Ծննդոց 41։1-57

  • Հովսեփը մեկնում է փարավոնի երազները (1-36)

  • Փարավոնը բարձր դիրք է շնորհում Հովսեփին (37-46ա)

  • Հովսեփը վերահսկում է սննդի մթերումը (46բ-57)

41  Անցավ երկու տարի: Մի օր փարավոնը երազում տեսավ,+ որ կանգնած է Նեղոս գետի մոտ:  Նեղոսից դուրս եկան լավ տեսք ունեցող յոթ գեր կովեր: Դրանք արածում էին գետի ափին:+  Հետո Նեղոսից դուրս եկան յոթ ուրիշ կովեր՝ տգեղ ու նիհար, և կանգնեցին գեր կովերի կողքին՝ Նեղոս գետի ափին:  Ապա տգեղ, նիհար կովերը սկսեցին ուտել լավ տեսք ունեցող յոթ գեր կովերին: Եվ այդ պահին փարավոնը զարթնեց:  Հետո նորից քնեց և մեկ ուրիշ երազ տեսավ. ցորենի ցողունի վրա յոթ լիքը և ընտիր հասկեր դուրս եկան:+  Դրանցից հետո դուրս եկան ևս յոթ հասկեր, որոնք բարակ էին ու արևելյան քամուց խանձված:  Բարակ հասկերը սկսեցին կուլ տալ յոթ լիքը և ընտիր հասկերին: Այդ պահին փարավոնը զարթնեց ու հասկացավ, որ դա երազ էր:  Առավոտյան փարավոնը մտատանջությունների մեջ ընկավ:* Նա կանչել տվեց Եգիպտոսի՝ մոգությամբ զբաղվող բոլոր քրմերին ու բոլոր իմաստուններին և պատմեց նրանց իր երազները, բայց չկար մեկը, որ կարողանար մեկնել դրանք:  Այդ ժամանակ գլխավոր գինեմատույցը խոսեց փարավոնի հետ և ասաց. «Այսօր պետք է խոստովանեմ մեղքերս: 10  Փարավոնը բարկացել էր իր ծառաների՝ գլխավոր հացագործի ու ինձ վրա և մեզ ուղարկել էր թիկնապահների պետի տան բանտը:+ 11  Մի գիշեր ամեն մեկս երազ տեսանք: Յուրաքանչյուրիս երազը ուներ իր նշանակությունը:+ 12  Այնտեղ մեզ հետ մի երիտասարդ եբրայեցի կար՝ թիկնապահների պետի ծառան:+ Երբ նրան պատմեցինք մեր երազները, նա մեկնեց դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը:+ 13  Եվ ինչպես որ նա մեկնել էր, այնպես էլ կատարվեց. ես իմ պաշտոնին վերադարձա, իսկ հացագործը կախաղան հանվեց»:+ 14  Փարավոնը մարդ ուղարկեց Հովսեփի հետևից,+ և նրան անհապաղ բերեցին բանտից:*+ Հովսեփը սափրվեց, հագուստը փոխեց ու մտավ փարավոնի մոտ: 15  Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես երազ եմ տեսել, բայց չկա մեկը, որ կարողանա մեկնել այն: Իսկ քո մասին լսել եմ, որ եթե քեզ երազ պատմեն, կարող ես մեկնել այն»:+ 16  Հովսեփը պատասխանեց փարավոնին. «Ես ո՞վ եմ. Աստված է, որ մեկնություն կտա՝ բարի բաներ հայտնելով փարավոնին»:+ 17  Եվ փարավոնը սկսեց Հովսեփին պատմել. «Երազումս կանգնած էի Նեղոս գետի ափին: 18  Նեղոսից դուրս եկան լավ տեսք ունեցող յոթ գեր կովեր ու սկսեցին արածել գետի ափին:+ 19  Նրանցից հետո դուրս եկան յոթ ուրիշ կովեր, որոնք թույլ էին, նիհար ու շատ վատ տեսք ունեին: Ամբողջ Եգիպտոսում ես դրանց պես անճոռնի կովեր երբեք չեմ տեսել: 20  Այդ նիհար, տգեղ կովերը կերան այն յոթ գեր կովերին: 21  Ու թեև կերան, դա նրանց տեսքից բոլորովին չէր երևում, քանի որ առաջվա պես նիհար ու տգեղ էին: Այդ պահին ես զարթնեցի: 22  Այնուհետև երազումս տեսա, որ ցորենի ցողունի վրա յոթ լիքը և ընտիր հասկեր դուրս եկան:+ 23  Դրանցից հետո դուրս եկան ևս յոթ հասկեր՝ բարակ, ցամաքած և արևելյան քամուց խանձված: 24  Այդ բարակ հասկերը կուլ տվեցին յոթ ընտիր հասկերին: Ես երազը պատմեցի մոգությամբ զբաղվող քրմերին,+ բայց ոչ ոք չկարողացավ բացատրել»:+ 25  Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի երազները նույն նշանակությունն ունեն: Ճշմարիտ Աստված փարավոնին հայտնել է, թե ինչ է անելու:+ 26  Յոթ լավ կովերը յոթ տարիներ են: Յոթ լավ հասկերն էլ են յոթ տարիներ: Երազների իմաստը նույնն է: 27  Յոթ նիհար ու տգեղ կովերը, որ հետո դուրս եկան, սովի յոթ տարիներ են: Արևելյան քամուց խանձված յոթ դատարկ հասկերը նույնպես այդ յոթ տարիներն են: 28  Ինչպես որ ասացի փարավոնին, ճշմարիտ Աստված փարավոնին հայտնել է, թե ինչ է անելու: 29  Ողջ Եգիպտոսում յոթ տարի մեծ առատություն կլինի: 30  Բայց դրանից հետո սովի յոթ տարիներ կգան. Եգիպտոսում եղած ողջ առատությունը կմոռացվի, և սովը կհյուծի երկիրը:+ 31  Այդ սովն այնքան սաստիկ կլինի, որ մոռանալ կտա նախկինում եղած առատությունը: 32  Երազը փարավոնին երկու անգամ է տրվել, քանի որ այդ ամենը հաստատապես վճռված է ճշմարիտ Աստծու կողմից, և ճշմարիտ Աստված շուտով անելու է դա: 33  Հիմա փարավոնը թող մի խոհեմ ու իմաստուն մարդ փնտրի և նրան նշանակի Եգիպտոսի վրա: 34  Թող փարավոնը քայլեր ձեռնարկի՝ Եգիպտոսում վերահսկիչներ նշանակի և առատության յոթ տարիների ընթացքում հավաքի երկրի տված բերքի հինգերորդ մասը:+ 35  Գալիք բերքառատ տարիներին թող նրանք հավաքեն այդ ողջ բերքը և ամեն քաղաքում հացահատիկ կուտակեն ու պահեն փարավոնի պահեստներում:+ 36  Այն յոթ տարիներին, երբ Եգիպտոսում սով կլինի, այդ սննդամթերքը երկրի համար պաշար կլինի, որ երկիրը սովից չկործանվի»:+ 37  Այս առաջարկը դուր եկավ փարավոնին և նրա բոլոր ծառաներին: 38  Փարավոնը նրանց ասաց. «Մի՞թե հնարավոր է գտնել մեկին, որ նման լինի այս մարդուն, ում մեջ Աստծու ոգին է գործում»: 39  Ապա դիմելով Հովսեփին՝ ասաց. «Քանի որ Աստված քեզ է հայտնել այս ամենը, ուրեմն քեզ պես խոհեմ և իմաստուն մարդ չկա: 40  Իմ տունը անձամբ քո վերահսկողության տակ կլինի, և իմ ամբողջ ժողովուրդը անվերապահորեն կհնազանդվի քեզ: Միայն ես՝ թագավորս, բարձր կլինեմ քեզնից»:*+ 41  Նաև ավելացրեց. «Ահա քեզ ղեկավար եմ նշանակում ողջ Եգիպտոսի վրա»:+ 42  Հետո իր մատից* հանեց կնքամատանին և դրեց Հովսեփի մատին,* բարձրորակ կտավից հագուստ հագցրեց նրան և պարանոցին ոսկե վզնոց գցեց: 43  Ավելին՝ պատվիրեց, որ Հովսեփին իր երկրորդ պատվավոր կառքով տանեն ու նրա առջևից կանչեն՝ ավրե՛խ :* Այսպիսով փարավոնը նրան ամբողջ Եգիպտոսի վրա ղեկավար նշանակեց: 44  Ապա փարավոնն ասաց Հովսեփին. «Թեև ես եմ փարավոնը, բայց առանց քո թույլտվության՝ ամբողջ Եգիպտոսում ոչ ոք չի կարող որևէ բան անել»:*+ 45  Այնուհետև փարավոնը նրա անունը Փսոմփթոմփանե դրեց և Ասանեթին՝+ Օն* քաղաքի քրմի՝ Պետափրեայի աղջկան, կնության տվեց նրան: Հովսեփը սկսեց վերահսկել այդ երկիրը՝ Եգիպտոսը:*+ 46  Նա 30 տարեկան էր,+ երբ կանգնեց Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի առաջ:* Հովսեփը դուրս եկավ փարավոնի մոտից և սկսեց շրջել ողջ Եգիպտոսով մեկ: 47  Առատության յոթ տարիների ընթացքում երկիրը հարուստ բերք էր տալիս: 48  Եվ այդ յոթ տարիներին երկրի տված ողջ բերքը նա հավաքում էր և ամբարում քաղաքներում: Ամեն քաղաքի շրջակա դաշտերից հավաքված բերքը նա ամբարում էր տվյալ քաղաքում: 49  Հովսեփը շատ մեծ քանակությամբ հացահատիկ կուտակեց՝ ծովի ավազի չափ շատ՝ այնքան, որ ի վերջո դադարեցին հաշվել, որովհետև անթիվ էր: 50  Նախքան սովը Հովսեփը երկու որդի ունեցավ,+ որոնց ծնեց Ասանեթը՝ Օն քաղաքի քուրմ Պետափրեայի աղջիկը: 51  Հովսեփը առաջնեկի անունը Մանասե*+ դրեց՝ ասելով. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը և իմ հոր տունը»: 52  Իսկ երկրորդ որդու անունը Եփրեմ*+ դրեց՝ ասելով. «Աստված ինձ պտղաբեր դարձրեց իմ տառապանքների երկրում»:+ 53  Ահա անցան այն յոթ տարիները, երբ Եգիպտոսում առատություն էր,+ 54  և ինչպես Հովսեփն ասել էր, սկսվեցին սովի յոթ տարիները:+ Բոլոր երկրներում սով սկսվեց, սակայն Եգիպտոսի ողջ տարածքում հաց* կար:+ 55  Երբ սովն իրեն զգալ տվեց նաև ողջ Եգիպտոսում, ժողովուրդը սկսեց աղաչել փարավոնին, որ հաց տա իրենց:+ Այդ ժամանակ փարավոնը բոլոր եգիպտացիներին ասաց. «Գնացեք Հովսեփի մոտ և արեք, ինչ որ ձեզ ասի»:+ 56  Ողջ աշխարհում սովը շարունակվում էր:+ Այդ ժամանակ Հովսեփը սկսեց բացել շտեմարանները և հացահատիկ վաճառել եգիպտացիներին,+ որովհետև Եգիպտոսում սովը շատ էր սաստկացել: 57  Սովը սաստկացել էր նաև ողջ աշխարհում, ուստի Հովսեփից հացահատիկ գնելու համար Եգիպտոս էին գալիս բոլոր երկրներում ապրող մարդիկ:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «նրա ոգին խռովվեց»:
Բռց.՝ «հորից», «փոսից»:
Կամ՝ «Միայն գահով ես բարձր կլինեմ քեզնից»:
Բռց.՝ «ձեռքին»:
Բռց.՝ «ձեռքից»:
Ըստ ամենայնի, սա մի բառ էր, որով պատիվ ու հարգանք դրսևորելու կոչ էր արվում:
Բռց.՝ «բարձրացնել իր ձեռքը կամ ոտքը»:
Այսինքն՝ Հելիոպոլիս (Արեգ):
Կամ՝ «շրջել այդ երկրով՝ Եգիպտոսով»:
Կամ՝ «երբ ծառայության անցավ Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի մոտ»:
Նշանակում է «նա, ով մոռանալ է տալիս»:
Նշանակում է «կրկնակի պտղաբեր»:
Կամ՝ «ուտելիք»: