Հեսու 14։1-15

  • Երկրի բաժանումը՝ Հորդանանի արևմտյան կողմում (1-5)

  • Քաղեբը ժառանգում է Քեբրոնը (6-15)

14  Սրանք են Քանանում իսրայելացիների ստացած տարածքները, որոնք Եղիազար քահանան, Նավեի որդի Հեսուն և Իսրայելի ցեղերի տոհմերի գլուխները որպես ժառանգություն տվեցին նրանց:+  Իննուկես ցեղի միջև ժառանգությունը բաժանեցին վիճակ* գցելով,+ ինչպես որ Եհովան պատվիրել էր Մովսեսի միջոցով:+  Մյուս երկու ցեղերին ու Մանասեի ցեղի մյուս կեսին Մովսեսն արդեն ժառանգություն տվել էր Հորդանան+ գետի այն կողմում:* Ղևտացիներին, սակայն, առանձին ժառանգություն չտվեց, ինչպես մյուս ցեղերին էր տվել:+  Հովսեփի սերունդները երկու ցեղ էին կազմում՝+ Մանասեն ու Եփրեմը:+ Ղևտացիներին բաժին չտրվեց երկրում, այլ միայն քաղաքներ տրվեցին+ բնակվելու համար, և արոտավայրեր՝+ նրանց հոտերի ու նախիրների համար:  Այսպիսով՝ իսրայելացիները բաժանեցին երկիրը, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր:  Դրանից հետո Գաղգաղայում+ Հուդայի ցեղից մարդիկ մոտեցան Հեսուին, որոնց մեջ էր կենեզացի Հեֆոնեի որդի Քաղեբը:+ Նա Հեսուին ասաց. «Դու լավ գիտես, թե Կադես-Բառնեայում+ Եհովան իմ ու քո մասին ինչ ասաց+ Մովսեսին՝ ճշմարիտ Աստծու մարդուն:+  Ես 40 տարեկան էի, երբ Եհովայի ծառա Մովսեսը Կադես-Բառնեայից ուղարկեց ինձ երկիրը հետախուզելու,+ և երբ վերադարձա, ազնվորեն պատմեցի նրան այն ամենը, ինչ տեսել էի:+  Ու թեև ինձ հետ գնացած իմ եղբայրները ժողովրդին հուսահատության մեջ գցեցին,* բայց ես ամբողջ սրտով* հնազանդվեցի իմ Աստված Եհովային:+  Մովսեսն այդ օրը երդվեց՝ ասելով. «Այն երկիրը, որի վրա ոտքդ դրեցիր, դարեդար քոնը և քո որդիներինը կլինի որպես ժառանգություն, որովհետև ամեն ինչում իմ Աստված Եհովային հնազանդվեցիր»:+ 10  Այն ժամանակից ի վեր, ինչ Եհովան այս խոստումը տվեց+ Մովսեսին, երբ Իսրայելը շրջում էր անապատում, 45 տարի է անցել,+ և Եհովան, իր խոստման համաձայն, ինձ կենդանի է պահել:+ Ահա ես 85 տարեկան եմ: 11  Եվ այսօր այնքան ուժեղ եմ, որքան այն օրը, երբ Մովսեսն ինձ ուղարկեց՝ երկիրը հետախուզելու: Ինչքան ուժ որ այն ժամանակ ունեի, այդքան էլ հիմա ունեմ պատերազմելու և այլ գործեր անելու համար: 12  Ուստի տուր ինձ այս լեռնային շրջանը, որ այդ օրը Եհովան խոստացավ: Ինչպես դու այդ օրը լսեցիր, այնտեղ ենակիմներ+ են բնակվում, որոնք մեծ ամրացված քաղաքներ ունեն:+ Բայց Եհովան, անկասկած,* ինձ հետ կլինի,+ և ես կվռնդեմ նրանց այնտեղից, ինչպես որ Եհովան խոստացել է»:+ 13  Հեսուն օրհնեց Հեֆոնեի որդի Քաղեբին և Քեբրոնը որպես ժառանգություն տվեց նրան:+ 14  Մինչև այսօր Քեբրոնը որպես ժառանգություն պատկանում է կենեզացի Հեֆոնեի որդի Քաղեբին, որովհետև նա ամբողջ սրտով հնազանդվեց Եհովային՝ Իսրայելի Աստծուն:+ 15  Քեբրոնը նախկինում Կարիաթ-Արբա*+ էր կոչվում (Արբան ենակիմների մեջ մեծ մարդ էր): Եվ երկիրը հանգստացավ պատերազմից:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Վիճակ»:
Այսինքն՝ արևելյան կողմում:
Բռց.՝ «ժողովրդի սիրտը հալեցրին»:
Բռց.՝ «լիովին», «ամբողջությամբ»:
Կամ՝ «ամենայն հավանականությամբ»:
Նշանակում է «Արբայի քաղաք»: