Հեսու 3։1-17
-
Իսրայելացիները անցնում են Հորդանանը (1-17)
3 Վաղ առավոտյան Հեսուն վեր կացավ և բոլոր իսրայելացիների* հետ մեկնեց Սատիմից+ ու եկավ Հորդանանի մոտ: Մինչև գետն անցնելը նրանք այնտեղ գիշերեցին:
2 Երեք օր հետո ժողովրդի գլխավորներն+ անցան ճամբարի միջով
3 և պատվիրեցին ժողովրդին. «Հենց որ տեսնեք՝ ղևտացի քահանաները տանում են ձեր Աստված Եհովայի ուխտի տապանակը,+ դուք էլ շարժվեք ու դրա հետևից գնացեք:
4 Բայց տապանակից մոտավորապես 2 000 կանգունի* չափ հեռավորություն պահեք, դրան չմոտենաք: Այդպես կտեսնեք, թե որ ճանապարհով է պետք գնալ, որովհետև նախկինում այդտեղով չեք անցել»:
5 Հեսուն ասաց ժողովրդին. «Նախապատրաստվե՛ք,*+ որովհետև վաղը Եհովան զարմանահրաշ գործեր է անելու ձեզ համար»:+
6 Ապա Հեսուն ասաց քահանաներին. «Վերցրե՛ք ուխտի տապանակը+ և ժողովրդի առջևից գնացեք»: Նրանք էլ վերցրին ուխտի տապանակը և ժողովրդի առջևից գնացին:
7 Եհովան Հեսուին ասաց. «Այսօր ես կբարձրացնեմ քեզ ամբողջ Իսրայելի աչքում,+ որպեսզի նրանք իմանան, որ ես քեզ հետ կլինեմ,+ ինչպես որ Մովսեսի հետ էի:+
8 Ուխտի տապանակը կրող քահանաներին պատվիրիր. «Երբ մոտենաք Հորդանանի ափին, մտեք և կանգնեք Հորդանանի մեջ»»:+
9 Հեսուն ասաց իսրայելացիներին. «Մոտեցեք և լսեք ձեր Աստված Եհովայի խոսքերը»:
10 Հետո Հեսուն ասաց. «Այժմ դուք կիմանաք, որ կենդանի Աստված ձեզ հետ է,+ և որ նա ձեր աչքի առաջ անպատճառ վռնդելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին:+
11 Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը ձեր առջևից մտնում է Հորդանանը:
12 Իսկ այժմ Իսրայելի ցեղերից 12 մարդ ընտրեք՝ ամեն ցեղից մեկ մարդ:+
13 Եվ հենց որ ամբողջ երկրի Տիրոջ՝ Եհովայի տապանակը կրող քահանաների ոտքերը Հորդանանի ջրերին դիպչեն, վերևից իջնող ջրերը կդադարեն հոսել և պատնեշի պես կկանգնեն»:+
14 Երբ ժողովուրդը վրաններից դուրս եկավ, որ անցնի Հորդանանը, ուխտի տապանակը+ տանող քահանաները ժողովրդի առաջն անցան:
15 Եվ այն պահին, երբ տապանակը տանող քահանաները մոտեցան Հորդանանին, ու նրանց ոտքերը դիպան ջրին (հնձի բոլոր օրերին Հորդանանը դուրս է գալիս ափերից),+
16 վերևից իջնող ջրերի հոսքը կանգ առավ: Շատ հեռվում՝ Սարթանի մոտակայքում գտնվող Ադամ քաղաքի մոտ, ջրերը պատնեշի պես բարձրացան, իսկ դեպի Արաբայի ծովը, այսինքն՝ Աղի ծովը* հոսող ջրերը ցամաքեցին: Ջրերի հոսքը դադարեց, և ժողովուրդն անցավ գետը ու դուրս եկավ Երիքովի դիմաց:
17 Եհովայի ուխտի տապանակը կրող քահանաները կանգնած մնացին Հորդանանի մեջտեղում՝ չոր գետնի վրա,+ այնքան ժամանակ, մինչև որ ամբողջ Իսրայելի ազգը չոր գետնի վրայով+ անցավ Հորդանանը:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Իսրայելի որդիների»:
^ Մոտ 890 մ: Տես հավելված Բ14:
^ Բռց.՝ «Սո՛ւրբ դարձրեք ձեզ»:
^ Այսինքն՝ Մեռյալ ծովը: