Թվեր 8։1-26

  • Ահարոնը վառում է յոթ ճրագները (1-4)

  • Ղևտացիները մաքրագործվում են և սկսում են ծառայել (5-22)

  • Ղևտացիների ծառայության տարիքային սահմանափակումը (23-26)

8  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Ահարոնին ասա. «Վառիր ճրագակալի յոթ ճրագները, որ դրանք լուսավորեն ճրագակալի դիմացի տարածությունը»»:+  Ահարոնը այդպես էլ արեց: Նա վառեց ճրագները, որ դրանք լուսավորեն ճրագակալի դիմացի տարածությունը,+ ինչպես որ Եհովան պատվիրեց Մովսեսին:  Ահա թե ինչպես էր պատրաստված ճրագակալը. այն ոսկուց էր կոփված՝ բնից մինչև ծաղիկները կոփելով էր պատրաստված:+ Ճրագակալը պատրաստվել էր այնպես, ինչպես Եհովան տեսիլքում+ ցույց էր տվել Մովսեսին:  Եհովան կրկին խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.  «Իսրայելացիների միջից առանձնացրու ղևտացիներին ու ծիսականորեն մաքրիր նրանց:+  Նրանց այսպե՛ս պետք է մաքրագործես. վերցրու ջուր՝ մեղքերը մաքրելու* համար, և ցողիր նրանց վրա: Նրանք պետք է ածելիով սափրեն իրենց ամբողջ մարմինը, լվանան իրենց հագուստները ու այդպիսով մաքրագործվեն:+  Հետո մի մատղաշ ցուլ բեր,+ դրա հետ՝ նաև հացի ընծա՝+ մանր աղացած ու յուղի հետ խառնած ալյուր: Մեկ մատղաշ ցուլ էլ բեր մեղքի զոհի համար:+  Ղևտացիներին կանգնեցրու հանդիպման վրանի առաջ և հավաքիր Իսրայելի ողջ ժողովրդին:+ 10  Երբ ղևտացիներին կանգնեցնես Եհովայի առաջ, իսրայելացիները պետք է իրենց ձեռքերը դնեն նրանց գլխին:+ 11  Ահարոնը պետք է ղևտացիներին Եհովայի առաջ ներկայացնի* որպես իսրայելացիների կողմից տրված երերացնելու ընծա.+ ղևտացիները ծառայություն կմատուցեն Եհովային:+ 12  Ապա ղևտացիները իրենց ձեռքերը կդնեն ցլերի գլխներին:+ Ցլերից մեկը պետք է Եհովային մատուցվի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ, որ քավություն արվի+ ղևտացիների համար: 13  Այնուհետև ղևտացիներին պետք է կանգնեցնես Ահարոնի ու նրա որդիների առաջ և նրանց ներկայացնես* Եհովային որպես երերացնելու ընծա: 14  Ղևտացիներին պետք է առանձնացնես իսրայելացիների միջից. ղևտացիները իմը կլինեն:+ 15  Դրանից հետո ղևտացիները կգան, որ ծառայեն հանդիպման վրանի մոտ: Ահա թե ինչպես պետք է մաքրագործես նրանց և ներկայացնես* որպես երերացնելու ընծա: 16  Նրանք տրվածներ են՝ իսրայելացիների միջից ինձ տրվածներ: Իսրայելացիների բոլոր առաջնեկների փոխարեն նրա՛նց կվերցնեմ ինձ համար:+ 17  Չէ՞ որ Իսրայելի ամեն առաջնեկ իմն է՝ լինի մարդ, թե կենդանի:+ Նրանց առանձնացրի* ինձ համար այն օրը, երբ հարվածեցի Եգիպտոսի բոլոր առաջնեկներին:+ 18  Իսրայելացիների բոլոր առաջնեկների փոխարեն ես ղևտացիներին եմ վերցնում: 19  Ես նրանց ընտրում եմ իսրայելացիների միջից և Ահարոնին ու նրա որդիներին եմ տալիս, որ հանդիպման վրանի մոտ իսրայելացիների համար ծառայություն անեն+ և օգնեն քավություն անելու նրանց համար, որ նրանք չմոտենան սուրբ վայրին, ու նրանց վրա պատուհաս չգա»:+ 20  Մովսեսը, Ահարոնը և Իսրայելի ողջ ժողովուրդը արեցին այն ամենը, ինչ Եհովան Մովսեսին պատվիրել էր ղևտացիների վերաբերյալ. իսրայելացիները հենց այդպես էլ արեցին: 21  Եվ այսպես՝ ղևտացիները մաքրագործեցին իրենց, լվացին իրենց հագուստները,+ իսկ հետո Ահարոնը նրանց ներկայացրեց* Եհովայի առաջ որպես երերացնելու ընծա:+ Այնուհետև Ահարոնը քավություն արեց նրանց համար, որ նրանց մաքրի իրենց մեղքերից:+ 22  Դրանից հետո ղևտացիները եկան, որ հանդիպման վրանի մոտ կատարեն իրենց ծառայությունը Ահարոնի ու նրա որդիների առաջնորդության ներքո: Ամեն բան արվեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան Մովսեսին պատվիրել էր ղևտացիների վերաբերյալ: 23  Ապա Եհովան ասաց Մովսեսին. 24  «Ղևտացիների առնչությամբ կարգը սա է. ղևտացին հանդիպման վրանի հետ կապված իր ծառայությունը կսկսի 25 տարեկանից: 25  Սակայն 50 տարեկան դառնալուց հետո նա կավարտի իր ծառայությունը և այլևս չի ծառայի: 26  Նա կօգնի իր եղբայրներին կատարելու հանդիպման վրանին առնչվող իրենց պարտականությունները, սակայն անձամբ չի անի այդ ծառայությունը: Ահա այսպես պետք է վարվեք ղևտացիների և նրանց պարտականությունների հետ կապված հարցում»:+

Ծանոթագրություններ

Խոսքը խորհրդանշական մաքրման մասին է:
Բռց.՝ «երերացնի»: Այսինքն՝ պատվիրի հետ ու առաջ շարժվել:
Բռց.՝ «երերացնես»: Այսինքն՝ պատվիրես հետ ու առաջ շարժվել:
Բռց.՝ «երերացնես»: Այսինքն՝ պատվիրես հետ ու առաջ շարժվել:
Բռց.՝ «սրբագործեցի»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «երերացրեց»: Այսինքն՝ պատվիրեց հետ ու առաջ շարժվել: