Հայտնություն 2։1-29

  • Խոսք՝ ուղղված Եփեսոսի ժողովին (1-7), Զմյուռնիայի ժողովին (8-11), Պերգամոնի ժողովին (12-17), Թյուատիրի ժողովին (18-29)

2  «Եփեսոսի+ ժողովի հրեշտակին+ գրիր. «Ահա թե ինչ է ասում յոթ աստղերն իր աջ ձեռքում պահողը՝ նա, ով քայլում է յոթ ոսկե ճրագակալների միջև.+  «Գիտեմ քո գործերի, աշխատանքի ու դիմացկունության մասին, գիտեմ, որ չես հանդուրժում վատ մարդկանց և որ ստուգեցիր նրանց, ովքեր ասում են, թե առաքյալներ են,+ ու պարզեցիր, որ ստախոսներ են:  Այո՛, դու դիմացկունություն ես դրսևորում, շատ բաներ ես տարել հանուն իմ անվան+ և թևաթափ չես եղել:+  Սակայն քո դեմ մի բան ունեմ. դու այլևս չունես այն սերը, որը սկզբից ունեիր:  Ուստի հիշիր, թե ինչ ունեիր, բայց կորցրիր,* և զղջա+ ու արա այն գործերը, որ սկզբում էիր անում: Եթե չզղջաս, կգամ քեզ մոտ և ճրագակալդ+ կվերցնեմ իր տեղից:+  Բայց կա մի լավ բան, որ անում ես. դու ատում ես Նիկողայոսի աղանդի+ հետևորդների գործերը, որոնք ես էլ եմ ատում:  Նա, ով ականջ ունի, թող ուշադիր լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին.+ «Ով հաղթի,+ նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից,+ որն Աստծու դրախտում է»»»:  Զմյուռնիայի ժողովի հրեշտակին գրիր. «Ահա թե ինչ է ասում Առաջինը և Վերջինը՝+ նա, ով մահացավ և կենդանացավ.+  «Գիտեմ քո նեղության ու աղքատության մասին (բայց դու հարուստ ես):+ Գիտեմ նաև իրենց հրեա կոչող մարդկանց աստվածանարգ խոսքերի մասին: Իրականում, սակայն, նրանք հրեա չեն, այլ Սատանայի ժողովարան են:+ 10  Մի՛ վախեցիր այն տառապանքներից, որ կրելու ես:+ Բանսարկուն ձեզանից ոմանց բանտն է գցելու, որ ամբողջությամբ փորձվեք, և դուք նեղություն կկրեք տասը օր: Հավատարի՛մ եղիր նույնիսկ մինչև մահ, և ես կյանքի պսակը կտամ քեզ:+ 11  Նա, ով ականջ ունի, թող ուշադիր լսի,+ թե ոգին ինչ է ասում ժողովներին. «Ով հաղթի,+ երկրորդ մահ երբեք չի տեսնի»»»:+ 12  Պերգամոնի ժողովի հրեշտակին գրիր. «Ահա թե ինչ է ասում նա, ով սրված երկսայրի երկար սուրն ունի.+ 13  «Գիտեմ, որ բնակվում ես այնտեղ, որտեղ Սատանայի գահն է: Սակայն դու հավատարիմ ես ինձ*+ և չուրացար իմ հանդեպ ունեցած հավատդ+ նույնիսկ այն օրերին, երբ ձեր քաղաքում, որտեղ Սատանան է բնակվում, սպանվեց իմ հավատարիմ վկա+ Անտիպասը:+ 14  Բայց մի քանի բան ունեմ քո դեմ. քո մեջ կան ոմանք, ովքեր ամուր կառչած են Բաղաամի ուսմունքին,+ որը Բաղակին+ սովորեցրեց, թե ինչպես հրապուրել իսրայելացիներին, որ նրանք կուռքերին զոհաբերված բաներ ուտեն և անբարոյականություն* գործեն:+ 15  Քո մեջ կան նաև մարդիկ, ովքեր կառչած են Նիկողայոսի աղանդի ուսմունքին:+ 16  Ուստի զղջա՛, իսկ եթե ոչ, իսկույն քեզ մոտ կգամ և իմ բերանի երկար սրով+ կպատերազմեմ նրանց դեմ: 17  Նա, ով ականջ ունի, թող ուշադիր լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին.+ «Ով հաղթի,+ նրան կտամ թաքցված մանանայից+ և սպիտակ խիճ: Դրա վրա գրված կլինի մի նոր անուն, որը, բացի ստացողից, ոչ ոք չի իմանա»»»: 18  Թյուատիրի+ ժողովի հրեշտակին գրիր. «Ահա թե ինչ է ասում Աստծու Որդին՝ նա, ում աչքերը կրակի բոցի են նման,+ իսկ ոտքերը՝ մաքուր պղնձի.+ 19  «Գիտեմ քո գործերի, սիրո, հավատի, ծառայության և դիմացկունության մասին և այն, որ քո վերջին գործերն ավելի շատ են, քան սկզբում արած գործերը: 20  Բայց մի բան ունեմ քո դեմ. դու հանդուրժում ես Հեզաբելին՝+ այդ կնոջը, որն իրեն մարգարեուհի է անվանում: Նա մոլորեցնում է իմ ծառաներին՝ սովորեցնելով անբարոյականություն* գործել+ և կուռքերին զոհաբերված բաներ ուտել: 21  Ես ժամանակ տվեցի նրան, որ զղջա, բայց նա չի ուզում զղջալ իր անբարոյականության* համար: 22  Ուստի նրան հիվանդության անկողին կգցեմ և նրա հետ շնացողներին՝ մեծ նեղության մեջ, եթե չզղջան այն գործերի համար, որ արել են նրա դրդմամբ: 23  Նրա երեխաներին կսպանեմ մահացու հիվանդությամբ, և բոլոր ժողովները կիմանան, որ ես եմ քննում խորունկ մտքերն* ու սրտերը, և ձեզանից ամեն մեկին կհատուցեմ իր գործերի համեմատ:+ 24  Բայց մյուսներիդ՝ Թյուատիրի ժողովում եղող բոլոր նրանց, ովքեր չեն հետևում այս ուսմունքին, և ովքեր չեն սովորել այսպես կոչված «Սատանայի խորունկ բաները»,+ ասում եմ, որ ձեզ վրա ուրիշ բեռ չեմ դնում: 25  Միայն թե ինչ որ ունեք, պահպանեք, մինչև գամ:+ 26  Եվ նրան, ով մինչև վերջ կատարի իմ կամքը և հաղթի, իշխանություն կտամ ազգերի վրա,+ 27  ինչպես որ ինձ է տրվել իմ Հորից: Նա մարդկանց կհովվի երկաթե գավազանով,+ ու նրանք ջարդուփշուր կլինեն կավե անոթների պես, 28  և ես նրան կտամ առավոտյան աստղը:+ 29  Նա, ով ականջ ունի, թող ուշադիր լսի, թե ոգին ինչ է ասում ժողովներին»»»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «թե որտեղից ընկար»:
Բռց.՝ «կառչած ես իմ անվանը»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Կամ՝ «ամենախոր զգացմունքները»: Բռց.՝ «երիկամները»: