Հուդա 1։1-25

  • Ողջույնի խոսքեր (1, 2)

  • Կեղծ ուսուցիչների դատաստանն անխուսափելի է (3-16)

    • Միքայելը վիճում է Բանսարկուի հետ (9)

    • Ենոքի ասած մարգարեությունը (14, 15)

  • Աստծու կողմից սիրված մնացեք (17-23)

  • Աստծուն թող փառք լինի (24, 25)

 Ես՝ Հուդաս՝ Հիսուս Քրիստոսի ծառաս և Հակոբոսի եղբայրս,+ գրում եմ ձեզ, ում մեր Աստվածը՝ Հայրը, կանչել է+ և ում սիրում ու պահպանում է, որպեսզի Հիսուս Քրիստոսի հետ լինեք:+  Թող Աստված ավելի շատ խաղաղություն տա ձեզ և ավելի առատ սեր ու գթասրտություն ցուցաբերի ձեր հանդեպ:  Սիրելինե՛ր, թեև շատ էի ուզում բոլորիս փրկության մասին գրել ձեզ,+ բայց հարկ համարեցի հորդորել, որ աննահանջ պայքար մղեք այն հավատի համար,+ որը մեկընդմիշտ փոխանցվել է սրբերին:*  Բանն այն է, որ ձեր մեջ որոշ մարդիկ են սողոսկել, որոնց դատաստանի մասին վաղուց ի վեր գրված է սուրբ գրվածքներում: Նրանք աստվածավախություն չունեցող մարդիկ են, որոնք օգտվում են Աստծու անզուգական բարությունից՝ իրենց լկտի վարքը*+ արդարացնելու համար, և դավաճանում են մեր միակ Փրկագնողին ու Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին:+  Չնայած դուք լավ գիտեք, բայց ուզում եմ հիշեցնել, որ թեև Եհովան* Եգիպտոսից փրկեց իր ժողովրդին,+ բայց հետագայում կործանեց հավատ չունեցողներին:+  Եվ այն հրեշտակներին, որոնք չմնացին ի սկզբանե իրենց հատկացված դերում, այլ թողեցին իրենց համար նախատեսված բնակության վայրը,+ նա հավերժական կապանքներով թանձր խավարի մեջ է պահում մինչև իր մեծ օրը, երբ կիրականացվի նրանց դատավճիռը:+  Նմանապես Սոդոմն ու Գոմորը և շրջակա քաղաքները թաղվեցին խայտառակ անբարոյականության* մեջ՝ տրվելով անբնական մարմնական ցանկություններին,+ և դատապարտվեցին ու պատժվեցին հավիտենական կրակով: Նրանց օրինակը նախազգուշացում է մեզ համար:+  Չնայած դրան՝ այս մարդիկ նույնպես տարվում են իրենց երևակայությամբ* և պղծում են մարմինը, արհամարհում են իշխանությունը* և վիրավորական խոսքեր են ասում նրանց մասին, ում Աստված փառքի է արժանացրել:+  Մինչդեռ Միքայել+ հրեշտակապետը,+ երբ Բանսարկուի հետ վիճում էր Մովսեսի մարմնի վերաբերյալ,+ չհանդգնեց անարգական խոսքերով դատապարտել նրան,+ այլ ասաց. «Թող Եհո՛վան սաստի քեզ»:+ 10  Իսկ այս մարդիկ անարգանքով են խոսում այն ամենի մասին, ինչը իրականում չեն հասկանում:+ Ինչն էլ հասկանում են, բնազդաբար են հասկանում՝ բանականությունից զուրկ կենդանիների նման,+ վարվում են դրա համաձայն և այդպիսով ապականում իրենց: 11  Վա՜յ նրանց, որովհետև Կայենի հետքերով են գնացել,+ վարձատրության հետևից ընկնելով՝ Բաղաամի սխալ ընթացքն են բռնել,+ ու Կորխի պես ըմբոստությամբ խոսելով՝+ իրենց վրա կործանում են բերել:+ 12  Այդ մարդիկ մասնակցում են ձեր եղբայրական* խնջույքներին, բայց ստորջրյա խութերի պես են,+ հովիվներ են, որոնք առանց վախենալու միայն իրենց մասին են մտածում,*+ անջուր ամպեր են, որ քամուց այս ու այն կողմ են քշվում,+ ուշ աշնան ծառեր, որոնք ամբողջովին չորացած* են ու արմատախիլ եղած, 13  ծովի կատաղի ալիքներ են, որոնք ափ են նետում իրենց կեղտոտ փրփուրը՝ ամոթալի գործերը,+ թափառող աստղեր, որոնց բաժինը անթափանց խավարը* կլինի առհավետ:+ 14  Ենոքը,+ որ Ադամից հաշված՝ յոթերորդն էր, նույնպես մարգարեացել է նրանց մասին՝ ասելով. «Ահա Եհովան եկավ իր տասնյակ հազարավոր սուրբ հրեշտակների հետ,+ 15  որպեսզի դատի ամենքին+ և Աստծուց չվախեցողներին դատապարտի իրենց աստվածանարգ գործերի ու բոլոր այն սարսափելի խոսքերի համար, որոնցով Աստծուց չվախեցող այդ մեղավորները վիրավորեցին նրան»:+ 16  Այս մարդիկ տրտնջացողներ են,+ որոնք դժգոհում են իրենց կյանքից, տրվում են իրենց ցանկություններին,+ մեծ-մեծ խոսելով՝ գլուխ են գովում, բայց նաև հանուն իրենց շահի՝ շողոքորթում են ուրիշներին:+ 17  Սիրելինե՛ր, հիշեք այն խոսքերը, որ ավելի վաղ* ասել են մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալները: 18  Նրանք ձեզ ասում էին. «Վերջին ժամանակներում ծաղրողներ ի հայտ կգան, որոնք կվարվեն իրենց մեղսածին ցանկությունների համաձայն»:+ 19  Նրանք են, որ պառակտումներ են առաջացնում,+ անասնացած մարդիկ,* որոնք Աստծու ոգին չունեն: 20  Բայց դուք, սիրելինե՛ր, ամրացեք ձեր սրբագույն հավատով* և աղոթեք սուրբ ոգու ազդեցության ներքո,*+ 21  որպեսզի Աստծու կողմից սիրված մնաք,+ մինչ սպասում եք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր գթասրտությամբ առաջնորդի ձեզ դեպի հավիտենական կյանք:+ 22  Նաև շարունակեք գթասրտությամբ վերաբերվել նրանց,+ ովքեր կասկածներ ունեն.+ 23  փրկեք նրանց՝+ իսկույն հանելով կրակի միջից: Շարունակեք գթասիրտ լինել նաև մյուսների հանեպ և դա արեք զգուշությամբ՝ ատելով նույնիսկ այն հագուստը, որն աղտոտված է մարմնից:+ 24  Նրան, ով կարող է օգնել ձեզ, որ չընկնեք և մեծ ուրախությամբ անարատ կանգնեք+ իր փառքի առջև, 25  միակ Աստծուն՝ մեր Փրկչին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով թող փառք լինի: Նրանն են փառքը, մեծությունը, զորությունը և իշխանությունը ողջ հավիտենության մեջ՝ անցյալում, հիմա և ապագայում: Ամեն:

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Սրբեր»:
Կամ՝ «անամոթ վարքը»: Հուն.՝ ասելգեյա: Բառարանում տես «Լկտի վարք»:
Այստեղ օգտագործված հուն. բառը ցեղակից է պոռնեյա բառին: Բառարանում տես «Անբարոյականություն»:
Կամ՝ «երազներով»:
Վերաբերում է Աստծուն և նրանց, ում նա իշխանություն է տալիս:
Բռց.՝ «սիրո»:
Բռց.՝ «իրենք իրենց են կերակրում»:
Բռց.՝ «կրկնակի մեռած»:
Նշանակում է «հավիտենական կործանում»:
Կամ՝ «նախապես»:
Կամ՝ «մարդիկ, որոնք մտածում են միայն մարմնավոր բաների մասին»:
Բռց.՝ «ձեր անձերը կառուցեք ձեր սրբագույն հավատի վրա»:
Բռց.՝ «աղոթեք սուրբ ոգով»: