Ժողովող 8։1-17
8 Ո՞վ կարող է համեմատվել իմաստուն մարդու հետ, և ո՞վ գիտի, թե ինչպես լուծել խնդիրները:* Մարդու իմաստությունը լուսավորում է նրա դեմքը և հեռացնում է նրա դեմքի խստությունը:
2 Խորհուրդս սա է. «Հնազանդվիր թագավորի հրամաններին.+ չէ՞ որ Աստծուն երդում ես տվել:+
3 Մի՛ շտապիր հեռանալ թագավորի առաջից:+ Մի՛ ներքաշվիր չար բանի մեջ,+ քանի որ նա կարող է անել այն, ինչ ուզենա,
4 և նրա խոսքը օրենք է:+ Ո՞վ կարող է նրան ասել. «Ի՞նչ ես անում»»:
5 Հրամանը կատարողին վտանգ չի սպառնա,+ և իմաստուն մարդը կիմանա, թե որն է գործելու ճիշտ ժամանակն ու ձևը:+
6 Քանի որ մարդկանց խնդիրները շատ են, յուրաքանչյուր խնդիր հարկավոր է լուծել ճիշտ ժամանակին ու ճիշտ ձևով:*+
7 Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու, ուր մնաց, թե ասի՝ ինչպես է լինելու:
8 Ինչպես որ ոչ մի մարդ իշխանություն չունի ոգու* վրա և ոչ էլ կարող է զսպել այն, այնպես էլ ոչ ոք իշխանություն չունի մահվան օրվա վրա:+ Եվ ինչպես որ զինվորին պատերազմի ժամանակ տուն չեն թողնում, այնպես էլ չարագործները չեն կարող ազատվել իրենց չար արարքների հետևանքներից:*
9 Այս բոլորը ես տեսել եմ և մտածել եմ այն ամենի մասին, ինչ արվում է արեգակի տակ: Մարդը մարդու վրա իշխում է ի վնաս նրա:+
10 Եվ ես տեսել եմ, թե ինչպես էին թաղում չարագործներին՝ նրանց, ովքեր գալիս էին սուրբ վայր և հեռանում այնտեղից: Նրանց մասին շատ շուտ մոռանում էին այն քաղաքում, որտեղ նրանք չար բաներ էին արել:+ Սա էլ է ունայնություն:
11 Քանի որ չար գործի վերաբերյալ կայացված դատավճիռը շուտ չի իրականացվում,+ մարդիկ ավելի համարձակ են դառնում չարություն անելու հարցում:+
12 Մեղսագործը գուցե հարյուր անգամ չարություն գործի ու, չնայած դրան, երկար ապրի, սակայն գիտեմ, որ ճշմարիտ Աստծուց վախեցողների համար ի վերջո լավ կլինի, որովհետև նրանք վախենում են նրանից:+
13 Բայց մեղսագործի վերջը լավ չի լինի,+ ու նա չի երկարացնի իր կյանքը, որը ստվերի պես է,+ քանի որ չի վախենում Աստծուց:
14 Երկրի վրա այսպիսի մի ունայնություն էլ կա. կան արդարներ, որոնց վերաբերվում են ինչպես չարագործների,+ և կան չարագործներ, որոնց վերաբերվում են ինչպես արդարների:+ Եվ ես ասացի. «Սա էլ է ունայնություն»:
15 Ուստի ես խորհուրդ եմ տալիս ուրախանալ,+ քանի որ արեգակի տակ մարդու համար ուտելուց, խմելուց և ուրախանալուց ավելի լավ բան չկա: Այս ամենը պետք է ուղեկցվի ծանր աշխատանքի հետ նրա ողջ կյանքում,+ որը ճշմարիտ Աստված տվել է նրան արեգակի տակ:
16 Ես որոշեցի իմաստություն ձեռք բերել և տեսնել այն բոլոր բաները, որոնցով մարդիկ զբաղվում են երկրի վրա,+ և այդ ընթացքում ո՛չ գիշերը քուն ունեի, ո՛չ ցերեկը:*
17 Հետո ես սկսեցի խորհել ճշմարիտ Աստծու բոլոր գործերի մասին և հասկացա, որ մարդիկ չեն կարող ըմբռնել այն ամենը, ինչ կատարվում է արեգակի տակ:+ Որքան էլ նրանք ջանք գործադրեն, չեն ըմբռնի: Նույնիսկ եթե ասեն, որ դրա համար բավականաչափ իմաստություն ունեն, միևնույն է, չեն կարող ըմբռնել:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ամեն ինչ բացատրել»:
^ Կամ՝ «դատողությամբ»:
^ Կամ՝ «շնչի», «քամու»:
^ Կամ հնարավոր է՝ «չարագործների չարությունը չի կարող փրկել իրենց»:
^ Կամ հնարավոր է՝ «մարդիկ գիշեր-ցերեկ քուն չունեին»: