Ծննդոց 22։1-24

  • Աբրահամին պատվեր է տրվում զոհաբերելու Իսահակին (1-19)

    • Օրհնություն Աբրահամի սերնդի միջոցով (15-18)

  • Ռեբեկայի գերդաստանը (20-24)

22  Դրանից հետո ճշմարիտ Աստված ստուգեց Աբրահամին:+ Նա ասաց. «Աբրահա՛մ»: Աբրահամն էլ պատասխանեց. «Այո՛, Տե՛ր»:  Աստված ասաց. «Վերցրու, խնդրեմ, քո որդուն՝ քո մինուճար որդուն՝ Իսահակին,+ որին այդքան սիրում ես,+ գնա Մորիա+ երկիր ու նրան մատուցիր որպես ողջակեզ այն լեռներից մեկի վրա, որ քեզ ցույց կտամ»:  Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ ու թամբեց էշը: Նա իր հետ վերցրեց իր ծառաներից երկուսին և իր որդի Իսահակին: Ողջակեզի համար փայտ կոտրեց, իսկ հետո ճանապարհ ընկավ դեպի ճշմարիտ Աստծու ասած վայրը:  Երրորդ օրը Աբրահամը, վեր նայելով, հեռվում տեսավ այդ վայրը:  Նա իր ծառաներին ասաց. «Դուք այստեղ էշի մոտ մնացեք, իսկ ես ու տղան գնանք այնտեղ, երկրպագություն անենք ու վերադառնանք»:  Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտը, դրեց իր որդի Իսահակի ուսին, իսկ ինքը վերցրեց կրակն* ու դանակը, և երկուսով շարունակեցին ճանապարհը:  Հետո Իսահակը իր հորը՝ Աբրահամին, ասաց. «Հա՛յր իմ»: «Լսում եմ, որդի՛ս»,– պատասխանեց Աբրահամը: Իսահակը շարունակեց. «Կրակ ու փայտ ունենք, բայց ո՞ւր է ողջակեզի ոչխարը»:  Աբրահամը պատասխանեց. «Աստված ինքը ոչխար կտա ողջակեզի համար,+ որդի՛ս»: Եվ երկուսով շարունակեցին ճանապարհը:  Վերջապես նրանք հասան այն տեղը, որ ճշմարիտ Աստված ցույց էր տվել Աբրահամին: Աբրահամը մի զոհասեղան շինեց այնտեղ և փայտերը շարեց դրա վրա: Ապա կապեց իր որդի Իսահակի ձեռքերն ու ոտքերը և պառկեցրեց զոհասեղանին՝ փայտերի վրա:+ 10  Հետո վերցրեց դանակը, որ սպանի իր որդուն,+ 11  բայց Եհովայի հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Նա պատասխանեց. «Այո՛, լսում եմ»: 12  Հրեշտակն* ասաց. «Մի՛ վնասիր տղային, նրան ոչինչ մի՛ արա. հիմա գիտեմ, որ աստվածավախ* ես, քանի որ չհրաժարվեցիր ինձ համար զոհել քո մինուճար որդուն»:+ 13  Այդ ժամանակ Աբրահամը վեր նայեց ու քիչ այն կողմ մի արու ոչխար տեսավ, որը եղջյուրներով խճճվել էր մացառների մեջ: Նա գնաց բերեց ոչխարը և իր որդու փոխարեն այն մատուցեց որպես ողջակեզ: 14  Աբրահամն այդ վայրը կոչեց Եհովա-Յիրե:* Ահա թե ինչու մինչ օրս ժողովրդի մեջ այսպիսի խոսք կա. «Իր լեռան+ վրա Եհովան կտա, ինչ անհրաժեշտ է»: 15  Եհովայի հրեշտակը երկնքից կրկին ձայն տվեց Աբրահամին՝ 16  ասելով. «Երդվում եմ ինձանով,– ասում է Եհովան:+– Քանի որ արեցիր իմ ասածը և չխնայեցիր քո որդուն՝ քո մինուճարին,+ 17  քեզ անշուշտ կօրհնեմ և քո սերունդը երկնքի աստղերի ու ծովափի ավազահատիկների չափ կշատացնեմ:+ Քո սերունդը կտիրի իր թշնամիների քաղաքներին:*+ 18  Եվ քո սերնդի+ միջոցով երկրի բոլոր ազգերը կօրհնվեն,* քանի որ հնազանդվեցիր ինձ»:+ 19  Այնուհետև Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և նրանք միասին հետ գնացին Բերսաբեե:+ Աբրահամը շարունակեց այնտեղ ապրել: 20  Որոշ ժամանակ անց Աբրահամին տեղեկացրին. «Մելքան քո եղբայր Նաքորի+ համար որդիներ է ծնել: 21  Առաջնեկը Հուսն է, նրա եղբայրներն են Բուզը, Կամուելը (Արամի հայրը), 22  Քազադը, Ազավը, Փալդասը, Հետլափն ու Բաթուելը»:+ 23  Հետագայում Բաթուելը ունեցավ Ռեբեկային:+ Ահա այս ութ որդիներին էր, որ լույս աշխարհ բերեց Մելքան՝ Աբրահամի եղբայր Նաքորի կինը: 24  Նաքորի հարճը,* որի անունը Ռեումա էր, նույնպես որդիներ ունեցավ. նրանք էին Տեբաքը, Գաամը, Թաքասն ու Մաաքան:

Ծանոթագրություններ

Հավանաբար, խոսքը այրվող ածուխների մասին է:
Այսինքն՝ Եհովային ներկայացնող հրեշտակը:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Նշանակում է «Եհովան կհոգա», «Եհովան կտա»:
Բռց.՝ «դարպասին»:
Եբր. բայաձևը ցույց է տալիս, որ օրհնվելու համար հարկավոր էր լինելու ջանք թափել:
Բառարանում տես «Հարճ»: