Հովհաննես 8։12-59

  • Հայրը վկայում է Հիսուսի մասին (12-30)

    • Հիսուս՝ «աշխարհի լույսը» (12)

  • Աբրահամի զավակներ (31-41)

    • «Ճշմարտությունը կազատի ձեզ» (32)

  • Բանսարկուի զավակներ (42-47)

  • Հիսուսը և Աբրահամը (48-59)

8  12  Հիսուսը դարձյալ խոսեց ժողովրդի հետ: Նա ասաց. «Ես եմ աշխարհի լույսը:+ Ով իմ հետևից է գալիս, այլևս երբեք խավարի մեջ չի քայլի, այլ կունենա կյանքի լույսը»:+ 13  Փարիսեցիներն ասացին. «Դու ես վկայում քո մասին, ուստի քո վկայությունը վստահարժան չէ»: 14  Հիսուսն էլ պատասխանեց. «Նույնիսկ եթե ես եմ իմ մասին վկայում, իմ վկայությունը վստահարժան է, որովհետև ես գիտեմ, թե որտեղից եմ եկել և ուր եմ գնում:+ Բայց դուք չգիտեք, թե ես որտեղից եմ եկել և ուր եմ գնում: 15  Դուք մարդկային չափանիշներով* եք դատում,+ իսկ ես ոչ ոքի չեմ դատում: 16  Բայց անգամ եթե դատում եմ, իմ դատը արդար* է, որովհետև ես մենակ չեմ, այլ ինձ հետ է Հայրը, ով ուղարկեց ինձ:+ 17  Ձեր Օրենքում էլ գրված է. «Երկու մարդու վկայությունը վստահարժան է»:+ 18  Ես եմ վկայում իմ մասին, և իմ մասին վկայում է Հայրը, ով ուղարկեց ինձ»:+ 19  Այդ ժամանակ նրանք հարցրին. «Որտե՞ղ է քո Հայրը»: Հիսուսն էլ պատասխանեց. «Դուք ո՛չ ինձ եք ճանաչում, ո՛չ էլ իմ Հորը:+ Եթե ինձ ճանաչեիք, իմ Հորն էլ կճանաչեիք»:+ 20  Այս խոսքերը նա ասաց, երբ սովորեցնում էր տաճարի այն հատվածում, որտեղ դրված էին նվիրաբերության արկղերը:+ Բայց ոչ ոք նրան չբռնեց, որովհետև նրա ժամը դեռ չէր եկել:+ 21  Հիսուսը նորից ասաց նրանց. «Ես հեռանում եմ: Դուք կփնտրեք ինձ, բայց, միևնույն է, կմեռնեք ձեր մեղքի մեջ:+ Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»:+ 22  Այդ ժամանակ հրեաները սկսեցին ասել. «Չլինի՞ թե ինքն իրեն սպանելու է, որովհետև ասում է, թե՝ «Ուր որ ես գնում եմ, դուք չեք կարող գալ»»: 23  Նա շարունակեց. «Դուք այստեղից եք՝ երկրից, իսկ ես վերևից եմ՝ երկնքից:+ Դուք այս աշխարհից եք, իսկ ես այս աշխարհից չեմ, 24  դրա համար էլ ասացի ձեզ, որ կմեռնեք ձեր մեղքերի մեջ: Եթե չհավատաք, որ ես եմ նա, ով պետք է գար, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»: 25  Նրանք հարցրին. «Հիմա դու ո՞վ ես»: Հիսուսն էլ ասաց. «Ինչո՞ւ եմ ես ընդհանրապես խոսում ձեզ հետ: 26  Ձեր մասին շատ բաներ ունեմ ասելու և շատ հիմքեր ունեմ դատելու: Բայց ես ասում եմ այն, ինչ լսել եմ Նրանից, ով ինձ աշխարհ է ուղարկել, և նա միշտ ճիշտն է ասում»:+ 27  Նրանք չհասկացան, որ Հոր մասին էր խոսում իրենց հետ: 28  Հիսուսն ավելացրեց. «Երբ մարդու Որդուն բարձրացնեք,*+ այդ ժամանակ կիմանաք, թե ով եմ ես,+ և որ իմ նախաձեռնությամբ ոչինչ չեմ անում.+ ես ասում եմ ճիշտ այն, ինչ Հայրը սովորեցրել է ինձ: 29  Ինձ ուղարկողը ինձ հետ է. նա ինձ մենակ չի թողել, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ հաճելի է նրան»:+ 30  Հիսուսի խոսքերը լսելով՝ շատերը սկսեցին հավատալ նրան: 31  Հիսուսն իրեն հավատացող հրեաներին ասաց. «Եթե միշտ հնազանդվեք իմ խոսքին, ուրեմն իսկապես իմ աշակերտներն եք: 32  Դուք կիմանաք ճշմարտությունը,+ և ճշմարտությունը կազատի ձեզ»:+ 33  Դա լսելով՝ ոմանք ասացին. «Մենք Աբրահամի սերունդն ենք և ոչ մեկի ծառան երբեք չենք եղել: Ինչո՞ւ ես ասում, թե ազատ կլինենք»: 34  Հիսուսն էլ պատասխանեց. «Հաստատ ասում եմ ձեզ. ով մեղք է գործում, մեղքի ծառա է:+ 35  Իսկ ծառան ընդմիշտ տանը չի մնում, որդին է ընդմիշտ մնում: 36  Հետևաբար եթե Որդին ազատի ձեզ, դուք իսկապես ազատ կլինեք: 37  Գիտեմ, որ Աբրահամի սերունդն եք, բայց դուք ուզում եք սպանել ինձ, որովհետև իմ խոսքը տեղ չունի ձեր սրտում: 38  Ես ասում եմ այն, ինչ տեսել եմ Հոր մոտ եղած ժամանակ,+ իսկ դուք անում եք այն, ինչ սովորել եք ձեր հորից»: 39  Նրանք ասացին. «Մեր հայրը Աբրահամն է»: Հիսուսն էլ ասաց. «Եթե Աբրահամի զավակները լինեիք,+ Աբրահամի պես կվարվեիք: 40  Բայց հիմա ուզում եք սպանել ինձ, մի մարդու, ով հայտնեց ձեզ Աստծուց լսած ճշմարտությունը:+ Աբրահամը երբեք այդպես չէր վարվի: 41  Դուք ձեր հոր պես եք վարվում»: Նրանք էլ ասացին. «Մենք ապօրինի զավակներ չենք,* ու մեր Հայրը մեկն է՝ Աստված»: 42  Հիսուսը պատասխանեց. «Եթե ձեր Հայրը Աստված լիներ, դուք կսիրեիք ինձ,+ որովհետև Աստծու կողմից եմ ուղարկվել և հիմա այստեղ եմ. ես իմ նախաձեռնությամբ չեմ եկել, այլ նա է ուղարկել ինձ:+ 43  Ինչո՞ւ չեք հասկանում, թե ինչ եմ ասում. որովհետև չեք կարողանում լսել իմ խոսքը: 44  Ձեր հայրը Բանսարկուն է, և դուք ուզում եք ձեր հոր ցանկություններն անել:+ Նա մարդասպան էր իր բռնած ընթացքի հենց սկզբից+ և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա: Երբ նա սուտ է խոսում, իր էության համաձայն է վարվում, որովհետև ստախոս է և ստության հայրը:+ 45  Իսկ ես ձեզ ճշմարտությունն եմ ասում, դրա համար էլ դուք չեք հավատում ինձ: 46  Ձեզանից ո՞վ կարող է ապացուցել, որ ես մեղք եմ գործել: Ուրեմն ինչո՞ւ չեք հավատում ինձ, եթե ես ճշմարտությունն եմ ասում: 47  Ով Աստծուց է, լսում է Աստծու խոսքերը:+ Դուք Աստծուց չեք, դրա համար էլ չեք լսում»:+ 48  Հրեաները նրան ասացին. «Մի՞թե ճիշտ չենք ասում, որ դու սամարացի+ ես ու դև ունես»:+ 49  Իսկ Հիսուսը պատասխանեց. «Ես դև չունեմ. ես իմ Հորն եմ պատվում, բայց դուք անարգում եք ինձ: 50  Սակայն ես փառքի չեմ ձգտում.+ կա Մեկը, ով ցանկանում է փառավորել ինձ, ու նա է դատավորը: 51  Հաստատ ասում եմ ձեզ. ով հնազանդվի իմ խոսքին, երբեք չի մահանա»:+ 52  Հրեաներն էլ ասացին նրան. «Հիմա համոզված ենք, որ դև ունես: Աբրահամը մահացավ, մարգարեները՝ նույնպես, բայց դու ասում ես, թե՝ «Ով հնազանդվի իմ խոսքին, երբեք մահ չի ճաշակի»: 53  Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Աբրահամը, որ մահացավ: Մարգարեներն էլ մահացան: Քեզ ո՞ւմ տեղն ես դրել»: 54  Հիսուսը պատասխանեց. «Եթե ինքս ինձ փառավորեի, իմ փառքը ոչ մի արժեք չէր ունենա: Ինձ փառավորողն իմ Հայրն է՝+ նա, ում ձեր Աստվածն եք կոչում, 55  մինչդեռ դուք չեք ճանաչում նրան,+ իսկ ես ճանաչում եմ:+ Եթե ասեի, թե չեմ ճանաչում նրան, ձեզ նման ստախոս կլինեի: Բայց ես ճանաչում եմ նրան ու հնազանդվում եմ նրա խոսքին: 56  Ձեր հայր Աբրահամը ցնծում էր այն մտքից, որ տեսնելու է իմ օրը, ու նա տեսավ այն և ուրախացավ»:+ 57  Հրեաներն ասացին նրան. «Դու դեռ 50 տարեկան էլ չկաս ու ասում ես, որ Աբրահամի՞ն ես տեսել»: 58  Իսկ Հիսուսն ասաց. «Հաստատ ասում եմ ձեզ. նախքան Աբրահամի ծնվելը ես արդեն կայի»:+ 59  Այդ ժամանակ նրանք քարեր վերցրին, որ շպրտեն Հիսուսի վրա, բայց նա թաքնվեց ու հեռացավ տաճարից:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ըստ մարմնի»:
Բռց.՝ «ճշմարիտ»:
Խոսքը սյանը գամելու մասին է:
Կամ՝ «անբարոյականությունից չենք ծնվել»: Հուն.՝ պոռնեյա: Բառարանում տես «Անբարոյականություն»: