Հովհաննես 13։1-38
13 Նախքան Պասեքի տոնը Հիսուսը գիտեր, որ եկել է այն ժամանակը,+ երբ նա պետք է այս աշխարհից Հոր մոտ գնա:+ Նա սիրում էր իր աշակերտներին,* որոնք աշխարհում էին. նա մինչև վերջ սիրեց նրանց:+
2 Ընթրիքի ժամն էր. Բանսարկուն Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու սրտի մեջ արդեն դրել էր,+ որ մատնի նրան:+
3 Հիսուսը, իմանալով, որ Հայրը ամեն ինչ իր ձեռքն է տվել, և որ ինքն Աստծուց է եկել ու Աստծու մոտ է գնում,+
4 սեղանից վեր կացավ, հանեց իր վերնահագուստը, ապա վերցրեց սրբիչն ու իր գոտկատեղին կապեց:+
5 Հետո տաշտի մեջ ջուր լցրեց և սկսեց աշակերտների ոտքերը լվանալ ու գոտկատեղին կապած սրբիչով չորացնել:
6 Երբ Հիսուսը մոտեցավ Սիմոն Պետրոսին, նա ասաց. «Տե՛ր, դո՞ւ ես լվանալու իմ ոտքերը»:
7 Հիսուսը պատասխանեց. «Դու հիմա չես հասկանում՝ ես ինչ եմ անում, բայց հետո կհասկանաս»:
8 Իսկ Պետրոսն ասաց նրան. «Ես երբեք թույլ չեմ տա, որ լվանաս ոտքերս»: Հիսուսը պատասխանեց. «Եթե չլվանամ,+ դու ինձ հետ բաժին չես ունենա»:
9 Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տե՛ր, ոչ միայն ոտքերս, այլև ձեռքերս ու գլուխս լվա»:
10 Հիսուսն էլ ասաց նրան. «Լողացած մարդուն իր ոտքերը լվանալուց բացի ուրիշ բան պետք չէ, քանի որ նա ամբողջությամբ մաքուր է: Դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»:
11 Նա գիտեր, թե ով էր իրեն մատնելու,+ դրա համար էլ ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր եք»:
12 Նրանց ոտքերը լվանալուց հետո Հիսուսը հագավ իր վերնահագուստը ու կրկին թիկնեց սեղանի մոտ: Նա ասաց նրանց. «Հասկացա՞ք, թե ինչ արեցի:
13 Դուք ինձ «Ուսուցիչ» և «Տեր» եք կոչում և ճիշտ եք անում, որովհետև այդպես էլ կա:+
14 Ուրեմն եթե ես, որ թեև Տեր եմ և Ուսուցիչ, լվացի ձեր ոտքերը,+ դուք նույնպես պետք է* միմյանց ոտքերը լվանաք:+
15 Ես ձեզ օրինակ թողեցի, որ ինչ ես արեցի, նույնը դուք անեք:+
16 Հաստատ ասում եմ ձեզ. ծառան մեծ չէ իր տիրոջից, ոչ էլ ուղարկվածն է մեծ ուղարկողից:
17 Հիմա դուք գիտեք այս բաները և երջանիկ կլինեք, եթե անեք դրանք:+
18 Խոսքս բոլորիդ մասին չէ. ես ճանաչում եմ իմ ընտրածներին: Բայց սուրբ գրվածքներից մեկում ասված այս խոսքերը պետք է կատարվեն.+ «Նա, ով իմ հացն էր ուտում, իմ դեմ է դուրս եկել»:*+
19 Այս խոսքերը նախապես եմ ասում ձեզ, որպեսզի երբ կատարվեն, դուք հավատաք, որ դրանք ինձ են վերաբերում:+
20 Հաստատ ասում եմ ձեզ. ով ընդունում է նրան, ում ես ուղարկում եմ, ինձ էլ է ընդունում:+ Իսկ ինձ ընդունողը ինձ ուղարկողին էլ է ընդունում»:+
21 Այս խոսքերն ասելուց հետո Հիսուսի հոգին խռովվեց, և նա ուղիղ ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. ձեզնից մեկը մատնելու է ինձ»:+
22 Աշակերտները սկսեցին տարակուսած իրար նայել՝ չհասկանալով, թե ում մասին է խոսում:+
23 Հիսուսի սիրելի աշակերտը+ թիկնել էր նրա կողքին:*
24 Սիմոն Պետրոսը գլխով արեց նրան ու ասաց. «Ո՞ւմ մասին է խոսում»:
25 Նա էլ, հենվելով Հիսուսի կրծքին, հարցրեց. «Տե՛ր, ո՞վ է»:+
26 Հիսուսը պատասխանեց. «Այս հացի պատառը ամանի մեջ թաթախելուց հետո ում որ տամ, նա է»:+ Եվ պատառը թաթախեց ու տվեց Հուդային՝ Սիմոն Իսկարիովտացու որդուն:
27 Երբ Հուդան վերցրեց պատառը, Սատանան մտավ նրա մեջ:+ Հիսուսն ասաց նրան. «Ինչ որ սկսել ես անել, շո՛ւտ արա»:
28 Սակայն սեղանի շուրջ թիկնածներից ոչ ոք չհասկացավ, թե ինչու նրան այդ բանն ասաց:
29 Քանի որ փողի արկղը Հուդայի մոտ էր,+ նրանցից ոմանք մտածեցին, թե Հիսուսը նկատի ուներ, որ գնի այն, ինչ տոնի համար պետք է, կամ էլ աղքատներին մի բան տա:
30 Պատառը վերցնելուց հետո Հուդան անմիջապես դուրս գնաց: Գիշեր էր:+
31 Երբ նա հեռացավ, Հիսուսն ասաց. «Այժմվանից մարդու Որդին փառավորվում է,+ և Աստված էլ նրա միջոցով է փառավորվում:
32 Աստված ինքը կփառավորի նրան+ և անմիջապես կանի դա:
33 Ընկերնե՛րս,* ձեզ հետ ընդամենը մի փոքր ժամանակ եմ լինելու: Դուք կփնտրեք ինձ, և ինչ որ հրեաներին ասացի, ձեզ էլ եմ ասում. «Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»:+
34 Նոր պատվիրան եմ տալիս ձեզ. սիրե՛ք իրար՝ սիրեք այնպես,+ ինչպես ես ձեզ սիրեցի:+
35 Եթե սիրեք իրար, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք»:+
36 Սիմոն Պետրոսը հարցրեց նրան. «Տե՛ր, ո՞ւր ես գնում»: Հիսուսը պատասխանեց. «Ուր որ գնում եմ, իմ հետևից հիմա չես կարող գալ, բայց հետո կգաս»:+
37 Պետրոսն էլ ասաց նրան. «Տե՛ր, ինչո՞ւ չեմ կարող հիմա քո հետևից գալ: Ես կյանքս կտամ քեզ համար»:+
38 Հիսուսն էլ ասաց. «Կյա՞նքդ կտաս ինձ համար: Հաստատ ասում եմ քեզ. աքաղաղը դեռ չկանչած՝ դու երեք անգամ կուրանաս ինձ»:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «նրանց, ովքեր պատկանում էին իրեն»:
^ Կամ՝ «պարտավոր եք»:
^ Բռց.՝ «իր կրունկը իմ դեմ է բարձրացրել»:
^ Բռց.՝ «կրծքի մոտ»:
^ Բռց.՝ «Երեխանե՛ր»: