Ծննդոց 45։1-28

  • Հովսեփը հայտնում է, թե ով է ինքը (1-15)

  • Հովսեփի եղբայրները վերադառնում են Հակոբի մոտ (16-28)

45  Այդ խոսքերը լսելով՝ Հովսեփն այլևս չկարողացավ իրեն զսպել բոլոր սպասավորների առաջ+ և դիմելով նրանց՝ բղավեց. «Բոլորդ դո՛ւրս եկեք»: Երբ ոչ ոք չմնաց Հովսեփի մոտ, նա իր եղբայրներին հայտնեց, թե ով է ինքը:+  Հետո սկսեց բարձր ձայնով լաց լինել՝ այնքան բարձր, որ եգիպտացիները լսեցին նրա ձայնը, և լուրը հասավ փարավոնի տուն:  Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ: Հայրս դեռ ո՞ղջ է»: Բայց եղբայրները չէին կարողանում պատասխանել, որովհետև ցնցված էին:  Ուստի Հովսեփն ասաց նրանց. «Խնդրում եմ, մոտ եկեք»: Նրանք մոտեցան: Ապա ասաց. «Ես Հովսեփն եմ՝ ձեր եղբայրը, որին դուք վաճառեցիք, և որը Եգիպտոս բերվեց:+  Բայց հիմա մի՛ սրտնեղեք և մի՛ մեղադրեք իրար, որ ինձ վաճառել եք ստրկության, որովհետև ձեր կյանքը պահպանելու համար է Աստված ինձ ձեզնից առաջ ուղարկել այստեղ:+  Սա սովի երկրորդ տարին է,+ և դեռ հինգ տարի էլ կա, որ ո՛չ վարուցանք կլինի, ո՛չ էլ հունձ:  Դրա համար էլ Աստված ինձ ձեզնից առաջ ուղարկել է, որ ձեզ կենդանի պահի՝ մեծ փրկություն շնորհելով, և պահպանի ձեր սերունդը*+ երկրի վրա:  Ուրեմն ոչ թե դուք, այլ ճշմարիտ Աստված է ուղարկել ինձ այստեղ, որ ինձ փարավոնի գլխավոր խորհրդական* նշանակի, նաև տեր՝ նրա ամբողջ տան վրա և ղեկավար՝ ողջ Եգիպտոսի վրա:+  Շտապ հետ գնացեք հորս մոտ և ասեք նրան. «Քո որդի Հովսեփն ասում է. «Աստված ինձ տեր է նշանակել ամբողջ Եգիպտոսի վրա:+ Արի՛ ինձ մոտ, մի՛ հապաղիր:+ 10  Դու Գեսեմ երկրում+ կբնակվես և մոտ կլինես ինձ, ինչպես դու, այնպես էլ որդիներդ ու թոռներդ, նաև հոտերդ ու նախիրներդ և այն ամենը, ինչ ունես: 11  Այնտեղ քեզ սննդով կապահովեմ,+ քանի որ դեռ հինգ տարի սով է լինելու: Արի, որ դու և քո տունը չաղքատանաք, և որ քո ողջ ունեցվածքը չկորչի»»: 12  Դուք և իմ եղբայր Բենիամինը հիմա ձեր աչքով տեսնում եք, որ իսկապես ես եմ ձեզ հետ խոսողը:+ 13  Հորս պատմեք Եգիպտոսում իմ ունեցած ողջ փառքի և ձեր տեսած ամեն ինչի մասին: Հիմա շուտ գնացեք և իմ հորն այստեղ բերեք»: 14  Ապա Հովսեփը գրկեց իր եղբայր Բենիամինին* ու սկսեց լաց լինել. Բենիամինն էլ, նրա վզովն ընկած, լաց եղավ:+ 15  Հովսեփը համբուրեց իր բոլոր եղբայրներին և նրանց գրկելով՝ լաց եղավ: Հետո նրանք սկսեցին զրուցել նրա հետ: 16  Հովսեփի եղբայրների գալու լուրը հասավ փարավոնի տուն, և փարավոնն ու իր ծառաները ուրախացան: 17  Փարավոնն ասաց Հովսեփին. «Քո եղբայրներին ասա. «Այսպես արեք. բեռնեք ձեր անասուններն ու գնացեք Քանան, 18  վերցրեք ձեր հորը, ձեր տնեցիներին ու եկեք ինձ մոտ: Ես ձեզ կտամ Եգիպտոսի բարիքները, և դուք կուտեք երկրի ամենալավ բերքը»:*+ 19  Նաև հրամայում եմ+ քեզ, որ նրանց ասես. «Այսպես արեք. Եգիպտոսից սայլակառքեր+ վերցրեք ձեր երեխաների ու կանանց համար և դրանցից մեկով ձեր հորը բերեք այստեղ:+ 20  Իսկ ձեր ունեցվածքի+ մասին մի՛ անհանգստացեք, որովհետև ամբողջ Եգիպտոսի լավագույն բարիքները ձերն են»»: 21  Իսրայելի որդիները այդպես էլ արեցին, և Հովսեփը, փարավոնի հրամանի համաձայն, նրանց սայլակառքեր ու ճանապարհի համար պաշար տվեց: 22  Նրանցից յուրաքանչյուրին նա մեկական ձեռք նոր հագուստ տվեց, իսկ Բենիամինին՝ 300 կտոր արծաթ ու հինգ ձեռք նոր հագուստ:+ 23  Իր հորը նա ուղարկեց տասը էշ՝ բեռնված Եգիպտոսի բարիքներով, ու ևս տասը էշ՝ բեռնված հացահատիկով, հացով և այլ սննդամթերքով, որ իր հորն անհրաժեշտ կլիներ ուղևորության համար: 24  Նա ճանապարհ դրեց իր եղբայրներին ու, երբ նրանք արդեն մեկնում էին, ասաց. «Ճանապարհին չվիճեք»:+ 25  Նրանք դուրս եկան Եգիպտոսից և եկան Քանան՝ իրենց հոր՝ Հակոբի մոտ: 26  Ապա նրան հայտնեցին. «Հովսեփը ո՜ղջ է. նա ամբողջ Եգիպտոսի ղեկավա՜րն է»:+ Բայց Հակոբի սիրտն ասես անզգայացավ, ու նա ոչ մի արձագանք չտվեց, քանի որ չէր հավատում նրանց:+ 27  Սակայն երբ նրանք իրենց հորը պատմեցին Հովսեփի բոլոր ասածները, ու երբ նա տեսավ սայլակառքերը, որոնք Հովսեփն ուղարկել էր իրեն տանելու համար, կրկին առույգացավ:* 28  Իսրայելը բացականչեց. «Լսածս ու տեսածս բավական է: Իմ որդի Հովսեփը ո՛ղջ է: Պետք է գնամ և նախքան մեռնելս տեսնեմ նրան»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մնացորդը»:
Բռց.՝ «հայր»:
Բռց.՝ «իր եղբայր Բենիամինի վզովն ընկավ»:
Բռց.՝ «երկրի ճարպը»:
Բռց.՝ «նրանց հայր Հակոբի ոգին կենդանացավ»: