Հովհաննես 19։1-42
19 Պիղատոսը հրամայեց, որ Հիսուսին խարազանեն:+
2 Զինվորները փշերից մի պսակ հյուսեցին, դրեցին նրա գլխին ու մանուշակագույն* վերնազգեստ հագցրին նրան:+
3 Նրանք գալիս էին Հիսուսի մոտ ու ասում՝ «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր», և ապտակում էին նրան:+
4 Պիղատոսը դարձյալ դուրս գնաց ու ասաց հրեաներին. «Տեսե՛ք, ես նրան դուրս եմ բերում ձեզ մոտ, որպեսզի իմանաք, որ նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»:+
5 Եվ Հիսուսը դուրս եկավ՝ փշե պսակը գլխին ու մանուշակագույն վերնազգեստը հագին: Պիղատոսն ասաց նրանց. «Ահա՛ նա»:
6 Երբ ավագ քահանաներն ու պահապանները տեսան նրան, բղավեցին. «Սյա՛նը գամիր: Սյա՛նը գամիր»:+ Իսկ Պիղատոսն ասաց նրանց. «Տարե՛ք և ինքնե՛րդ սյանը գամեք, որովհետև ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրա մեջ»:+
7 Հրեաները պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և այդ օրենքի համաձայն՝ նա պետք է մեռնի,+ որովհետև իրեն Աստծու որդի է կոչել»:+
8 Երբ Պիղատոսը լսեց այս խոսքերը, ավելի շատ վախեցավ
9 և նորից մտնելով պալատ՝ Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»: Սակայն Հիսուսը ոչինչ չպատասխանեց:+
10 Ուստի Պիղատոսն ասաց. «Հրաժարվո՞ւմ ես խոսել ինձ հետ: Չգիտե՞ս, որ ես իշխանություն ունեմ քեզ ազատելու և իշխանություն ունեմ քեզ սյանը գամելու»:
11 Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն չէիր ունենա, եթե քեզ վերևից տրված չլիներ: Դրա համար էլ ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքն ավելի մեծ է»:
12 Այդ պատճառով Պիղատոսը հնար էր փնտրում, որ ազատեր նրան: Բայց հրեաները բղավում էին. «Եթե դու ազատես այս մարդուն, կայսրի բարեկամը չես: Նա, ով իրեն թագավոր է հռչակում, կայսրի դեմ է դուրս գալիս»:*+
13 Պիղատոսը, լսելով այս խոսքերը, դուրս բերեց Հիսուսին, իսկ ինքը նստեց դատավորական աթոռին՝ այն հարթակի վրա, որ Քարահատակ էր կոչվում (եբրայերեն՝ Գաբաթա):
14 Պասեքի համար պատրաստություններ տեսնելու օրն էր՝+ ցերեկվա մոտ ժամը 12-ը:* Նա հրեաներին ասաց. «Ահա՛ ձեր թագավորը»:
15 Բայց նրանք բղավում էին. «Վերացրո՛ւ դրան: Վերացրո՛ւ դրան: Սյա՛նը գամիր»: Պիղատոսն էլ ասաց նրանց. «Ձեր թագավորի՞ն սյանը գամեմ»: Ավագ քահանաները պատասխանեցին. «Մենք կայսրից բացի ուրիշ թագավոր չունենք»:
16 Այդ ժամանակ Պիղատոսը նրան հանձնեց նրանց ձեռքը, որ սյանը գամեն:+
Եվ նրանք տարան Հիսուսին:
17 Վերցնելով տանջանքի սյունը՝* նա գնաց Գանգ կոչվող վայրը+ (եբրայերեն՝ Գողգոթա):+
18 Այնտեղ նրան սյանը գամեցին:+ Նրա երկու կողմերում ևս երկու հոգի էին սյան վրա մահապատժի ենթարկված. Հիսուսը նրանց մեջտեղում էր:+
19 Պիղատոսը մի գրություն գրեց տախտակի վրա ու փակցրեց տանջանքի սյանը: Դրա վրա գրված էր. «Նազարեթցի Հիսուս՝ հրեաների թագավոր»:+
20 Հրեաներից շատերը կարդացին այդ գրությունը, քանի որ այն վայրը, որտեղ Հիսուսը սյանն էր գամվել, քաղաքին մոտ էր: Այն գրված էր եբրայերենով, լատիներենով ու հունարենով:
21 Հրեա ավագ քահանաները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր՝ «Հրեաների թագավոր», այլ գրիր այն, ինչ ինքն էր ասում՝ «Ես հրեաների թագավորն եմ»»:
22 Պիղատոսն էլ պատասխանեց. «Ինչ գրել, գրել եմ»:
23 Հիսուսին սյանը գամելուց հետո զինվորները վերցրին նրա վերնահագուստները և չորս մասի բաժանեցին՝ ամեն զինվորին՝ մի մաս: Նաև վերցրին այն զգեստը, որը նա տակից էր հագնում, բայց քանի որ այն առանց կարի էր՝ վերից վար գործված,
24 իրար ասացին. «Եկեք չպատռենք, այլ վիճակ* գցենք ու տեսնենք, թե ում կհասնի»:+ Սա եղավ, որպեսզի սուրբ գրքերից մեկում գրված այս խոսքը կատարվի. «Հանդերձներս իրար մեջ բաժանեցին, հագուստիս համար վիճակ գցեցին»:+ Զինվորները հենց այդպես էլ արեցին:
25 Հիսուսի տանջանքի սյան մոտ կանգնած էին նրա մայրն+ ու մորաքույրը, ինչպես նաև Կլոպասի կին Մարիամը և Մարիամ Մագդաղենացին:+
26 Հիսուսը, տեսնելով իր մորն ու իր սիրելի աշակերտին,+ որը կանգնած էր նրա մոտ, իր մորն ասաց. «Ո՛վ կին, ահա՛ քո որդին»:
27 Ապա աշակերտին ասաց. «Ահա՛ քո մայրը»: Եվ այդ օրը աշակերտը նրան իր տուն տարավ:*
28 Այնուհետև Հիսուսը, իմանալով, որ ամեն բան իրագործվեց, ասաց. «Ծարավ եմ»: Այդպես սուրբ գրքերից մեկում գրվածը կատարվեց:+
29 Այնտեղ թթված գինով լի մի սափոր կար: Ուստի գինու մեջ թաթախված սպունգը ամրացրին զոպայի* ցողունին և մոտեցրին նրա բերանին:+
30 Եվ թթված գինին բերանն առնելուց հետո Հիսուսն ասաց. «Կատարվեց»:+ Ապա գլուխը խոնարհելով՝ շունչը* տվեց:+
31 Պատրաստության օրն էր,+ և հրեաները չէին ցանկանում, որ մահապատժի դատապարտվածների մարմինները Շաբաթ օրը տանջանքի սյուների վրա մնային+ (դա մեծ Շաբաթ էր համարվում):+ Այդ պատճառով նրանք խնդրեցին Պիղատոսին, որ կոտրել տա նրանց ոտքերը, և իրենք վերցնեն մարմինները:
32 Ուստի զինվորները եկան ու սկզբում կոտրեցին Հիսուսի հետ սյան վրա մահապատժի ենթարկվածներից մեկի, ապա մյուսի ոտքերը:
33 Բայց երբ մոտեցան Հիսուսին, տեսան, որ արդեն մեռած է, ուստի նրա ոտքերը չկոտրեցին:
34 Սակայն զինվորներից մեկը նիզակով խոցեց նրա կողը,+ և իսկույն արյուն ու ջուր դուրս եկան:
35 Այս ամենի մասին վկայում է ականատեսը, և նրա վկայությունը ճիշտ է: Նա գիտի, որ իր ասածը հավաստի է, և ասում է, որպեսզի դուք էլ հավատաք:+
36 Այս ամենը եղավ, որ կատարվի սուրբ գրքերից մեկում գրվածը. «Նրա ոսկորներից և ոչ մեկը չի կոտրվի»:*+
37 Իսկ սուրբ գրքերից մեկ ուրիշում ասվում է. «Իրենց աչքերը կհառեն նրան, ում խոցեցին»:+
38 Դրանից հետո արիմաթեացի Հովսեփը, որը Հիսուսի աշակերտներից էր (բայց դա գաղտնի էր պահում, քանի որ հրեաներից* վախենում էր),+ Պիղատոսից Հիսուսի մարմինը վերցնելու թույլտվություն խնդրեց, և Պիղատոսը թույլ տվեց: Ուստի նա եկավ ու վերցրեց նրա մարմինը:+
39 Նիկոդեմոսը,+ որը մի անգամ գիշերով եկել էր Հիսուսի մոտ, նույնպես եկավ՝ իր հետ բերելով մոտ 33 կիլոգրամ* զմուռսի* ու հալվեի խառնուրդ:*+
40 Նրանք վերցրին Հիսուսի մարմինը և հոտավետ բուսանյութերի հետ կտավե կտորներով փաթաթեցին՝+ թաղման համար մարմինը պատրաստելու հրեաների սովորույթի համաձայն:
41 Այնտեղ, որտեղ նրան սյանն էին գամել, մի պարտեզ կար, իսկ այդ պարտեզում՝ նոր գերեզման,+ որտեղ ոչ ոքի դեռ չէին դրել:
42 Եվ քանի որ տոնի համար պատրաստություններ տեսնելու օրն էր,+ և գերեզմանն էլ մոտ էր, Հիսուսին այնտեղ դրեցին:
Ծանոթագրություններ
^ Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:
^ Բռց.՝ «խոսում»:
^ Բռց.՝ «մոտավորապես վեցերորդ ժամը [արևածագից հաշված]»:
^ Բառարանում տես «Տանջանքի սյուն»:
^ Կամ՝ «Եվ այդ պահից սկսած՝ աշակերտը նրան իր հոգածության տակ առավ»:
^ Կամ՝ «ոգին»:
^ Կամ՝ «փշրվի»:
^ Խոսքը հրեա կրոնական առաջնորդների մասին է:
^ Բռց.՝ «100 ֆունտ»: Այսինքն՝ հռոմեական ֆունտ: Տես հավելված Բ14:
^ Թանկարժեք, անուշաբույր խեժ:
^ Կամ հնարավոր է՝ «փաթեթ»: