Հովհաննես 2։1-25

  • Հարսանիք՝ Կանայում: Հիսուսը ջուրը գինի է դարձնում (1-12)

  • Հիսուսը տաճարից վռնդում է դրամափոխներին և առևտրականներին (13-22)

  • Հիսուսը գիտի, թե ինչ կա մարդու սրտում (23-25)

2  Երկու օր անց Գալիլեայի Կանայում հարսանեկան խնջույք եղավ: Հիսուսի մայրն էլ էր այնտեղ:  Հիսուսն ու իր աշակերտները նույնպես հրավիրված էին այդ հարսանեկան խնջույքին:  Երբ գինին վերջանալու վրա էր, Հիսուսի մայրն ասաց նրան. «Գինի չունեն»:  Բայց Հիսուսն ասաց. «Մեր ի՞նչ գործն է, ո՛վ կին:* Իմ ժամը դեռ չի եկել»:  Այդ ժամանակ նրա մայրը սպասավորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»:  Այնտեղ, ինչպես որ պահանջվում էր հրեաների մաքրվելու կանոններով, ջրի վեց քարե կարասներ կային,+ որոնցից յուրաքանչյուրը երկուսից երեք չափ* տարողություն ուներ:  Հիսուսն ասաց սպասավորներին. «Կարասները ջրով լցրեք»: Եվ նրանք բերնեբերան լցրին դրանք:  Ապա ասաց. «Իսկ հիմա մի քիչ հանեք ու տարեք խնջույքի պատասխանատուին»: Նրանք էլ տարան:  Երբ խնջույքի պատասխանատուն համտեսեց ջուրը, որ գինի էր դարձել (նա չգիտեր, թե որտեղից է այն, բայց սպասավորները, որոնք լցրել էին ջուրը, գիտեին), իր մոտ կանչեց փեսային 10  և ասաց. «Ուրիշները սկզբում լավ գինին են մատուցում, ու երբ մարդիկ հարբում են, այդ ժամանակ վատն են բերում: Բայց դու լավ գինին մինչև հիմա պահել ես»: 11  Այսպիսով՝ Գալիլեայի Կանայում Հիսուսն իր առաջին հրաշքն արեց ու իր փառահեղ զորությունը հայտնի դարձրեց,+ և նրա աշակերտները հավատացին նրան: 12  Դրանից հետո նա իր մոր, եղբայրների+ և աշակերտների հետ գնաց Կափառնայում,+ սակայն նրանք երկար չմնացին այնտեղ: 13  Շուտով հրեաների Պասեքն էր լինելու,+ և Հիսուսը գնաց Երուսաղեմ: 14  Տաճարում նա տեսավ դրամափոխների, որոնք նստած էին այնտեղ, և նրանց, ովքեր ցլեր, կովեր, ոչխարներ ու աղավնիներ+ էին վաճառում: 15  Նա պարաններից մի մտրակ պատրաստեց և տաճարից քշեց ցլերին, կովերին, ոչխարներին ու վռնդեց վաճառականներին, նաև ցրիվ տվեց դրամափոխների մետաղադրամները և շուռ տվեց նրանց սեղանները:+ 16  Իսկ աղավնի վաճառողներին ասաց. «Հեռացրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը այլևս առևտրի տուն* մի՛ դարձրեք»:+ 17  Եվ նրա աշակերտները հիշեցին գրվածը. «Քո տան հանդեպ նախանձախնդրությունը կբոցավառվի իմ մեջ»:+ 18  Այդ ժամանակ հրեաները հարցրին նրան. «Ի՞նչ նշան ցույց կտաս մեզ, որ իրավունք ունես այդպես վարվելու»:+ 19  Հիսուսը պատասխանեց նրանց. «Քանդե՛ք այս տաճարը, և ես երեք օրում կվերականգնեմ այն»:+ 20  Հրեաներն ասացին. «Այս տաճարը 46 տարում է կառուցվել, իսկ դու երեք օրում վերականգնելո՞ւ ես»: 21  Բայց նա իր մարմնի տաճարը նկատի ուներ:+ 22  Եվ երբ նա հարություն առավ, նրա աշակերտները հիշեցին, որ ասում էր այդ մասին,+ ու հավատացին սուրբ գրքերին և Հիսուսի խոսքերին: 23  Երբ նա Պասեքի տոնին Երուսաղեմում էր, շատերը, տեսնելով նրա կատարած հրաշքները, հավատացին նրա անվանը: 24  Սակայն Հիսուսը լիովին չէր վստահում նրանց, քանի որ ճանաչում էր նրանց բոլորին 25  և կարիք չուներ, որ իրեն ինչ-որ մեկի մասին որևէ բան պատմեին, որովհետև գիտեր, թե ինչ կա մարդու սրտում:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Ինձ ու քեզ ի՞նչ, կի՛ն»: Սա անհամաձայնություն արտահայտող դարձված է: «Կին» դիմելաձևը անհարգալից վերաբերմունք ցույց չի տալիս:
Հավանական է՝ հեղուկի չափման միավորը եղել է մարը: 1 մարը մոտ 22 լ է: Տես հավելված Բ14:
Կամ՝ «շուկա»: