Հովհաննես 10։1-42

  • Հովիվը և ոչխարների փարախները (1-21)

    • Հիսուսը լավ հովիվն է (11-15)

    • «Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ» (16)

  • Նվիրման տոնի ժամանակ հրեաներն ուզում են քարկոծել Հիսուսին (22-39)

    • Շատ հրեաներ չեն հավատում Հիսուսին (24-26)

    • «Իմ ոչխարները լսում են իմ ձայնը» (27)

    • Որդին միասնության մեջ է Հոր հետ (30, 38)

  • Հորդանանի մյուս կողմում ապրողներից շատերը հավատում են Հիսուսին (40-42)

10  «Հաստատ ասում եմ ձեզ. ով ոչխարների փարախ մտնում է ոչ թե դռնով, այլ ուրիշ տեղով, նա գող է ու ավազակ:+  Բայց ով դռնով է մտնում, նա ոչխարների հովիվն է:+  Դռնապանը բացում է դուռը հովվի համար,+ և ոչխարները լսում են նրա ձայնը:+ Նա անունով է կանչում իր ոչխարներին ու դուրս է տանում նրանց:  Երբ նա իր բոլոր ոչխարներին դուրս է տանում, նրանց առջևից է գնում, և ոչխարները հետևում են նրան, որովհետև ճանաչում են նրա ձայնը:  Նրանք երբեք չեն գնա օտարի հետևից, այլ կփախչեն նրանից, որովհետև օտարի ձայնը չեն ճանաչում»:  Հիսուսին լսողները չհասկացան, թե նա ինչ նկատի ուներ, երբ արեց այս համեմատությունը:  Ուստի Հիսուսը դարձյալ ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. ես եմ այն դուռը, որով անցնում են ոչխարները:+  Բոլոր նրանք, ովքեր եկան՝ ձևացնելով, թե ես եմ, գող են ու ավազակ, բայց ոչխարները չլսեցին նրանց:  Ես եմ դուռը. ով ինձնով ներս մտնի, կփրկվի: Նա ներս կմտնի, դուրս կգա և արոտավայր կգտնի:+ 10  Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և կործանելու նպատակով:+ Իսկ ես եկել եմ, որ նրանք կյանք ունենան՝ հավիտենական կյանք: 11  Ես եմ լավ հովիվը.+ լավ հովիվը իր կյանքը տալիս է իր ոչխարների համար:+ 12  Իսկ վարձկանը, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում, քանի որ նա հովիվ չէ, ու ոչխարներն էլ իրենը չեն: Գայլն էլ հափշտակում է նրանց, և հոտը ցրվում է: 13  Վարձկանի համար մեկ է, թե ինչ կպատահի ոչխարներին. չէ՞ որ նա ընդամենը վարձու աշխատող է: 14  Ես եմ լավ հովիվը. ես ճանաչում եմ իմ ոչխարներին, և նրանք էլ ինձ են ճանաչում,+ 15  ինչպես որ Հայրը ճանաչում է ինձ, և ես էլ ճանաչում եմ Հորը:+ Ես իմ կյանքը* տալիս եմ ոչխարների համար:+ 16  Ես ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որ այս փարախից չեն.+ նրանց էլ պետք է բերեմ, և նրանք կլսեն իմ ձայնը: Այդպիսով բոլորը մեկ հոտ կլինեն ու մեկ հովիվ կունենան:+ 17  Հայրը սիրում է ինձ,+ որովհետև ես իմ կյանքը տալիս եմ,+ որ դարձյալ ստանամ այն: 18  Ոչ ոք այն չի վերցնում ինձնից. ես ինքս եմ տալիս այն: Ես իշխանություն ունեմ այն տալու և իշխանություն ունեմ այն դարձյալ ստանալու:+ Այս պատվերը իմ Հորից եմ ստացել»: 19  Այս խոսքերի պատճառով հրեաների մեջ կրկին տարակարծություն եղավ:+ 20  Նրանցից շատերն ասում էին. «Նա դև ունի, խելագար է: Ինչո՞ւ եք լսում նրան»: 21  Մյուսներն էլ առարկում էին. «Դրանք դիվահարի խոսքեր չեն: Մի՞թե դևը կարող է բուժել կույրերին»: 22  Այդ ժամանակ Երուսաղեմում Նվիրման տոնն էր: Ձմեռ էր: 23  Հիսուսը տաճարում քայլում էր Սողոմոնի սյունասրահով:+ 24  Հրեաները շրջապատեցին նրան ու ասացին. «Մինչև ե՞րբ ես մեզ անորոշության մեջ պահելու: Եթե դու ես Քրիստոսը, պարզ ասա»: 25  Հիսուսն էլ պատասխանեց. «Ես ասացի ձեզ, բայց դուք չեք հավատում: Այն գործերը, որ անում եմ իմ Հոր անունով, դրանք են իմ մասին վկայում:+ 26  Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարները չեք:+ 27  Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, ու նրանք իմ հետևից են գալիս:+ 28  Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս.+ նրանք երբեք չեն կործանվի, ու ոչ ոք իմ ձեռքից չի հափշտակի նրանց:+ 29  Իմ Հոր տված ոչխարները ավելի թանկ են, քան մնացած բոլոր բաները, և ոչ ոք չի կարող հափշտակել նրանց Հոր ձեռքից:+ 30  Ես և Հայրը մի* ենք»:+ 31  Հրեաները նորից քարեր վերցրին, որ քարկոծեն նրան: 32  Հիսուսն ասաց նրանց. «Ես Հոր անունից շատ բարի գործեր ցույց տվեցի ձեզ: Այդ գործերից ո՞ր մեկի համար եք ուզում ինձ քարկոծել»: 33  Նրանք պատասխանեցին. «Մենք ուզում ենք քեզ քարկոծել ոչ թե բարի գործի համար, այլ որ անարգում ես Աստծուն,+ որովհետև ինքդ մարդ լինելով՝ քեզ աստծու տեղ ես դնում»: 34  Հիսուսն էլ ասաց նրանց. «Մի՞թե ձեր Օրենքում գրված չէ. «Ես ասել եմ. «Դուք աստվածներ եք»»:*+ 35  Աստված «աստվածներ»+ է կոչել նրանց, ում իր խոսքը դատապարտել է (և հնարավոր չէ, որ սուրբ գրքերում գրվածը անվավեր դառնա):* 36  Իսկ ես ասացի, որ Աստծու Որդին եմ: Ուրեմն ինչո՞ւ եք ինձ, ում Հայրը սուրբ է դարձրել և ուղարկել է աշխարհ, մեղադրում Աստծուն անարգելու մեջ:+ 37  Եթե ես չեմ անում իմ Հոր գործերը, մի՛ հավատացեք ինձ, 38  բայց եթե անում եմ, անգամ եթե ինձ չեք հավատում, գոնե այդ գործերին հավատացեք,+ որպեսզի իմանաք և ավելի պարզ հասկանաք, որ Հայրը միասնության մեջ է ինձ հետ, և ես էլ միասնության մեջ եմ Հոր հետ»:+ 39  Եվ նրանք կրկին փորձեցին բռնել նրան, բայց նա փախավ նրանցից: 40  Հիսուսը դարձյալ Հորդանանի մյուս կողմն անցավ՝ այն վայրը, որտեղ առաջ Հովհաննեսը մկրտում էր,+ և մնաց այնտեղ: 41  Շատ մարդիկ եկան նրա մոտ: Նրանք իրար ասում էին. «Հովհաննեսը ոչ մի հրաշք չգործեց, բայց այս մարդու մասին նրա բոլոր ասածները ճիշտ են»:+ 42  Եվ շատերը հավատացին նրան:

Ծանոթագրություններ

Կամ՝ «հոգին»:
Կամ՝ «միասնության մեջ»:
Կամ՝ «աստվածանման եք»:
Կամ՝ «սուրբ գրքերում սխալ բան գրված լինի»: