Հովհաննես 6։1-71
6 Այս ամենից հետո Հիսուսն անցավ Գալիլեայի ծովի, այսինքն՝ Տիբերիայի ծովի* մյուս կողմը:+
2 Նրա հետևից մարդկանց մի մեծ բազմություն էր գնում,+ որովհետև նրանք տեսնում էին, թե նա ինչպես էր հրաշքով բուժում հիվանդներին:+
3 Հիսուսը մի լեռ բարձրացավ և իր աշակերտների հետ նստեց այնտեղ:
4 Մոտենում էր Պասեքը՝+ հրեաների տոնը:
5 Երբ Հիսուսը տեսավ, որ մի մեծ բազմություն է գալիս իր մոտ, Փիլիպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց գնենք այս մարդկանց համար»:+
6 Նա գիտեր, թե ինչ պետք է անի, բայց այդպես ասաց, որ ստուգի նրան:
7 Փիլիպոսն էլ պատասխանեց. «200 դինարի* հացն անգամ բավական չէ, որ ամեն մեկին գոնե մի քիչ հասնի»:
8 Հիսուսի աշակերտներից մեկը՝ Անդրեասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, նրան ասաց.
9 «Այստեղ մի փոքրիկ տղա կա, որը հինգ գարեհաց և երկու փոքր ձուկ ունի: Բայց դա ի՞նչ է այսքան շատ մարդկանց համար»:+
10 Հիսուսն ասաց. «Թող մարդիկ նստեն»: Այնտեղ շատ խոտ կար, ուստի մարդիկ նստեցին դրա վրա. միայն տղամարդիկ թվով մոտ 5 000 էին:+
11 Հիսուսը վերցրեց հացերը և Աստծուն շնորհակալություն հայտնելուց հետո դրանք բաժանեց նստածներին: Նույն ձևով էլ փոքր ձկները բաժանեց. բոլորը ստացան այնքան, որքան ուզեցին:
12 Երբ մարդիկ կերան կշտացան, նա ասաց իր աշակերտներին. «Հավաքե՛ք մնացած կտորները, որ ոչինչ չկորչի»:
13 Նրանք էլ հավաքեցին ուտելուց հետո մնացած գարեհացի կտորները, և 12 զամբյուղ լցվեց:
14 Երբ մարդիկ տեսան նրա կատարած հրաշքները, ասացին. «Իրոք, սա այն Մարգարեն է, որ պետք է աշխարհ գար»:+
15 Հիսուսը, իմանալով, որ շուտով գալու են՝ իրեն բռնեն, որպեսզի թագավոր դարձնեն,+ նորից լեռը գնաց, այս անգամ մենակ:+
16 Երեկոյան նրա աշակերտները գնացին ծովի մոտ,+
17 նավակ նստեցին և ուղևորվեցին դեպի ծովի մյուս կողմը՝ Կափառնայում: Արդեն մթնել էր, բայց Հիսուսը դեռ չէր եկել նրանց մոտ:+
18 Ծովն էլ սաստիկ քամու պատճառով սկսել էր ալեկոծվել:+
19 Աշակերտներն արդեն մոտ հինգ կամ վեց կիլոմետր* թիավարել էին: Հանկարծ նրանք տեսան, որ Հիսուսը, ծովի վրա քայլելով, նավակին է մոտենում, և վախեցան:
20 Բայց նա ասաց նրանց. «Այդ ես եմ: Մի՛ վախեցեք»:+
21 Ուստի նրանք ուրախությամբ նրան նավակ վերցրին և շուտով հասան այն վայրը, ուր գնում էին:+
22 Հաջորդ օրը ծովի մյուս ափին մնացած ժողովուրդը տեսավ, որ այնտեղ նավակ չկա: Նախորդ օրը մի նավակ էր եղել, որով Հիսուսի աշակերտները գնացել էին, բայց նա նրանց հետ այն չէր նստել:
23 Այդ ժամանակ Տիբերիայից նավակներ մոտեցան այն վայրին, որտեղ Տերը Աստծուն շնորհակալություն հայտնելուց հետո կերակրել էր ժողովրդին:
24 Երբ մարդիկ տեսան, որ ո՛չ Հիսուսն է այնտեղ և ո՛չ էլ նրա աշակերտները, նստեցին այդ նավակներն ու եկան Կափառնայում՝ Հիսուսին փնտրելու:
25 Նրանք գտան նրան ծովի մյուս կողմում և հարցրին. «Ռաբբի՛,+ ե՞րբ եկար այստեղ»:
26 Հիսուսն էլ պատասխանեց. «Հաստատ ասում եմ ձեզ. դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որ կերաք այն հացերից ու կշտացաք:+
27 Աշխատեք ոչ թե փչացող ուտելիքի համար, այլ մնայուն ուտելիքի, որը հավիտենական կյանքի է տանում,+ և որը մարդու Որդին կտա ձեզ, որովհետև Հայրը՝ Աստված, իր հավանության կնիքն է դրել նրա վրա»:+
28 Նրանք հարցրին. «Ի՞նչ անենք, որ Աստծու հավանությանն արժանանանք»:
29 Հիսուսն էլ պատասխանեց. «Աստծու հավանությանն արժանանալու համար դուք պետք է հավատ դրսևորեք նրա հանդեպ, ում Նա ուղարկեց»:+
30 Նրանք ասացին. «Ի՞նչ հրաշք կանես,+ որ մենք տեսնենք ու հավատանք քեզ: Ի՞նչ կանես:
31 Օրինակ՝ մեր նախահայրերը մանանան կերան անապատում,+ ինչպես որ գրված է. «Նա երկնքից հաց տվեց նրանց»»:+
32 Հիսուսն էլ ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. Մովսեսը ձեզ ճշմարիտ հաց չի տվել երկնքից, բայց հիմա իմ Հայրը ձեզ ճշմարիտ հաց է տալիս երկնքից:
33 Աստծու հացը նա է, ով իջնում է երկնքից և կյանք է տալիս աշխարհին»:
34 Նրանք էլ ասացին. «Տե՛ր, միշտ տուր մեզ այդ հացը»:
35 Հիսուսն ասաց նրանց. «Ե՛ս եմ կյանքի հացը: Նա, ով ինձ մոտ է գալիս, երբեք չի սովածանա, և ով հավատում է ինձ, երբեք չի ծարավի:+
36 Սակայն ինչպես ասացի ձեզ, թեև դուք ինձ տեսնում եք, բայց, միևնույն է, չեք հավատում:+
37 Յուրաքանչյուր ոք, ում Հայրը ինձ է տալիս, կգա ինձ մոտ, և ես երբեք դուրս չեմ անի ինձ մոտ եկողին,+
38 որովհետև ես երկնքից իջա,+ որ ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը:+
39 Ինձ ուղարկողի կամքն այն է, որ ոչ մեկին չկորցնեմ նրանցից, ում նա տվել է ինձ, այլ հարություն տամ+ վերջին օրը:
40 Սա է իմ Հոր կամքը. ամեն ոք, ով ընդունում է Որդուն և հավատում է նրան, հավիտենական կյանք կունենա,+ և ես հարություն կտամ+ նրան վերջին օրը»:
41 Հրեաները սկսեցին վրդովվել, որ նա ասաց. «Ե՛ս եմ այն հացը, որ երկնքից է իջել»:+
42 Նրանք սկսեցին հարցնել. «Սա Հովսեփի որդի Հիսուսը չէ՞. մենք նրա հորն ու մորը ճանաչում ենք:+ Ուրեմն ինչպե՞ս է ասում՝ ես երկնքից եմ իջել»:
43 Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Բավակա՛ն է վրդովվեք:
44 Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, մինչև որ Հայրը, ով ուղարկել է ինձ, չձգի նրան,+ և վերջին օրը ես նրան հարություն կտամ:+
45 Մարգարեների գրվածքներում ասվում է. «Նրանք բոլորը Եհովայի* կողմից ուսուցանված կլինեն»:+ Ամեն ոք, ով լսում է Հորը և սովորում է, ինձ մոտ է գալիս:
46 Դա չի նշանակում, որ մարդկանցից որևէ մեկը տեսել է Հորը.+ միայն նա է տեսել Հորը, ով Աստծուց է:+
47 Հաստատ ասում եմ ձեզ. ով հավատում է, հավիտենական կյանք ունի:+
48 Ես եմ կյանքի հացը:+
49 Ձեր նախահայրերը անապատում կերան մանանան, բայց մահացան:+
50 Սակայն ով ուտի երկնքից իջած հացը, չի մահանա:
51 Ես եմ կենդանի հացը, որ իջել է երկնքից: Եթե մեկը ուտի այս հացից, հավիտյան կապրի, և այդ հացը իմ մարմինն է. ես այն տալու եմ, որպեսզի աշխարհը կյանք ունենա»:+
52 Դա լսելով՝ հրեաները սկսեցին իրար հետ վիճել. «Այս մարդն ինչպե՞ս կարող է իր մարմինը մեզ տալ, որ ուտենք»:
53 Հիսուսն էլ ասաց նրանց. «Հաստատ ասում եմ ձեզ. մինչև չուտեք մարդու Որդու մարմինը և չխմեք նրա արյունը, կյանք չեք ստանա:*+
54 Նա, ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես հարություն կտամ+ նրան վերջին օրը,
55 որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը՝ ճշմարիտ ըմպելիք:
56 Նա, ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, միասնության մեջ է մնում ինձ հետ, ես էլ՝ նրա հետ:+
57 Ինչպես որ ես եմ ապրում կենդանի Հոր շնորհիվ, ով ուղարկեց ինձ, այնպես էլ նա, ով ուտում է իմ մարմինը, իմ շնորհիվ կապրի:+
58 Սա է երկնքից իջած հացը: Սա նման չէ այն մեկին, որը ձեր նախահայրերը կերան, բայց մահացան: Նա, ով այս հացն է ուտում, հավիտյան կապրի»:+
59 Այս բաները նա ասաց, երբ սովորեցնում էր Կափառնայումի ժողովարաններից մեկում:*
60 Նրա ասածները լսելով՝ աշակերտներից շատերն ասացին. «Այս խոսքերը զարհուրելի են, ո՞վ կարող է լսել դրանք»:
61 Սակայն Հիսուսը, իմանալով, որ աշակերտները վրդովվում են իր խոսքերից, ասաց. «Ձեր հավատը դրանցից սասանվո՞ւմ է:
62 Իսկ եթե տեսնեք մարդու Որդուն բարձրանալիս այնտեղ, որտեղ առաջ էր, այդ ժամանա՞կ ինչ կանեք:+
63 Ոգին է, որ կյանք է տալիս.+ մարմինը ոչ մի օգուտ չի տալիս: Իմ ասած խոսքերը ոգի են ու կյանք:+
64 Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»: Հիսուսը սկզբից ևեթ գիտեր, թե ովքեր չէին հավատում, և ով էր լինելու իրեն մատնողը:+
65 Նա ավելացրեց. «Ահա թե ինչու ձեզ ասացի, որ ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե Հայրը չցանկանա»:+
66 Դրանից հետո նրա աշակերտներից շատերը հետ դարձան իրենց նախկին գործերին+ և այլևս չէին շրջում նրա հետ:
67 Ուստի Հիսուսն ասաց 12 առաքյալներին. «Դուք է՞լ եք ուզում գնալ»:
68 Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք:+ Հավիտենական կյանքի տանող խոսքերը դո՛ւ ունես,+
69 և մենք հավատացինք ու իմացանք, որ դու ես Աստծու Սուրբը»:+
70 Հիսուսն էլ ասաց նրանց. «Ես ընտրեցի ձեզ՝ տասներկուսիդ,+ սակայն ձեզանից մեկը զրպարտիչ* է»:+
71 Նա խոսում էր Հուդայի՝ Սիմոն Իսկարիովտացու որդու մասին, քանի որ վերջինս մատնելու էր իրեն, չնայած որ տասներկուսից մեկն էր:+
Ծանոթագրություններ
^ Կոչվում է նաև Քեներեթի ծով և Գեննեսարեթի լիճ:
^ Տես հավելված Բ14:
^ Բռց.՝ «մոտ 25 կամ 30 ասպարեզ»: Հուն.՝ ստադիոն: Տես հավելված Բ14:
^ Տես հավելված Ա5:
^ Բռց.՝ «կյանք չեք ունենա ձեր մեջ»:
^ Կամ հնարավոր է՝ «Կափառնայումում հավաքված ժողովրդին»:
^ Կամ՝ «բանսարկու»: