Ծննդոց 43։1-34

  • Հովսեփի եղբայրները երկրորդ անգամ են գնում Եգիպտոս, այս անգամ՝ Բենիամինի հետ (1-14)

  • Հովսեփի երկրորդ հանդիպումը իր եղբայրների հետ (15-23)

  • Հովսեփի ճաշկերույթը իր եղբայրների հետ (24-34)

43  Երկրում սովը սաստկացել էր:+  Երբ Եգիպտոսից բերված հացահատիկը սպառվեց,+ Իսրայելն ասաց իր որդիներին. «Նորից գնացեք և ուտելիք գնեք մեզ համար»:  Հուդան ասաց նրան. «Այն մարդը մեզ հստակ զգուշացրել է. «Առանց ձեր եղբոր՝ չներկայանա՛ք իմ առաջ»:*+  Եթե մեր եղբորը ուղարկես մեզ հետ, մենք կգնանք և ուտելիք կգնենք:  Բայց եթե չուղարկես, չենք գնա, որովհետև այդ մարդը մեզ ասել է. «Առանց ձեր եղբոր՝ չներկայանա՛ք իմ առաջ»»:+  Իսրայելը+ բացականչեց. «Ինչո՞ւ չարիք բերեցիք ինձ վրա՝ այդ մարդուն ասելով, թե ուրիշ եղբայր էլ ունեք»:  Նրանք էլ ասացին. «Այդ մարդը ուղիղ հարց տվեց մեր ու մեր ազգականների մասին. «Ձեր հայրը դեռ ո՞ղջ է: Ուրիշ եղբայր ունե՞ք»: Մենք էլ պատասխանեցինք նրա հարցերին:+ Ի՞նչ իմանայինք, որ նա կասեր՝ բերեք ձեր եղբորը»:+  Հուդան սկսեց համոզել իր հորը. «Տղային ուղարկիր ինձ հետ՝+ ճանապարհ ընկնենք գնանք, որ դու, մենք ու մեր երեխաները+ ողջ մնանք, սովից չմեռնենք:+  Ես նրա ապահովության համար երաշխավոր կլինեմ.+ ինձնից հաշիվ կպահանջես: Եթե հետ չբերեմ նրան ու չհանձնեմ քեզ, ապա ընդմիշտ քո առաջ մեղավոր կլինեմ: 10  Եթե չհապաղեինք, արդեն երկու անգամ գնացած-եկած կլինեինք»: 11  Ուստի նրանց հայրը՝ Իսրայելը, ասաց. «Եթե ուրիշ ճար չկա, ուրեմն այսպես արեք. ձեր պարկերը լցրեք երկրի լավագույն բարիքներով և այն մարդուն նվեր տարեք՝+ բալասան,+ մեղր, բուրումնավետ խեժ, խեժավոր կեղև,+ պիստակ և նուշ: 12  Բացի այդ՝ կրկնակի շատ փող վերցրեք ձեզ հետ: Նաև վերադարձրեք այն փողը, որ հետ էր դրվել ձեր պարկերի բերանին: Գուցե սխալմունք է եղել:+ 13  Վերցրեք ձեր եղբորն ու գնացեք այդ մարդու մոտ: 14  Թող Ամենակարող Աստված այնպես անի, որ նա խղճա ձեզ, արձակի ձեր մյուս եղբորը և Բենիամինին չպահի: Իսկ ես... եթե պետք է զրկվեմ երեխաներիցս, ուրեմն, ի՜նչ արած, կզրկվեմ»:+ 15  Այդպես նրանք վերցրին նվերն ու կրկնակի շատ փող և Բենիամինի հետ գնացին Եգիպտոս: Այնտեղ նրանք ներկայացան Հովսեփի առաջ:+ 16  Երբ Հովսեփը տեսավ, որ Բենիամինը նրանց հետ է, իր տան կառավարչին իսկույն ասաց. «Այս մարդկանց տուն տար, անասուններ մորթիր ու պատրաստություն տես, որովհետև նրանք կեսօրին ինձ հետ են ճաշելու»: 17  Նա անմիջապես կատարեց Հովսեփի ասածը+ և նրանց տարավ Հովսեփի տուն: 18  Բայց երբ Հովսեփի եղբայրներին տանում էին, նրանք վախեցան ու ասացին. «Մեզ այնտեղ են տանում այն փողի պատճառով, որ նախորդ անգամ հետ էր դրվել մեր պարկերի մեջ:+ Հիմա նրանք կհարձակվեն մեզ վրա ու կստրկացնեն մեզ, մեր էշերն էլ իրենց կվերցնեն»: 19  Ուստի երբ հասան Հովսեփի տան մուտքի մոտ, եղբայրները մոտեցան տան կառավարչին ու խոսեցին նրա հետ: 20  Նրանք ասացին. «Ներիր, տե՛ր, թույլ տուր՝ մի բան ասենք: Նախորդ անգամ մենք եկել էինք ուտելիք գնելու:+ 21  Բայց երբ իջևանատեղ հասանք և սկսեցինք բացել մեր պարկերը, տեսանք, որ ամեն մեկիս ողջ փողը իր պարկի բերանին է:+ Հիմա ուզում ենք մեր ձեռքով վերադարձնել այն: 22  Մեզ հետ ավելի շատ փող ենք բերել, որ ուտելիք գնենք: Մենք չգիտենք, թե ով էր փողը դրել մեր պարկերի մեջ»:+ 23  Նա էլ ասաց. «Ամեն ինչ լավ է: Մի՛ վախեցեք: Ձեր Աստվածն է՝ ձեր հոր Աստվածն է գանձեր դրել ձեր պարկերի մեջ: Իսկ ձեր փողը ես ստացել եմ»: Հետո Շմավոնին բերեց նրանց մոտ:+ 24  Ապա այդ մարդը նրանց տարավ Հովսեփի տուն և ջուր տվեց, որ լվանան իրենց ոտքերը, նաև էշերի համար կեր տվեց: 25  Իսկ նրանք պատրաստեցին նվերը,+ քանի որ լսել էին, որ Հովսեփը կեսօրին գալու է, և իրենք այդտեղ նրա հետ ճաշելու են:+ 26  Երբ Հովսեփը տուն եկավ, նրանք բերեցին իրենց նվերը և մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ:+ 27  Հովսեփը հարցրեց նրանց որպիսությունը, ապա ասաց. «Իսկ ինչպե՞ս է ձեր տարեց հայրը, որի մասին պատմել էիք: Նա դեռ ո՞ղջ է»:+ 28  Նրանք պատասխանեցին. «Ծառադ՝ մեր հայրը, լավ է: Նա ողջ է»: Ապա ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցին:+ 29  Երբ Հովսեփը տեսավ իր եղբայր Բենիամինին՝ իր մոր ծնած զավակին,+ ասաց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին ինձ ասել էիք»:+ Եվ դիմելով Բենիամինին՝ ավելացրեց. «Թող Աստված բարեհաճ լինի քո հանդեպ, որդի՛ս»: 30  Ապա Հովսեփը շտապ դուրս եկավ, քանի որ եղբորը տեսնելով՝ այլևս չկարողացավ զսպել հուզմունքը, և տեղ էր փնտրում, որ լաց լիներ: Նա գնաց մի առանձին սենյակ ու սկսեց լաց լինել:+ 31  Երբ հանդարտվեց, լվաց երեսը, վերադարձավ ու ծառաներին ասաց. «Մատուցե՛ք ճաշը»: 32  Ճաշը մատուցեցին. Հովսեփի համար՝ առանձին, նրա եղբայրների համար՝ առանձին և այնտեղ գտնվող եգիպտացիների համար՝ առանձին: Բանն այն է, որ եգիպտացիները չէին կարող հաց ուտել եբրայեցիների հետ, որովհետև դա գարշելի էր նրանց համար:+ 33  Եղբայրներին նստեցրին Հովսեփի դիմաց՝ սկսած առաջնեկից, որին տվեցին առաջնեկության իրավունք ունեցողի տեղը,+ մինչև կրտսերը, որին տվեցին կրտսերին պատկանող տեղը: Իսկ նրանք ապշած իրար էին նայում: 34  Հովսեփը իր սեղանից բաժին էր ուղարկում նրանց, բայց Բենիամինի բաժինը մյուսների բաժնից հինգ անգամ ավել էր:+ Այդպես նրանք կուշտ կերան ու խմեցին նրա հետ:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «իմ երեսը չտեսնե՛ք»: