Հովհաննես 20։1-31

  • Գերեզմանը դատարկ է (1-10)

  • Հիսուսը երևում է Մարիամ Մագդաղենացուն (11-18)

  • Հիսուսը երևում է իր աշակերտներին (19-23)

  • Թովմասը կասկածում է, բայց հետո համոզվում (24-29)

  • Ինչու գրվեց այս ամենը (30, 31)

20  Մարիամ Մագդաղենացին շաբաթվա առաջին օրը՝ վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, եկավ գերեզման+ ու տեսավ, որ գերեզմանի մուտքին դրված քարը մի կողմ է տարված:+  Նա վազելով գնաց Սիմոն Պետրոսի և Հիսուսի սիրելի* աշակերտի մոտ+ ու ասաց. «Տիրոջը տարել են գերեզմանից,+ և չգիտենք, թե որտեղ են դրել»:  Այդ ժամանակ Պետրոսը և մյուս աշակերտը շտապեցին գերեզման:  Նրանք սկսեցին վազել, սակայն մյուս աշակերտը Պետրոսից ավելի արագ վազեց և առաջինը հասավ գերեզման:  Կռանալով նա ներս նայեց ու տեսավ, որ կտավե կտորները ընկած են գետնին,+ բայց գերեզման չմտավ:  Սիմոն Պետրոսը նրա հետևից եկավ ու մտավ գերեզման և նույնպես տեսավ, որ կտավե կտորներն ընկած են գետնին,  իսկ այն կտորը, որը Հիսուսի գլխին էր եղել, ոչ թե մյուս կտորների հետ ընկած է, այլ առանձին փաթաթված ու մի կողմ է դրված:  Այդ ժամանակ մյուս աշակերտը, որն առաջինն էր գերեզման հասել, նույնպես ներս մտավ, տեսավ ու համոզվեց:  Նրանք դեռ չէին հասկանում սուրբ գրքերից մեկում գրված այն խոսքերը, որ նա պետք է հարություն առներ:+ 10  Դրանից հետո աշակերտները վերադարձան իրենց տները: 11  Մարիամը, սակայն, գերեզմանի մոտ կանգնած լաց էր լինում: Նա լացակումած կռացավ, որ գերեզմանի ներսը նայի, 12  ու սպիտակ հանդերձներով երկու հրեշտակ տեսավ:+ Նրանք նստած էին այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր եղել. մեկը՝ գլխի կողմը, մյուսը՝ ոտքերի: 13  Հրեշտակները հարցրին Մարիամին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լաց լինում»: Նա պատասխանեց՝ «Իմ Տիրոջը տարել են, և չգիտեմ, թե որտեղ են դրել», 14  ապա շրջվեց ու տեսավ Հիսուսին կանգնած, բայց չիմացավ, որ դա Հիսուսն է:+ 15  Հիսուսը նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լաց լինում: Ո՞ւմ ես փնտրում»: Իսկ նա, կարծելով, թե այգեպանն է, ասաց. «Տե՛ր, եթե դու ես տարել նրան, ասա, թե որտեղ ես դրել, և ես կվերցնեմ ու կտանեմ նրան»: 16  Այդ պահին Հիսուսն ասաց. «Մարիա՛մ»: Նա էլ շրջվեց ու եբրայերեն ասաց. «Ռաբբունի՛» (որը նշանակում է «ուսուցիչ»): 17  Հիսուսն ասաց նրան. «Մի՛ կառչիր ինձնից, որովհետև ես դեռ չեմ բարձրանում Հոր մոտ: Գնա իմ եղբայրների մոտ+ և ասա նրանց. «Ես բարձրանալու եմ իմ Հոր մոտ+ և ձեր Հոր մոտ, իմ Աստծու մոտ+ և ձեր Աստծու մոտ»»: 18  Մարիամ Մագդաղենացին գնաց ու աշակերտներին ասաց՝ «Տիրո՛ջն եմ տեսել», և պատմեց այն ամենը, ինչ Հիսուսն ասել էր իրեն:+ 19  Այդ նույն օրը՝ շաբաթվա առաջին օրը, աշակերտները երեկոյան հավաքվել էին ու հրեաներից* վախենալու պատճառով կողպել էին դռները: Հիսուսը եկավ, կանգնեց նրանց մեջ ու ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ»:+ 20  Հետո ցույց տվեց իր ձեռքերն ու կողը:+ Տիրոջը տեսնելով՝ աշակերտներն ուրախացան:+ 21  Հիսուսը դարձյալ ասաց նրանց. «Խաղաղությո՛ւն ձեզ:+ Ինչպես Հայրը ինձ ուղարկեց,+ այնպես էլ ես եմ ձեզ ուղարկում»:+ 22  Սա ասելուց հետո նա փչեց նրանց վրա ու ասաց. «Ստացե՛ք սուրբ ոգին:+ 23  Եթե որևէ մեկի մեղքերը ներեք, ուրեմն Աստված արդեն ներել է նրան, իսկ եթե չներեք, ուրեմն չի ներել»: 24  Սակայն Թովմասը՝+ տասներկուսից մեկը, որին Երկվորյակ էին կոչում, նրանց հետ չէր, երբ Հիսուսը եկավ: 25  Ուստի երբ մյուս աշակերտները նրան ասացին՝ «Տիրո՛ջն ենք տեսել», նա ասաց. «Մինչև նրա ձեռքերի վրա չտեսնեմ մեխերի հետքերը, մատս չմտցնեմ մեխերի տեղը ու ձեռքս կողը չմտցնեմ,+ չեմ հավատա»: 26  Ութ օր հետո նրա աշակերտները դարձյալ հավաքվել էին տանը. Թովմասն էլ էր նրանց հետ: Ու թեև դռները կողպված էին, Հիսուսը եկավ, կանգնեց նրանց մեջ և ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ»:+ 27  Ապա Թովմասին ասաց. «Մատդ դիր այստեղ և նայիր ձեռքերիս: Ձեռքդ կողս մտցրու և այլևս մի՛ կասկածիր,* այլ հավատա»: 28  Թովմասն ասաց. «Տե՛ր իմ, Աստվա՛ծ իմ»: 29  Հիսուսն ասաց նրան. «Ինձ տեսար, դրա համա՞ր հավատացիր: Երջանիկ են նրանք, ովքեր չեն տեսնում, բայց հավատում են»: 30  Ինչ խոսք, Հիսուսը աշակերտների առաջ ուրիշ շատ հրաշքներ էլ արեց, որոնց մասին գրված չէ այս գրքում:*+ 31  Բայց այս ամենը գրվեց, որպեսզի հավատաք, որ Հիսուսն է Քրիստոսը՝ Աստծու Որդին, և որ հավատալով դուք կյանք ունենաք նրա անվան շնորհիվ:+

Ծանոթագրություններ

Հուն.՝ ֆիլեո:
Խոսքը հրեա կրոնական առաջնորդների մասին է:
Բռց.՝ «և անհավատ մի՛ եղիր»:
Կամ՝ «գլանաձև ձեռագրում»: