Ժողովող 10։1-20
10 Ինչպես որ սատկած ճանճերի պատճառով անուշահոտ յուղը թթվում է ու գարշահոտում, այնպես էլ մարդու մի փոքր հիմարությունը արժեզրկում է նրա իմաստությունն ու փառքը:+
2 Իմաստունի սիրտը ճիշտ ճանապարհով է առաջնորդում նրան,* իսկ հիմարի սիրտը՝ սխալ ճանապարհով:*+
3 Որ ճամփով էլ հիմարը գնա, նա անխոհեմ է,*+ և բոլորի համար ակնհայտ է, որ նա հիմար է:+
4 Եթե ղեկավարը բարկանա քեզ վրա, մի՛ հեռացիր,+ որովհետև հանդարտությունը մեղմում է ծանր մեղքերը:+
5 Մի ցավալի բան եմ տեսել արեգակի տակ՝ իշխանավորների գործած սխալը.+
6 հիմարներին նրանք բարձր պաշտոնների են նշանակում, մինչդեռ շնորհալիները* ցածր դիրքում են մնում:
7 Ես տեսել եմ ծառաների, որոնք ձի են հեծնում, և իշխանների, որոնք ծառաների պես ոտքով են քայլում:+
8 Փոս փորողը կարող է իր փորած փոսը ընկնել,+ և քարե պատ քանդողին օձը կարող է խայթել:
9 Քարեր հատողը կարող է դրանցով վնասվել, գերաններ կոտրողը վտանգի է ենթարկում իրեն:*
10 Եթե երկաթյա գործիքը բթացել է, և մարդ չի սրում դրա սայրը, նա ստիպված է շատ ջանք գործադրել: Բայց իմաստությունը օգնում է հաջողության հասնել:
11 Եթե օձը խայթի նախքան իրեն հմայելը, ապա ի՞նչ օգուտ հմայողից:
12 Իմաստունի խոսքերը հաճելի են,+ բայց հիմարի շուրթերը կործանում են նրան:+
13 Նրա առաջին բառերը հիմարություն են,+ վերջիններն էլ՝ անմտություն, որը կործանման է տանում:
14 Բայց հիմարը շարունակում է խոսել:+
Մարդը չգիտի՝ ինչ է լինելու ապագայում. ո՞վ կարող է նրան ասել, թե իրենից հետո ինչ կլինի:+
15 Հիմարի ծանր աշխատանքը հոգնեցնում է իրեն, որովհետև նա նույնիսկ չգիտի, թե ինչպես գտնի քաղաք տանող ճանապարհը:
16 Վա՜յ այն երկրին, որի թագավորը երեխա է,+ իսկ իշխանները առավոտվանից են սկսում խնջույք անել:
17 Երանի՜ այն երկրին, որի թագավորը ազնվական ցեղից է, իսկ իշխանները պատշաճ ժամանակին են ուտում-խմում, որպեսզի վերականգնեն ուժերը, ոչ թե հարբեն:+
18 Ծայրահեղ ծուլության պատճառով տանիքը նստում է, և ձեռքերը ծալած նստելու պատճառով կտուրը կաթում է:+
19 Հացը* ուրախության համար է, գինին կյանքը հաճելի է դարձնում,+ բայց փողը բավարարում է բոլոր կարիքները:+
20 Նույնիսկ քո մտքում* թագավորին մի՛ անիծիր+ և քո ննջասենյակում՝ հարուստին, որովհետև թռչունը գուցե լուր տանի, և թևավոր արարածը կրկնի ասվածը:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «իր աջ կողմում է»:
^ Կամ՝ «իր ձախ կողմում է»:
^ Բռց.՝ «սիրտ չունի»:
^ Բռց.՝ «հարուստները»:
^ Կամ հնարավոր է՝ «պետք է զգույշ լինի դրանց հետ աշխատելիս»:
^ Կամ՝ «Ուտելիքը»:
^ Կամ հնարավոր է՝ «անկողնում»: