Հայտնություն 4։1-11
4 Հետո տեսա երկնքում բացված մի դուռ, և առաջին ձայնը, որ լսեցի, շեփորի ձայնի էր նման: Այն ասաց ինձ. «Բարձրացիր այստեղ, և ես ցույց կտամ քեզ այն բաները, որոնք պետք է տեղի ունենան»:
2 Աստծու ոգին անմիջապես ներգործեց ինձ վրա, և ես մի գահ տեսա երկնքում և մեկին՝ դրա վրա նստած:+
3 Գահին նստածը հասպիս ու սարդիոն* քարերի էր նման,+ իսկ գահի շուրջբոլորը զմրուխտանման ծիածան էր:+
4 Գահի շուրջբոլորը 24 այլ գահեր կային, և այդ գահերին սպիտակ հագուստներ հագած 24 երեցներ էին նստած՝+ գլուխներին ոսկե թագեր:
5 Գահից կայծակներ էին դուրս գալիս,+ և ձայներ ու որոտներ էին լսվում:+ Դրա առաջ հրաբորբոք յոթ ջահեր կային. այդ ջահերը Աստծու յոթ ոգիներն են:+
6 Գահի առաջ ասես ապակե մի ծով էր՝+ բյուրեղի նմանությամբ:
Կենտրոնում գտնվող գահի շուրջը չորս կենդանի էակներ կային,+ որոնք իրենց վրա՝ առջևում ու հետևում, շատ աչքեր ունեին:
7 Առաջին էակը առյուծի էր նման,+ երկրորդը՝ ցլի,+ երրորդը+ մարդու երեսի նման երես ուներ, իսկ չորրորդը+ նման էր թռչող արծվի:+
8 Չորս կենդանի էակներից ամեն մեկը վեց թև ուներ, որոնց վրա ամեն տեղ՝ ներսի ու դրսի կողմում, շատ աչքեր կային:+ Նրանք գիշեր-ցերեկ անդադար ասում էին. «Սո՜ւրբ, սո՜ւրբ, սո՜ւրբ է Եհովա*+ Աստված՝ Ամենակարողը, ով եղել է, կա և գալիս է»:+
9 Երբ կենդանի էակները փառք ու պատիվ էին տալիս և գոհություն հայտնում գահին նստածին, ով ապրում է հավիտյանս հավիտենից,+
10 24 երեցները+ գահին նստածի առաջ ծնկի էին գալիս ու երկրպագում նրան, ով ապրում է հավիտյանս հավիտենից, և իրենց թագերը գցում էին գահի առաջ ու ասում.
11 «Ո՜վ Եհովա, մեր Աստվա՛ծ, դու արժանի ես* փառքի,+ պատվի+ և զորության,+ որովհետև դու ես ստեղծել բոլոր բաները,+ քո կամքով ամեն ինչ ստեղծվեց ու սկսեց գոյություն ունենալ»: