Հովհաննես 21։1-25
21 Դրանից հետո Տիբերիայի ծովի* մոտ Հիսուսը դարձյալ երևաց իր աշակերտներին: Ահա թե ինչպես եղավ դա:
2 Սիմոն Պետրոսը, Երկվորյակ կոչվող Թովմասը,+ Նաթանայելը,+ որ Գալիլեայի Կանայից էր, Զեբեդեոսի որդիները+ և Հիսուսի աշակերտներից ուրիշ երկուսը միասին էին:
3 Սիմոն Պետրոսն ասաց նրանց. «Ես գնում եմ ձուկ բռնելու»: Նրանք էլ ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»: Նրանք գնացին ու նավակ նստեցին, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին:+
4 Արդեն լուսանում էր: Հիսուսը կանգնած էր ծովափին, բայց աշակերտները չճանաչեցին նրան:+
5 Հիսուսն ասաց նրանց. «Ընկերնե՛ր,* ուտելու բան* չունե՞ք»: Նրանք պատասխանեցին. «Ո՛չ»:
6 Նա էլ ասաց. «Ցանցը նավակի աջ կողմը գցեք և կգտնեք»: Նրանք էլ գցեցին ցանցը, սակայն չէին կարողանում այն դուրս քաշել, որովհետև դրա մեջ շատ ձուկ էր հավաքվել:+
7 Այդ ժամանակ Հիսուսի սիրելի աշակերտն+ ասաց Պետրոսին. «Տե՛րն է»: Դա լսելով՝ Սիմոն Պետրոսը վերնահագուստն իր վրա գցեց, քանի որ մերկ* էր, և ծովը նետվեց:
8 Իսկ մյուս աշակերտները նավակով գնացին՝ իրենց հետ քաշելով ձկներով լի ցանցը: Նրանք ցամաքից հեռու չէին՝ մոտ 90 մետր* հեռավորության վրա:
9 Երբ աշակերտները հասան ցամաք, տեսան, որ այնտեղ շիկացած ածուխների վրա դրված ձկներ կան, ինչպես նաև հաց:
10 Հիսուսը նրանց ասաց. «Բերեք ձեր նոր բռնած ձկներից»:
11 Սիմոն Պետրոսն էլ նավակը մտավ և ցամաք քաշեց ցանցը, որը լիքն էր մեծ-մեծ ձկներով՝ 153 ձուկ: Ու թեև ձկներն այդքան շատ էին, ցանցը չպատռվեց:
12 Հիսուսն ասաց նրանց. «Եկեք նախաճաշեք»: Աշակերտներից ոչ ոք չհամարձակվեց հարցնել նրան, թե ով է նա, որովհետև գիտեին, որ Տերն է:
13 Հիսուսը մոտեցավ, վերցրեց հացն ու տվեց նրանց, ապա ձուկը տվեց:
14 Սա երրորդ անգամն էր,+ որ Հիսուսը հարություն առնելուց հետո երևաց աշակերտներին:
15 Երբ նախաճաշն ավարտեցին, Հիսուսը հարցրեց Սիմոն Պետրոսին. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ* ես ինձ սրանցից առավել»: Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»: Նա էլ ասաց նրան. «Կերակրի՛ր իմ գառներին»:+
16 Հիսուսը երկրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ* ես ինձ»: Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»: Նա էլ ասաց. «Հովվի՛ր իմ գառնուկներին»:+
17 Հիսուսը երրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ* ես ինձ»: Պետրոսը տրտմեց, որ նա երրորդ անգամ հարցրեց՝ «Սիրո՞ւմ ես ինձ», ուստի պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ սիրում* եմ քեզ»: Հիսուսն էլ ասաց նրան. «Կերակրի՛ր իմ գառնուկներին:+
18 Հաստատ ասում եմ քեզ. երբ երիտասարդ էիր, ինքնուրույն էիր հագնվում և ուր ուզում, գնում էիր: Բայց երբ ծերանաս, ձեռքերդ առաջ կպարզես, և մեկ ուրիշը կհագցնի քեզ ու կտանի այնտեղ, ուր չես ուզենա գնալ»:
19 Սա ասաց ցույց տալու համար, թե ինչպիսի մահով է նա փառավորելու Աստծուն: Այնուհետև ավելացրեց. «Շարունակիր հետևել ինձ»:+
20 Պետրոսը շրջվեց ու տեսավ, որ Հիսուսի սիրելի աշակերտը+ իրենց հետևից է գալիս, նա, ով ընթրիքի ժամանակ հենվելով Հիսուսի կրծքին՝ հարցրել էր. «Տե՛ր, ո՞վ է մատնելու քեզ»:
21 Նրան տեսնելով՝ Պետրոսը Հիսուսին հարցրեց. «Տե՛ր, իսկ նա՞»:
22 Հիսուսը պատասխանեց. «Եթե ես ուզում եմ, որ մինչև իմ գալը նա մնա, քե՞զ ինչ: Դու շարունակիր հետևել ինձ»:
23 Ուստի եղբայրներն իրար մեջ սկսեցին խոսել, թե այդ աշակերտը չի մահանալու: Մինչդեռ Հիսուսը չասաց, թե նա չի մահանալու, այլ ասաց. «Եթե ես ուզում եմ, որ մինչև իմ գալը նա մնա, քե՞զ ինչ»:
24 Այդ աշակերտը+ հենց նա է, ով վկայում է այս բաների մասին և գրի առավ դրանք, ու գիտենք, որ նրա տված վկայությունը ճիշտ է:
25 Հիսուսն ուրիշ շատ բաներ էլ է արել, որոնք եթե ամենայն մանրամասնությամբ գրի առնվեին գրքերում, կարծում եմ, որ աշխարհում դրանց համար բավարար տեղ չէր լինի:+
Ծանոթագրություններ
^ Կոչվում է նաև Գալիլեայի ծով, Քեներեթի ծով և Գեննեսարեթի լիճ:
^ Բռց.՝ «Երեխանե՛ր»:
^ Կամ՝ «ձուկ»:
^ Կամ՝ «կիսահագնված»:
^ Բռց.՝ «մոտ 200 կանգուն»: Տես հավելված Բ14:
^ Հուն.՝ ագապաո:
^ Հուն.՝ ֆիլեո:
^ Հուն.՝ ագապաո:
^ Հուն.՝ ֆիլեո:
^ Հուն.՝ ֆիլեո:
^ Հուն.՝ ֆիլեո: