Հեսու 10։1-43

  • Իսրայելացիները պաշտպանում են գաբաոնացիներին (1-7)

  • Եհովան պատերազմում է Իսրայելի համար (8-15)

    • Խոշոր կարկտահատեր են թափվում թշնամու վրա (11)

    • Արեգակը կանգնած է մնում իր տեղում (12-14)

  • Թշնամի հինգ թագավորները սպանվում են (16-28)

  • Իսրայելացիները հարավային կողմում քաղաքներ են գրավում (29-43)

10  Երբ Երուսաղեմի թագավոր Ադոնիսեդեկը լսեց, որ Հեսուն գրավել է Գային ու այն կործանել է, որ Գայիի ու դրա թագավորի+ հետ վարվել է այնպես, ինչպես Երիքովի ու դրա թագավորի+ հետ էր վարվել, և որ Գաբաոնի բնակիչները Իսրայելի հետ խաղաղություն են կնքել+ ու նրանց հետ են ապրում,  տագնապեց,+ որովհետև Գաբաոնը թագավորանիստ քաղաքների պես մեծ քաղաք էր: Այն Գայիից+ մեծ էր, ու այնտեղի բոլոր տղամարդիկ ռազմիկներ էին:  Երուսաղեմի թագավոր Ադոնիսեդեկը մարդ ուղարկեց Քեբրոնի+ թագավոր Հոհամի, Հերիմութի թագավոր Փիրամի, Լաքիսի թագավոր Հաբիեի և Եգլոնի թագավոր+ Դաբիրի մոտ, որ ասի.  «Օգնե՛ք ինձ, եկեք հարձակվե՛նք Գաբաոնի վրա, որովհետև նա խաղաղություն է կնքել Հեսուի և ամբողջ Իսրայելի հետ»:+  Ուստի ամորհացիների+ հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը և Եգլոնի թագավորը, հավաքվեցին և իրենց զորքերի հետ գնացին ու բանակ դրեցին Գաբաոնի դիմաց, որ պատերազմեն նրա դեմ:  Այդ ժամանակ գաբաոնացիները մարդ ուղարկեցին Գաղգաղայում+ գտնվող բանակատեղի՝ Հեսուի մոտ, որ ասի. «Ձեռք մի՛ քաշիր քո ծառաներից:+ Շտապ արի ու փրկիր մեզ, օգնիր: Լեռնային շրջանում բնակվող ամորհացիների բոլոր թագավորները համախմբվել են մեր դեմ»:  Ուստի Հեսուն, նրա հետ նաև բոլոր պատերազմող տղամարդիկ ու զորավոր ռազմիկները+ դուրս եկան Գաղգաղայից:  Եհովան ասաց Հեսուին. «Չվախենա՛ս նրանցից,+ որովհետև քո ձեռքն եմ տվել նրանց:+ Նրանցից և ոչ մեկը չի կարողանա դիմադրել քեզ»:+  Գաղգաղայից դուրս գալով՝ Հեսուն ամբողջ գիշեր քայլեց դեպի Գաբաոն և, հասնելով այնտեղ, անսպասելիորեն հարձակվեց թշնամիների վրա: 10  Եհովան նրանց խառնաշփոթի մեջ գցեց Իսրայելի առաջ:+ Իսրայելացիները Գաբաոնում սկսեցին ջարդել ամորհացիներին և Բեթ-Օրոն բարձրացող ճանապարհով նրանց հետապնդելով ու կոտորելով՝ հասան մինչև Ազեկա ու Մակեդա: 11  Երբ նրանք Բեթ-Օրոնի զառիվայրով փախչում էին իսրայելացիներից, Եհովան մինչև Ազեկա նրանց վրա երկնքից խոշոր կարկտահատեր թափեց, ու նրանք մահացան: Կարկտից մահացածները ավելի շատ էին, քան իսրայելացիների սրից ընկածները: 12  Այդ օրն էր, որ երբ Եհովան իսրայելացիների աչքի առաջ ջախջախեց ամորհացիներին, Հեսուն Իսրայելի առաջ Եհովային ասաց. «Արեգա՛կ, կա՛նգ առ+ Գաբաոնի վրա,+Եվ դո՛ւ, լուսի՛ն, Այելոնի հովտի վրա»: 13  Այդ ժամանակ արեգակը կանգ առավ, և լուսինը իր տեղում մնաց, մինչև որ ժողովուրդը վրեժ առավ իր թշնամիներից: Մի՞թե այս մասին գրված չէ «Յաշար»* գրքում:+ Արեգակը կանգ առավ երկնքի կենտրոնում ու չշտապեց մայր մտնել գրեթե ամբողջ օրը: 14  Սրա նման օր երբևէ չէր եղել և ոչ էլ հետո եղավ, որ Եհովան այս ձևով լսեր մարդու ձայնը,+ որովհետև Եհովան պատերազմում էր Իսրայելի համար:+ 15  Դրանից հետո Հեսուն Իսրայելի ողջ զորքի հետ վերադարձավ բանակատեղի՝ Գաղգաղա:+ 16  Մինչ այդ հինգ թագավորները փախան Մակեդա+ ու թաքնվեցին քարայրի մեջ: 17  Հեսուին տեղեկացրին այդ մասին՝ ասելով. «Հինգ թագավորներին գտել են Մակեդայում՝+ քարայրի մեջ թաքնված»: 18  Հեսուն ասաց. «Քարայրի բերանին մեծ քարեր գլորեք և մարդիկ նշանակեք, որ նրանց հսկեն: 19  Իսկ մյուսներդ մի՛ կանգնեք. հետապնդե՛ք ձեր թշնամիներին և թիկունքից հարվածե՛ք նրանց:+ Թույլ մի՛ տվեք, որ իրենց քաղաքները մտնեն, որովհետև ձեր Աստված Եհովան ձեր ձեռքն է տվել նրանց»: 20  Հեսուն և իսրայելացի ռազմիկները կոտորեցին նրանց՝ ջախջախելով գրեթե ամբողջ զորքը, իսկ կենդանի մնացածները փախան ու ամրացված քաղաքները մտան: 21  Դրանից հետո բոլոր իսրայելացի ռազմիկները ապահով վերադարձան Հեսուի մոտ՝ Մակեդայում գտնվող բանակատեղի: Ոչ ոք այլևս չհամարձակվեց որևէ բան ասել* իսրայելացիների դեմ: 22  Հեսուն ասաց. «Բացե՛ք քարայրի մուտքը, այդ հինգ թագավորներին հանե՛ք այնտեղից ու ինձ մո՛տ բերեք»: 23  Ուստի այդ հինգ թագավորներին՝ Երուսաղեմի թագավորին, Քեբրոնի թագավորին, Հերիմութի թագավորին, Լաքիսի թագավորին և Եգլոնի թագավորին,+ քարայրից հանեցին ու նրա մոտ բերեցին: 24  Երբ այս թագավորներին բերեցին Հեսուի մոտ, նա կանչեց բոլոր իսրայելացիներին և իր հետ պատերազմի գնացած զորապետներին ասաց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը այս թագավորների ծոծրակների՛ն դրեք»: Նրանք էլ մոտեցան և իրենց ոտքերը նրանց ծոծրակներին դրեցին:+ 25  Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք և մի՛ սարսափեք:+ Քա՛ջ և ամո՛ւր եղեք, որովհետև Եհովան այսպես է անելու ձեր բոլոր թշնամիներին, որոնց դեմ դուք պատերազմելու եք»:+ 26  Դրանից հետո Հեսուն նրանց սպանեց և հինգ գերաններից* կախեց: Մինչև երեկո նրանք այդ գերաններից կախված մնացին: 27  Արևամուտին Հեսուն հրամայեց, որ նրանց իջեցնեն գերաններից+ ու գցեն այն քարայրը, որտեղ նրանք թաքնվել էին: Հետո քարայրի բերանին մեծ քարեր դրեցին, որոնք մինչև այսօր այնտեղ են: 28  Այդ օրը Հեսուն գրավեց Մակեդան+ և դրա բնակիչներին սրի քաշեց: Դրա թագավորին ու այնտեղ եղող բոլոր մարդկանց* կոտորեց. ոչ մեկին կենդանի չթողեց:+ Մակեդայի թագավորի+ հետ նա վարվեց այնպես, ինչպես վարվել էր Երիքովի թագավորի հետ: 29  Այնուհետև Հեսուն Իսրայելի ողջ զորքի հետ Մակեդայից գնաց Լեբնա ու պատերազմեց Լեբնայի+ դեմ: 30  Եհովան այս քաղաքը ու դրա թագավորին+ էլ իսրայելացիների ձեռքը տվեց: Նրանք քաղաքն ու այնտեղ եղող բոլոր մարդկանց սրի քաշեցին. ոչ մեկին կենդանի չթողեցին: Լեբնայի թագավորի հետ էլ վարվեցին այնպես, ինչպես Երիքովի թագավորի հետ էին վարվել:+ 31  Ապա Հեսուն և իր հետ Իսրայելի ողջ զորքը Լեբնայից գնացին Լաքիս,+ այնտեղ բանակ դրեցին ու պատերազմեցին դրա դեմ: 32  Եհովան Լաքիսը իսրայելացիների ձեռքը տվեց, ու նրանք երկրորդ օրը քաղաքը գրավեցին: Նրանք այնտեղ եղող բոլոր մարդկանց սրի քաշեցին,+ ինչպես որ Լեբնայում էին արել: 33  Գազերի+ թագավոր Հորամը օգնության եկավ Լաքիսին, սակայն Հեսուն նրան ու նրա ժողովրդին էլ ջախջախեց. ոչ ոք կենդանի չմնաց: 34  Այնուհետև Հեսուն և իր հետ Իսրայելի ողջ զորքը Լաքիսից գնացին Եգլոն,+ այնտեղ բանակ դրեցին ու պատերազմեցին դրա դեմ: 35  Այդ օրը նրանք գրավեցին քաղաքը և դրա բնակիչներին սրի քաշեցին. այնտեղ եղող բոլոր մարդկանց այդ օրը բնաջնջեցին, ինչպես որ Լաքիսում էին արել:+ 36  Հետո Հեսուն և իր հետ Իսրայելի ողջ զորքը Եգլոնից գնացին Քեբրոն+ ու պատերազմեցին դրա դեմ: 37  Նրանք գրավեցին այն ու սրի քաշեցին բոլոր մարդկանց, ինչպես նաև թագավորին ու շրջակա քաղաքների բոլոր բնակիչներին. ոչ ոք կենդանի չմնաց: Հեսուն այդ քաղաքը ավերեց, ինչպես որ Եգլոն քաղաքն էր ավերել, ու այնտեղ եղող բոլոր մարդկանց կործանեց: 38  Վերջապես Հեսուն Իսրայելի ողջ զորքի հետ շրջվեց ու գնաց Դաբիր+ և պատերազմեց դրա դեմ: 39  Նա գրավեց այն և սրի քաշեց այնտեղի բոլոր բնակիչներին, դրա թագավորին, ինչպես նաև բոլոր շրջակա քաղաքների բնակիչներին:+ Այնտեղի բոլոր մարդկանց նա կոտորեց.+ ոչ ոք կենդանի չմնաց: Դաբիրի ու դրա թագավորի հետ էլ վարվեց այնպես, ինչպես որ վարվել էր Քեբրոնի, նաև Լեբնայի ու դրա թագավորի հետ: 40  Հեսուն նվաճեց ամբողջ լեռնային շրջանը, Նեգևը, Շեֆելան+ և սարալանջերը ու պարտության մատնեց այնտեղի բոլոր թագավորներին: Ոչ ոքի նա ողջ չթողեց. բոլորին բնաջնջեց,+ ինչպես որ Իսրայելի Աստված Եհովան պատվիրել էր:+ 41  Հեսուն նվաճեց Կադես-Բառնեայից+ մինչև Գազա+ ընկած տարածքները, ինչպես նաև Գեսեմի+ ամբողջ տարածքը ընդհուպ մինչև Գաբաոն:+ 42  Հեսուն այս բոլոր թագավորներին հաղթեց ու նրանց տարածքները նվաճեց մեկ արշավանքով, որովհետև Իսրայելի Աստված Եհովան էր մարտնչում Իսրայելի համար:+ 43  Դրանից հետո Հեսուն Իսրայելի ողջ զորքի հետ վերադարձավ բանակատեղի՝ Գաղգաղա:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ուղիղ»:
Բռց.՝ «չսրեց իր լեզուն»:
Կամ՝ «ծառերից»:
Կամ՝ «հոգիներին»: