Ծննդոց 24։1-67

  • Եղիեզերը Իսահակի համար կին է փնտրում (1-58)

  • Ռեբեկան գնում է Իսահակի մոտ (59-67)

24  Աբրահամն արդեն ծերացել, տարիքն առել էր, և Եհովան ամեն ինչում օրհնել էր նրան:+  Աբրահամը կանչեց իր ծառային, որն իր տան մեջ ամենամեծն էր և տնօրինում էր իր ողջ ունեցվածքը,+ և ասաց նրան. «Խնդրում եմ, ձեռքդ ազդրիս տակ դիր*  ու երդվիր Եհովայով՝ երկնքի ու երկրի Աստծով, որ որդուս համար կին չես բերի քանանացիների աղջիկներից, որոնց երկրում ես ապրում եմ,+  այլ կգնաս իմ երկիր՝ իմ ազգականների+ մոտ, ու որդուս՝ Իսահակի համար կին կբերես»:  Ծառան հարցրեց նրան. «Իսկ ի՞նչ անեմ, եթե այդ կինը չցանկանա ինձ հետ այս երկիր գալ: Պե՞տք է արդյոք որդուդ տանեմ այն երկիր, որտեղից դու եկել ես»:+  Աբրահամը պատասխանեց նրան. «Հանկարծ որդուս չտանես այնտեղ:+  Եհովան՝ երկնքի Աստվածը,* ով հանեց ինձ իմ հայրական տնից ու ազգականների երկրից,+ և ով խոսեց ինձ հետ ու երդվեց՝+ ասելով, թե՝ «Քո սերնդին+ եմ տալու այս երկիրը»,+ քո առջևից կուղարկի իր հրեշտակին,+ և դու, անշուշտ, որդուս համար կին կգտնես այնտեղ:+  Իսկ եթե այդ կինը չցանկանա գալ քեզ հետ, դու ազատված կլինես այս երդումից: Բայց որդուս չտանես այնտեղ»:  Այդ ժամանակ ծառան ձեռքը դրեց իր տիրոջ՝ Աբրահամի ազդրի տակ ու երդվեց, որ կանի նրա ասածները:+ 10  Այնուհետև ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ վերցրեց ու ճանապարհ ընկավ՝ իր հետ տանելով տիրոջ ունեցած ամեն տեսակ բարիքներից: Նա գնաց Միջագետք՝ Նաքորի քաղաք: 11  Երբ հասավ քաղաքից դուրս գտնվող մի ջրհորի մոտ, ուղտերին կանգնեցրեց, որ հանգիստ առնեն:* Իրիկնադեմ էր՝ այն ժամը, երբ կանայք դուրս էին գալիս ջուր հանելու: 12  Նա ասաց. «Եհո՛վա, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, խնդրում եմ, այսօր հաջողեցրու իմ գործը և ցույց տուր քո հավատարիմ սերը իմ տեր Աբրահամի հանդեպ: 13  Ահա ես կանգնած եմ ջրի աղբյուրի մոտ, և քաղաքի աղջիկները դուրս են գալիս ջուր հանելու: 14  Այն աղջիկը, ում ես կասեմ՝ «Խնդրում եմ, սափորդ իջեցրու, որ խմեմ», և ով կասի՝ «Խմիր, և ես քո ուղտերին էլ ջուր կտամ», թող նա՛ լինի այն մեկը, որին դու ընտրել ես քո ծառա Իսահակի համար: Այդպես ես կիմանամ, որ դու հավատարիմ սեր ես ցուցաբերել իմ տիրոջ հանդեպ»: 15  Ծառան դեռ չէր ավարտել իր խոսքը, երբ քաղաքից, սափորն ուսին, դուրս եկավ Ռեբեկան, որը Բաթուելի+ աղջիկն էր (Բաթուելի հայրը Աբրահամի եղբայր Նաքորն+ էր, իսկ մայրը՝ Մելքան՝+ Նաքորի կինը): 16  Աղջիկը շատ գեղեցիկ էր: Նա կույս էր. ոչ մի տղամարդ հարաբերություն չէր ունեցել նրա հետ: Նա իջավ դեպի աղբյուրը և ջրով լցրեց իր սափորը: Ու երբ հետ էր դառնում, 17  ծառան անմիջապես վազեց նրան ընդառաջ ու ասաց. «Խնդրում եմ, մի կում ջուր տուր քո սափորից»: 18  Նա էլ պատասխանեց. «Խմի՛ր, տե՛ր իմ»: Դա ասելով՝ սափորն իսկույն իջեցրեց ուսից ու պահեց, որ նա խմի: 19  Ծառային ջուր տալուց հետո նա ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ, մինչև որ հագենան»: 20  Ռեբեկան սափորն արագ դատարկեց գուռի* մեջ, ապա մի քանի անգամ դեպի ջրհորը վազեց՝ ջուր հանելու, և այդպես նրա բոլոր ուղտերի համար ջուր հանեց: 21  Այդ ամբողջ ընթացքում ծառան լուռ ու ապշահար նրան էր նայում ու մտածում՝ արդյոք Եհովան իր ճամփորդությունը հաջողեցրել է, թե ոչ: 22  Երբ ուղտերը հագեցան, այդ մարդը Ռեբեկային տվեց քթի ոսկե օղ, որը կշռում էր կես սիկղ,* ու երկու ոսկե թևնոց, որոնք կշռում էին տասը սիկղ:* 23  Ապա հարցրեց նրան. «Ասա ինձ, խնդրեմ, դու ո՞ւմ աղջիկն ես: Քո հոր տանը գիշերելու տեղ կլինի՞ մեզ համար»: 24  Նա էլ պատասխանեց. «Ես Բաթուելի+ աղջիկն եմ՝ Մելքայի ու Նաքորի+ որդու»: 25  Ապա ավելացրեց. «Մենք և՛ գիշերելու տեղ ունենք, և՛ հարդ* ու շատ կեր՝ ուղտերի համար»: 26  Այդ ժամանակ մարդը, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեց Եհովայի առաջ 27  ու ասաց. «Փա՛ռք Եհովային՝ իմ տիրոջ՝ Աբրահամի Աստծուն, քանի որ միշտ սեր* ու հավատարմություն է դրսևորել իմ տիրոջ հանդեպ: Եհովան առաջնորդել է ինձ դեպի իմ տիրոջ եղբայրների տուն»: 28  Աղջիկը վազելով գնաց և մորն ու մյուս տնեցիներին պատմեց այս ամենի մասին: 29  Ռեբեկան մի եղբայր ուներ, որի անունը Լաբան+ էր: Նա վազեց, որ տեսնի այն մարդուն, որը մնացել էր աղբյուրի մոտ՝ քաղաքից դուրս: 30  Բանն այն է, որ Լաբանը տեսել էր իր քրոջ՝ Ռեբեկայի քթի օղը, նրա ձեռքերի թևնոցները և լսել նրա խոսքերը, թե՝ «Այդ մարդն ինձ այսպիսի բաներ ասաց»: Ուստի գնաց ու դիմավորեց այդ մարդուն, որը դեռ կանգնած էր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ, 31  և իսկույն ասաց. «Ե՛կ, Եհովայից օրհնվա՛ծ մարդ: Ինչո՞ւ ես այստեղ կանգնած մնացել: Ես տանը պատրաստություն եմ տեսել քեզ հյուրընկալելու համար: Ուղտերի համար էլ եմ տեղ պատրաստել»: 32  Երբ այդ մարդը մտավ տուն, նա* հանեց ուղտերի թամբերն ու սանձերը և հարդ ու կեր տվեց, իսկ այդ մարդուն ու նրա ուղեկիցներին ջուր տվեց ոտքերը լվանալու համար: 33  Ապա նրա առաջ ուտելու բան դրեցին, բայց նա ասաց. «Ես չեմ ուտի, մինչև չասեմ իմ ասելիքը»: Լաբանն էլ ասաց. «Խոսիր»: 34  Նա սկսեց պատմել. «Ես Աբրահամի ծառան եմ:+ 35  Եհովան շատ է օրհնել իմ տիրոջը և նրան մեծ հարստություն է տվել՝ ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր:+ 36  Իմ տիրոջ կինը՝ Սառան, ծեր հասակում մի որդի է լույս աշխարհ բերել իմ տիրոջ համար:+ Եվ տերս իր որդուն է տալու իր ողջ ունեցվածքը:+ 37  Բայց նա ինձ երդվել տվեց՝ ասելով. «Որդուս համար կին չբերես քանանացիների աղջիկներից, որոնց երկրում ապրում եմ,+ 38  այլ կգնաս իմ հոր տուն՝ իմ ընտանիքի մոտ,+ և կին կբերես որդուս համար»:+ 39  Բայց ես ասացի իմ տիրոջը. «Իսկ ի՞նչ անեմ, եթե այդ կինը չցանկանա ինձ հետ գալ»:+ 40  Նա էլ ասաց. «Եհովան, ում ճանապարհներով ես գնում եմ,+ իր հրեշտակին+ կուղարկի քեզ հետ և անպայման կհաջողեցնի քո ճամփորդությունը. դու իմ ընտանիքից ու իմ հոր տնից կին կբերես որդուս համար:+ 41  Եթե գնաս իմ ընտանիքի մոտ, ու նրանք քեզ աղջիկ չտան, այդ դեպքում ազատված կլինես ինձ տված երդումից»:+ 42  Եվ այսօր, երբ հասա ջրի աղբյուրի մոտ, ասացի. «Եհո՛վա, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, եթե ճամփորդությունս հաջողեցնելու ես, 43  ուրեմն, մինչ ես կանգնած եմ աղբյուրի մոտ, թող այսպես լինի. երբ աղջիկներից մեկը+ գա ջուր հանելու, ես նրան կասեմ՝ «Խնդրում եմ, թույլ տուր՝ մի քիչ ջուր խմեմ քո սափորից», 44  և եթե նա ինձ ասի՝ «Խմի՛ր, և ես քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ», թող նա՛ լինի այն կինը, ում դու, Եհո՛վա, ընտրել ես իմ տիրոջ որդու համար»:+ 45  Ես դեռ մտքումս* խոսում էի, երբ տեսա, որ Ռեբեկան դուրս է գալիս քաղաքից՝ սափորն ուսին: Նա իջավ դեպի աղբյուրը և սկսեց ջուր հանել: Այդ ժամանակ նրան ասացի. «Խնդրում եմ, ինձ ջուր տուր՝ խմեմ»:+ 46  Նա էլ իսկույն սափորն իջեցրեց ուսից և ասաց. «Խմի՛ր:+ Քո ուղտերին էլ ջուր կտամ»: Ես խմեցի, և նա ուղտերին էլ ջուր տվեց: 47  Դրանից հետո հարցրի. «Դու ո՞ւմ աղջիկն ես»: Նա էլ պատասխանեց. «Ես Բաթուելի աղջիկն եմ՝ Մելքայի ու Նաքորի որդու»: Ուստի ես նրա քթին օղ անցկացրի ու թևնոցներ դրեցի ձեռքերին:+ 48  Ապա ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցի Եհովայի առաջ և փառաբանեցի Եհովային՝ իմ տիրոջ՝ Աբրահամի Աստծուն,+ ով ինձ ճիշտ ճանապարհով էր առաջնորդել, որ իմ տիրոջ եղբոր աղջկան կին տանեմ նրա որդու համար: 49  Հիմա ասեք ինձ՝ արդյոք ուզում եք բարություն* ու հավատարմություն ցուցաբերել իմ տիրոջ հանդեպ, թե ոչ, որ իմանամ՝ ինչ անեմ»:*+ 50  Լաբանն ու Բաթուելը ասացին. «Սա մի բան է, որ Եհովան է առաջնորդում. մենք ո՞վ ենք, որ քեզ «այո» կամ «ոչ» ասենք:* 51  Ահա Ռեբեկան: Վերցրու նրան ու գնա, և թող նա քո տիրոջ որդու կինը դառնա, ինչպես որ Եհովան ասել է»: 52  Նրանց խոսքերը լսելով՝ Աբրահամի ծառան իսկույն մինչև գետին խոնարհվեց Եհովայի առաջ: 53  Ապա արծաթե, ոսկե զարդեր և հագուստներ հանեց ու տվեց Ռեբեկային, նաև թանկարժեք նվերներ տվեց նրա եղբորն ու մորը: 54  Հետո նա և իր ուղեկիցները կերան-խմեցին ու գիշերն այնտեղ մնացին: Իսկ առավոտյան, երբ ծառան վեր կացավ, ասաց. «Ինձ ճանապարհ դրեք, որ իմ տիրոջ մոտ վերադառնամ»: 55  Աղջկա եղբայրն ու մայրը պատասխանեցին. «Թող աղջիկը գոնե տասը օր մեզ հետ մնա, իսկ հետո կարող է գալ քեզ հետ»: 56  Բայց նա ասաց. «Ինձ մի՛ ուշացրեք, քանի որ տեսնում եմ, որ Եհովան հաջողեցրել է իմ ճամփորդությունը: Ինձ ճանապարհ դրեք, որ իմ տիրոջ մոտ վերադառնամ»: 57  Նրանք էլ ասացին. «Եկեք աղջկան կանչենք ու նրան հարցնենք»: 58  Ուստի կանչեցին Ռեբեկային ու հարցրին. «Հիմա կգնա՞ս այս մարդու հետ»: Նա պատասխանեց. «Կգնամ»: 59  Ուստի նրանք ճանապարհ դրեցին Ռեբեկային,*+ նրա դայակին,*+ ինչպես նաև Աբրահամի ծառային ու նրա մարդկանց: 60  Նրանք օրհնեցին Ռեբեկային ու ասացին. «Ո՜վ մեր քույր, թող քեզնից բազմահազար սերունդներ առաջ գան,* և թող քո սերունդը տիրանա իր թշնամիների քաղաքներին»:*+ 61  Դրանից հետո Ռեբեկան և իր աղախինները վեր կացան, նստեցին ուղտերի վրա ու գնացին այդ մարդու հետևից: Այսպիսով՝ ծառան ճանապարհ ընկավ՝ իր հետ տանելով Ռեբեկային: 62  Այդ ժամանակ Իսահակը ապրում էր Նեգև+ երկրում: Մի օր, երբ նա վերադարձել էր Բեեր-Լահայրոյի+ կողմից 63  և մթնշաղին դուրս էր եկել դաշտ՝ մտորելու,+ վեր նայեց ու տեսավ, որ ուղտեր են գալիս: 64  Ռեբեկան էլ, աչքերը բարձրացնելով, տեսավ Իսահակին և անմիջապես իջավ ուղտից: 65  Նա հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ մեզ ընդառաջ է գալիս»: Ծառան պատասխանեց. «Դա իմ տերն է»: Ուստի Ռեբեկան քողով ծածկվեց: 66  Ծառան Իսահակին պատմեց իր արած բոլոր բաների մասին: 67  Հետո Իսահակը Ռեբեկային տարավ իր մոր՝ Սառայի վրանը:+ Այդպես նա Ռեբեկային կնության առավ: Իսահակը սիրեց նրան+ և իր մոր կորստից հետո մխիթարություն գտավ:+

Ծանոթագրություններ

Ըստ ամենայնի, հին ժամանակներում սա երդումը հաստատելու ձև էր:
Բառարանում տես «Երկնքի Աստված»:
Կամ՝ «ծնկի իջեցրեց»:
Փոքր ավազան՝ անասուններին ջուր տալու համար:
Մոտ 5,7 գ: Տես հավելված Բ14:
Մոտ 114 գ:
Հացահատիկի մանրած ցողունները, որ օգտագործվում էին որպես անասնակեր:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Հավանաբար, խոսքը Լաբանի մասին է:
Բռց.՝ «սրտումս»:
Բռց.՝ «որ թեքվեմ աջ կամ ձախ»:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «մենք չենք կարող քեզ ո՛չ վատ, ո՛չ էլ լավ բան ասել»:
Բռց.՝ «իրենց քույր Ռեբեկային»:
Այսինքն՝ նրան կրծքով կերակրած կնոջը, որն արդեն դարձել էր աղախին:
Կամ՝ «բյուր հազարների մայր դառնաս»:
Բռց.՝ «դարպասին»: