Հեսու 24։1-33

  • Հեսուն համառոտ ներկայացնում է Իսրայելի պատմությունը (1-13)

  • Հեսուն հորդորում է ծառայել Եհովային (14-24)

    • «Ես և իմ տունը Եհովային ենք ծառայելու» (15)

  • Հեսուն Իսրայելի հետ ուխտ է կապում (25-28)

  • Հեսուն մահանում է, և նրան թաղում են (29-31)

  • Հովսեփի ոսկորները՝ թաղված Սյուքեմում (32)

  • Եղիազարը մահանում է, և նրան թաղում են (33)

24  Այնուհետև Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սյուքեմում և կանչեց Իսրայելի երեցներին, առաջնորդներին, դատավորներին ու գլխավորներին,+ և նրանք կանգնեցին ճշմարիտ Աստծու առաջ:  Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Հնում ձեր նախահայրերը՝+ նրանց թվում նաև Աբրահամի ու Նաքորի հայր Թարան,+ ապրում էին Եփրատ գետի* մյուս կողմում և ուրիշ աստվածների էին ծառայում:+  Ձեր նախահայր Աբրահամին,+ որը Եփրատի* մյուս կողմում էր, ես առաջնորդեցի Քանան ու ողջ երկրով շրջել տվեցի: Ես նրա սերունդը շատացրի.+ նրան տվեցի Իսահակին,+  հետո Իսահակին տվեցի Հակոբին ու Եսավին:+ Եսավին որպես սեփականություն տվեցի Սեիրի լեռնաշղթան,+ իսկ Հակոբն ու նրա որդիները իջան Եգիպտոս:+  Հետագայում Մովսեսին ու Ահարոնին+ ուղարկեցի ձեզ մոտ և Եգիպտոսը պատուհասներով հարվածեցի:+ Դրանից հետո ձեզ դուրս հանեցի այնտեղից:  Երբ ձեր հայրերին դուրս էի բերում Եգիպտոսից,+ եգիպտացիները մարտակառքերով ու հեծելազորով ընկան նրանց հետևից և հետապնդեցին մինչև Կարմիր ծովը:+ Երբ ձեր հայրերը հասան ծովի մոտ,  աղաղակելով օգնության կանչեցին ինձ՝ Եհովայիս,+ և ես խավար գցեցի ձեր ու եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա բերեցի ու ծածկեցի նրանց,+ և ձեր աչքերը տեսան, թե ես ինչ արեցի Եգիպտոսում:+ Դրանից հետո դուք երկար տարիներ* ապրեցիք անապատում:+  Ես ձեզ բերեցի Հորդանանի արևելյան կողմում ապրող ամորհացիների երկիրը, և նրանք ձեր դեմ պատերազմեցին:+ Բայց ես նրանց ձեր ձեռքը մատնեցի, որ դուք տիրանաք նրանց երկրին: Ես նրանց բնաջնջեցի ձեր առաջ:+  Հետո Իսրայելի դեմ պատերազմեց Մովաբի թագավոր Բաղակը՝ Սեպփորի որդին: Նա կանչեց Բեորի որդի Բաղաամին, որ անիծի ձեզ,+ 10  բայց ես չուզեցի Բաղաամին+ լսել: Այդ պատճառով նա նորից ու նորից օրհնեց ձեզ,+ և ես ազատեցի ձեզ նրա ձեռքից:+ 11  Հետո դուք անցաք Հորդանանը+ ու եկաք Երիքով:+ Երիքովի առաջնորդները,* ամորհացիները, փերեզացիները, քանանացիները, քետացիները, գերգեսացիները, խևացիներն ու հեբուսացիները պատերազմեցին ձեր դեմ, բայց ես նրանց ձեր ձեռքը տվեցի:+ 12  Ես վհատություն* գցեցի նրանց մեջ, և նրանք փախան ձեր առաջից,+ ինչպես որ ամորհացիների երկու թագավորներն էին փախել. դա ո՛չ ձեր սրով եղավ, ո՛չ էլ ձեր աղեղով:+ 13  Ես ձեզ տվեցի մի երկիր, որի համար քրտինք չեք թափել, քաղաքներ, որոնք դուք չեք կառուցել,+ և դուք բնակություն հաստատեցիք դրանցում: Ուտում եք խաղողի ու ձիթենու այգիների պտուղներից, որոնք դուք չեք տնկել»:+ 14  Ուստի վախեցե՛ք Եհովայից, ծառայե՛ք նրան անարատությամբ ու հավատարմորեն:*+ Վերացրե՛ք այն աստվածները, որոնց ծառայում էին ձեր նախահայրերը Եփրատի* մյուս կողմում և Եգիպտոսում,+ ու Եհովայի՛ն ծառայեք: 15  Բայց եթե Եհովային ծառայելը ձեզ համար հաճելի չէ, ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու.+ այն աստվածների՞ն, որոնց ծառայում էին ձեր նախահայրերը Եփրատի* մյուս կողմում,+ թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք:+ Բայց ես և իմ տունը Եհովային ենք ծառայելու»: 16  Ժողովուրդը պատասխանեց. «Մեր մտքով անգամ չի անցնում թողնել Եհովային և ուրիշ աստվածների ծառայել: 17  Մեր Աստված Եհովան էր, որ մեզ ու մեր հայրերին դուրս բերեց Եգիպտոսից՝+ ստրկության երկրից,+ և մեր աչքի առաջ այս մեծ հրաշքներն* արեց,+ պահպանեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին, պաշտպանեց այն բոլոր ժողովուրդներից, որոնց տարածքներով մենք անցանք:+ 18  Եհովան վռնդեց բոլոր ժողովուրդներին, այդ թվում՝ ամորհացիներին, որոնք մեզնից առաջ բնակվում էին այս երկրում: Ուստի մենք էլ ենք Եհովային ծառայելու, որովհետև նա է մեր Աստվածը»: 19  Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք չեք կարող Եհովային ծառայել, որովհետև նա սուրբ Աստված է,+ նա բացարձակ նվիրվածություն պահանջող Աստված է:+ Նա չի ների ձեր հանցանքներն* ու մեղքերը:+ 20  Եթե թողնեք Եհովային և օտար աստվածների ծառայեք, նա ձեր դեմ դուրս կգա ու կոչնչացնի ձեզ, թեև մինչ այդ բարիք է արել ձեզ»:+ 21  Ժողովուրդն ասաց Հեսուին. «Ո՛չ, մենք Եհովային ենք ծառայելու»:+ 22  Ուստի Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք վկա եք, որ ձեր իսկ կամքով ընտրեցիք Եհովային ծառայելը»:+ Նրանք էլ ասացին. «Վկա ենք»: 23  «Ուրեմն վերացրե՛ք ձեր միջից օտար աստվածները և ձեր ողջ սրտով Եհովային՝ Իսրայելի Աստծուն ծառայեք»:* 24  Ժողովուրդը Հեսուին ասաց. «Մենք մեր Աստված Եհովային ենք ծառայելու և նրան ենք հնազանդվելու»: 25  Ուստի այդ օրը Հեսուն Սյուքեմում ժողովրդի հետ ուխտ կապեց և նրանց համար կարգ հաստատեց ու կանոն սահմանեց: 26  Հետո Հեսուն գրեց այդ ամենը Աստծու Օրենքի գրքում,+ մի մեծ քար վերցրեց+ և դրեց Եհովայի սրբարանի մոտ եղող հսկա ծառի տակ: 27  Հեսուն ողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը վկա կլինի մեզ համար,+ քանի որ լսել է Եհովայի բոլոր խոսքերը, որ նա ասել է մեզ: Այս քարը վկա կլինի, որպեսզի դուք չուրանաք ձեր Աստծուն»: 28  Դրանից հետո Հեսուն ուղարկեց ժողովրդին իրենց ժառանգած տարածքները:+ 29  Այս բաներից հետո Եհովայի ծառա Հեսուն՝ Նավեի որդին, 110 տարեկան հասակում մահացավ:+ 30  Նրան թաղեցին իր ժառանգած տարածքում՝ Թամնաթ-Սարայում,+ որը գտնվում է Եփրեմի լեռնային շրջանում՝ Գաաս լեռան հյուսիսային կողմում: 31  Իսրայելը Եհովային ծառայեց Հեսուի օրոք և այն երեցների օրոք, որոնք Հեսուից հետո շարունակեցին ապրել, և որոնք տեսել էին Իսրայելի համար Եհովայի արած բոլոր գործերը:+ 32  Հովսեփի ոսկորները,+ որոնք իսրայելացիները դուրս էին բերել Եգիպտոսից, թաղված էին Սյուքեմում՝ արտի այն հողակտորում, որը Հակոբը 100 կեսիթայով*+ գնել էր Սյուքեմի հոր՝ Եմորի որդիներից.+ այն Հովսեփի սերունդների ժառանգությունը դարձավ:+ 33  Ահարոնի որդի Եղիազարն+ էլ մահացավ: Նրան թաղեցին իր որդու՝ Փենեհեսի+ բլրի վրա, որը Փենեհեսին տրվել էր Եփրեմի լեռնային շրջանում:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ապրում էին Գետի»:
Բռց.՝ «Գետի»:
Բռց.՝ «օրեր»:
Կամ հնարավոր է՝ «հողատերերը»:
Կամ հնարավոր է՝ «խուճապ», «սարսափ»:
Բռց.՝ «Գետի»:
Կամ՝ «անկեղծությամբ»:
Բռց.՝ «Գետի»:
Բռց.՝ «նշանները»:
Կամ՝ «ըմբոստությունը»:
Կամ՝ «ձեր սիրտը Եհովային՝ Իսրայելի Աստծուն դարձրեք»:
Անհայտ արժեք ունեցող հին դրամական միավոր: