Հակոբոս 2։1-26
2 Եղբայրնե՛րս, ինչպե՞ս է հնարավոր, որ մեր փառավոր Տեր Հիսուս Քրիստոսին հավատալով հանդերձ խտրականություն եք դնում մարդկանց միջև:+
2 Երբ մի մարդ գալիս է ձեր ժողովատեղի՝ ոսկի մատանիները մատներին և շքեղ հագուստը հագին, իսկ մի աղքատ մարդ էլ՝ կեղտոտ հագուստով,
3 արդյո՞ք դուք շքեղ հագուստ հագած մարդուն լավ աչքով եք նայում ու նրան ասում՝ «Այստեղ նստիր՝ այս լավ տեղը», իսկ աղքատին՝ «Դու կանգնած մնա» կամ «Նստիր այդտեղ՝ իմ ոտքերի պատվանդանի մոտ»:+
4 Եթե այդպես եք վարվում, ապա մի՞թե դասակարգային տարբերություն չեք դնում+ ու չեք դառնում անարդար* որոշումներ կայացնող դատավորներ:+
5 Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ: Չէ՞ որ Աստված ընտրեց հենց նրանց, ում աշխարհը աղքատ է համարում, որպեսզի նրանք հարուստ լինեն հավատի մեջ+ և ժառանգներ լինեն այն Թագավորության, որը նա խոստացել է իրեն սիրողներին:+
6 Իսկ դուք արհամարհում եք աղքատին: Մինչդեռ հարուստներն են ձեզ ճնշում+ ու դատարաններ քարշ տալիս:
7 Եվ նրանք անարգում են այն բարի անունը, որը դուք կրում եք:
8 Եթե դուք կատարում եք սուրբ գրքերից մեկում գրված թագավորական օրենքը՝ «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես»,+ լավ եք անում:
9 Բայց եթե խտրականություն եք դնում,+ ապա մեղք եք գործում, և օրենքը դատապարտում* է ձեզ որպես օրինազանցների:+
10 Եթե մեկը հնազանդվում է ամբողջ Օրենքին, սակայն թերանում է կատարել դրա մի կետը, ողջ Օրենքն է խախտում,+
11 քանի որ նա, ով ասաց՝ «Մի՛ շնացիր»,*+ նաև ասաց՝ «Մի՛ սպանիր»:+ Ուրեմն եթե դու շնություն չես անում, բայց սպանում ես, միևնույն է, օրինազանց ես:
12 Խոսեք և վարվեք այն մարդկանց պես, ովքեր ազատ ժողովրդի օրենքով* են դատվելու,+
13 որովհետև ով գթասրտություն չի ցուցաբերում, առանց գթասրտության էլ կդատվի:+ Գթասրտությունը հաղթանակ է տանում դատաստանի նկատմամբ:
14 Եղբայրնե՛րս, եթե մեկը ասում է, թե հավատ ունի, սակայն գործեր չունի, դրանից ի՞նչ օգուտ:+ Մի՞թե այդ հավատը կարող է փրկել նրան:+
15 Եթե մի եղբայր կամ քույր հագուստի կարիք ունի* և օրվա համար բավականաչափ ուտելիք չունի,
16 և ձեզանից մեկն ասում է նրան՝ «Գնա խաղաղությամբ, տաքացիր և կշտացիր», բայց նրան չի տալիս այն, ինչի կարիքն ունի, դրանից ի՞նչ օգուտ:+
17 Այդպես էլ հավատն է. առանց գործերի այն մեռած է:+
18 Սակայն մեկը գուցե ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր: Ցույց տուր ինձ քո հավատը՝ առանց գործերի, ես էլ ցույց տամ քեզ իմ հավատը գործերով»:
19 Դու հավատում ես, չէ՞, որ մեկ Աստված կա: Լավ ես անում: Դևերն էլ են հավատում ու սարսռում:+
20 Ո՛վ փուչ մարդ, քեզ ապացո՞ւյց է պետք, որ հավատն առանց գործերի անօգուտ է:
21 Չէ՞ որ մեր հայր Աբրահամը գործերի հիման վրա արդար հայտարարվեց, երբ իր որդուն՝ Իսահակին, դրեց զոհասեղանի վրա:+
22 Տեսնո՞ւմ ես, որ նրա հավատը դրսևորվեց գործերի հետ միասին, և գործերով էլ նրա հավատը կատարելագործվեց:+
23 Այդպիսով կատարվեց սուրբ գրքերից մեկում գրվածը՝ «Աբրահամը հավատաց Եհովային* և դրա համար արդար համարվեց»,+ և նա Եհովայի ընկերը կոչվեց:+
24 Տեսնո՞ւմ եք, որ մարդը գործերով է արդար հայտարարվում, ոչ թե միայն հավատով:
25 Չէ՞ որ մարմնավաճառ Ռախաբն էլ գործերով արդար հայտարարվեց, երբ հյուրասիրությամբ ընդունեց պատգամաբերներին և ուրիշ ճանապարհով ուղարկեց նրանց:+
26 Իրոք որ, ինչպես մարմինն է առանց կենսատու ուժի* մեռած,+ այդպես էլ հավատն է առանց գործերի մեռած:+
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «չար»:
^ Կամ՝ «նախատում»:
^ Բառարանում տես «Շնություն»:
^ Բռց.՝ «ազատության օրենքով»:
^ Բռց.՝ «մերկ է»:
^ Տես հավելված Ա5:
^ Կամ՝ «շնչի», «ոգու»: