր է դարձրել դրանք. Եհովան կների կնոջը: 13  Ամուսինը հաստատում կամ անվավեր է դարձնում իր կնոջ տված ցանկացած խոստում կամ ինքն իրեն մի բանից զրկելու* ցանկացած երդում: 14  Սակայն եթե օրերն անցնում են, և ամուսինը ոչ մի առարկություն չի անում, ապա նշանակում է՝ նա հաստատել է նրա տված բոլոր խոստումները կամ երդումները: Նա հաստատել է դրանք, քանի որ իր լսած օրը չի առարկել: 15  Իսկ եթե նա հետո՝ իր լսած օրից որոշ ժամանակ անց, որոշի անվավեր դարձնել դրանք, ապա կնոջ հանցանքը նրա վրա կլինի, ու նա կկրի դրա հետևանքները»:+ 16  Ահա թե ինչ կանոններ Եհովան տվեց Մովսեսին ամուսնու և կնոջ, ինչպես նաև հոր և նրա տանը ապրող երիտասարդ աղջկա վերաբերյալ:

Ծանոթագրություններ

Սա վերաբերում է նաև ծոմապահությանը և նման այլ սահմանափակումների: