Ծննդոց 3։1-24
3 Օձը+ ամենազգուշավորն* էր բոլոր վայրի կենդանիներից, որ Եհովա Աստված ստեղծել էր: Նա խոսեց կնոջ հետ՝ ասելով. «Աստված իսկապե՞ս ասել է, որ պարտեզի բոլոր ծառերից չէ, որ կարող եք ուտել»:+
2 Կինը պատասխանեց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից կարող ենք ուտել,+
3 բայց այն ծառի համար, որ պարտեզի մեջտեղում է,+ Աստված ասել է. «Դրանից չուտե՛ք և դրան չդիպչե՛ք, այլապես կմեռնեք»»:
4 Այդ ժամանակ օձը կնոջն ասաց. «Ամենևին էլ չեք մեռնի:+
5 Աստված գիտի, որ հենց այն օրը, երբ ուտեք դրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ կորոշեք, թե ինչն է բարի, ինչը՝ չար»:*+
6 Կինը տեսավ, որ ծառի պտուղը ուտելու համար լավն է և աչքերի համար՝ ցանկալի, և որ դրան հաճելի է նայել: Ուստի ծառից պտուղ քաղեց ու սկսեց ուտել:+ Իսկ հետո, երբ ամուսինն իր հետ էր, նրան էլ տվեց, և նա կերավ:+
7 Այդ ժամանակ երկուսի աչքերը բացվեցին, ու նրանք հասկացան, որ մերկ են: Ուստի թզենու տերևներն իրար կարեցին և ծածկեցին իրենց մերկությունը:*+
8 Որոշ ժամանակ անց նրանք լսեցին Եհովա Աստծու ձայնը, երբ նա օրվա հով ժամանակ* շրջում էր պարտեզում: Եվ մարդն ու իր կինը Եհովա Աստծուց թաքնվեցին պարտեզի ծառերի մեջ:
9 Իսկ Եհովա Աստված կանչում էր մարդուն՝ ասելով՝ որտե՞ղ ես:
10 Ի վերջո նա պատասխանեց. «Պարտեզում լսեցի քո ձայնը և, քանի որ մերկ էի, վախեցա ու թաքնվեցի»:
11 Նա էլ ասաց. «Ո՞վ է քեզ ասել, որ մերկ ես:+ Չլինի՞ այն ծառի պտղից ես կերել, որ քեզ պատվիրել էի չուտել»:+
12 Մարդը պատասխանեց. «Քո տված կինը՝ նա՛ տվեց ինձ ծառի պտղից, դրա համար էլ կերա»:
13 Այդ ժամանակ Եհովա Աստված կնոջն ասաց. «Այդ ի՞նչ ես արել»: Կինը պատասխանեց. «Օձն ինձ խաբեց, դրա համար էլ կերա»:+
14 Եհովա Աստված օձին+ ասաց. «Քո արածի պատճառով անիծյա՛լ լինես բոլոր ընտանի ու վայրի կենդանիների մեջ: Փորիդ վրա կսողաս և կյանքիդ բոլոր օրերում հող կուտես:
15 Ես թշնամություն+ կդնեմ քո+ և կնոջ+ միջև, քո սերնդի+ և նրա սերնդի+ միջև: Կնոջ սերունդը* քո գլուխը կջախջախի,+ և դու նրա կրունկը կխայթես»:+
16 Ապա կնոջն ասաց. «Ես կավելացնեմ հղիությանդ ցավերը: Ուժգին ցավերով երեխա կծնես: Դու խիստ կզգաս ամուսնուդ կարիքը, նա էլ կիշխի քեզ վրա»:
17 Իսկ Ադամին* ասաց. «Քանի որ լսեցիր կնոջդ և կերար այն ծառի պտղից, որի մասին քեզ պատվեր+ էի տվել՝ ասելով՝ չուտես դրանից, անիծյալ լինի հողը քո պատճառով:+ Չարչարանքով կուտես դրա տված բերքը կյանքիդ բոլոր օրերում:+
18 Այն քեզ փուշ ու տատասկ կտա, և դու դաշտի բույսերը կուտես:
19 Քո հացը երեսիդ քրտինքով կհայթայթես, մինչև որ հետ դառնաս դեպի հողը, որից վերցվել ես.+ դու հող ես և դեպի հողն էլ հետ կդառնաս»:+
20 Դրանից հետո Ադամը իր կնոջ անունը Եվա* դրեց, քանի որ նա դառնալու էր բոլոր ապրողների մայրը:+
21 Եհովա Աստված կաշվե երկար հագուստներ պատրաստեց Ադամի ու նրա կնոջ համար, որ հագնեն:+
22 Ապա Եհովա Աստված ասաց. «Այժմ մարդը մեզնից մեկի պես է դարձել՝ բարին ու չարը որոշող:*+ Եվ հիմա, որպեսզի նա իր ձեռքը չմեկնի, չվերցնի նաև կյանքի ծառի պտղից,+ չուտի այն ու չապրի հավիտյան...»:
23 Սա ասելով՝ Եհովա Աստված մարդուն դուրս արեց Եդեմի պարտեզից,+ որ նա մշակի հողը, որից վերցվել էր:+
24 Այսպիսով՝ Աստված արտաքսեց մարդուն, ապա Եդեմի պարտեզի արևելյան կողմում քերովբեներ*+ կանգնեցրեց ու բոցավառ սայր ունեցող սուր դրեց, որն անդադար պտտվում էր: Դա արեց դեպի կյանքի ծառը տանող ճանապարհը պահպանելու համար:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ամենախորամանկը»:
^ Բռց.՝ «բարին ու չարն իմացող»:
^ Կամ՝ «կոնքի հատվածը»:
^ Կամ՝ «օրվա այն ժամանակ, երբ թեթև քամի էր փչում»:
^ Բռց.՝ «Նա»:
^ Նշանակում է «հողեղեն մարդ», «մարդ արարած», «մարդկություն»:
^ Նշանակում է «ապրող»:
^ Բռց.՝ «իմացող»:
^ Բառարանում տես «Քերովբեներ»: