Հռոմեացիներ 1։1-32

  • Ողջույնի խոսքեր (1-7)

  • Պողոսը ցանկանում է գնալ Հռոմ (8-15)

  • Արդարը հավատի շնորհիվ կապրի (16, 17)

  • Աստվածամերժ մարդիկ արդարացում չունեն (18-32)

    • Մարդիկ կարող են տեսնել Աստծու հատկությունները՝ զննելով նրա ստեղծածները (20)

1  Այս նամակը գրում եմ ձեզ ես՝ Պողոսս՝ Հիսուս Քրիստոսի ծառաս,* որ կանչվել եմ առաքյալ լինելու և ընտրվել* եմ՝ հռչակելու Աստծու բարի լուրը,+  որը Աստված իր մարգարեների միջոցով նախապես հայտնել է սուրբ գրքերում:  Այդ լուրը նրա Որդու՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին է, որը ծնվեց որպես մարդ Դավթի+ սերնդից:  Երբ սուրբ ոգու զորությամբ նա հարություն առավ,+ այդպես հաստատվեց, որ նա Աստծու Որդին է:+  Նրա միջոցով իմ* հանդեպ անզուգական բարություն դրսևորվեց, և ես առաքյալ նշանակվեցի,+ որպեսզի բոլոր ազգերի մարդկանց օգնեմ, որ հավատան ու հնազանդվեն նրան+ և այդպիսով փառավորեն նրա անունը:  Դուք էլ եք այդ ազգերի մարդկանցից, որ հրավեր եք ստացել լինելու Հիսուս Քրիստոսի հետևորդը:*  Գրում եմ բոլորիդ, որ Հռոմում եք, ում Աստված սիրել է ու կանչել՝ իր սուրբ ժողովուրդը լինելու: Թող Աստված՝ մեր Հայրը, և Տեր Հիսուս Քրիստոսը ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորեն ու խաղաղություն տան ձեզ:  Նախևառաջ ուզում եմ ասել, որ Հիսուս Քրիստոսի միջոցով շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն ձեզ բոլորիդ համար, որովհետև ձեր հավատի մասին ողջ աշխարհն է խոսում:  Աստված, ում ես սրտանց* սուրբ ծառայություն եմ մատուցում՝ քարոզելով նրա Որդու մասին բարի լուրը, վկա է, որ միշտ հիշում եմ ձեզ իմ աղոթքներում:+ 10  Ես աղերսում եմ Աստծուն, որ եթե նրա կամքն է, հնարավորություն ունենամ վերջապես գալ ձեզ մոտ: 11  Շատ եմ ուզում տեսնել ձեզ, որ հոգևորապես օգնեմ* ու ամրացնեմ, 12  կամ, ավելի շուտ, որ քաջալերվենք+ մեկս մյուսիս հավատով, ես՝ ձեր հավատով, դուք էլ՝ իմ: 13  Իմացեք, եղբայրնե՛րս, որ շատ անգամ եմ մտադրվել ձեզ մոտ գալ, բայց միշտ մի խանգարող բան է եղել: Ուզում էի, որ իմ քարոզչությունը ձեր մեջ էլ պտուղներ բերի, ինչպես որ մյուս ազգերի մեջ է բերել: 14  Իմ պարտքն է քարոզել թե՛ հույներին ու մյուս ազգերի մարդկանց* և թե՛ գիտուններին ու անուսումներին:* 15  Այնպես որ մեծ ցանկություն ունեմ բարի լուրը քարոզել նաև ձեզ՝ Հռոմում գտնվողներիդ:+ 16  Ես չեմ ամաչում այն հռչակել.+ չէ՞ որ բարի լուրը այն զորեղ միջոցն է, որով Աստված փրկություն է շնորհում բոլոր հավատ ունեցողներին,+ նախ՝ հրեաներին,+ հետո՝ հույներին:+ 17  Բարի լուրի միջոցով հավատ ունեցողները տեսնում են Աստծու արդարությունը, և դա ամրացնում է նրանց հավատը,+ ինչպես որ գրված է. «Արդարը հավատի շնորհիվ կապրի»:+ 18  Աստված երկնքից դրսևորում է իր ցասումը+ նրանց հանդեպ, ովքեր չեն հնազանդվում իրեն, անարդար գործեր են անում և անարդարացիորեն խանգարում են մարդկանց իմանալ ճշմարտությունը:+ 19  Բանն այն է, որ ինչ կարելի է իմանալ Աստծու մասին, նրանց աչքի առաջ է. Աստված հստակ ցույց է տվել նրանց:+ 20  Թեև Աստված անտեսանելի է, սակայն աշխարհի արարումից ի վեր մարդիկ կարող են տեսնել նրա հատկությունները՝ զննելով նրա ստեղծածները:+ Դրանք բոլորը վկայում են նրա հավերժական զորության մասին+ և փաստում են, որ նա իսկապես Աստված է:+ Դրա համար էլ այս փաստերն անտեսողները ոչ մի արդարացում չունեն: 21  Այդպիսի մարդիկ թեև գիտեն Աստծուն, բայց չեն տալիս նրան այն փառքը, որին նա արժանի է, և ոչ էլ շնորհակալություն են հայտնում նրան, այլ դարձել են դատարկամիտ ու հասկացողությունից զուրկ:*+ 22  Նրանք պնդում են, թե իմաստուն են, բայց իրականում հիմար են, 23  և փոխանակ մեծարեն անմահ* Աստծուն՝ մեծարում են կուռքերի, որոնք կերտված են մահկանացու* մարդկանց, թռչունների, չորքոտանիների և սողունների պատկերով:+ 24  Դրա համար էլ Աստված երես է թեքել նրանցից՝ թողնելով, որ վարվեն իրենց սրտի անմաքուր ցանկությունների համաձայն և այդպիսով անարգեն իրենց մարմինը: 25  Նրանք Աստծու մասին ճշմարտությունը ստի հետ են փոխել, մեծարում* ու ծառայում են ստեղծվածներին, ոչ թե Ստեղծողին, ով հավիտյան արժանի է փառքի: Ամեն: 26  Այդ իսկ պատճառով Աստված մերժել է նրանց՝ թողնելով, որ տրվեն խայտառակ կրքերի:+ Կանայք բնական սեռական հարաբերությունները փոխել են անբնականի հետ:+ 27  Նույնպես էլ տղամարդիկ, կանանց հետ բնական սեռական հարաբերությունները թողած, բուռն կրքերով միմյանց են փափագում, տղամարդիկ տղամարդկանց հետ նողկալի բաներ են անում:+ Նրանք կստանան իրենց սխալ վարքին արժանի լիարժեք հատուցումը:+ 28  Քանի որ նրանք հարկ չհամարեցին հաշվի առնել Աստծուն,* Աստված էլ թողեց նրանց, որ իր համար անընդունելի մտավիճակի տրվեն և անվայել բաներ անեն:+ 29  Նրանք լիովին տրվել են ամեն տեսակ անարդարության, անօրինության,+ ագահության,+ չարության, նախանձի,+ սպանության,+ գժտության, խաբեության,+ չարամտության:+ Այդ մարդիկ բամբասողներ են, 30  ուրիշներին վատաբանողներ,+ Աստծուն ատողներ, անպատկառներ, գոռոզներ, պարծենկոտներ, չար բաներ ծրագրողներ, ծնողներին անհնազանդ,+ 31  հասկացողությունից զուրկ,+ խոստումները դրժող, ընտանիքի անդամների հանդեպ կապվածություն չունեցող և անգութ: 32  Թեև նրանք շատ լավ գիտեն Աստծու արդար դատավճիռը, որ այսպիսի բաներ անողները մահվան են արժանի,+ սակայն ոչ միայն շարունակում են անել այդ ամենը, այլև հավանություն են տալիս անողներին:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «զատվել»:
Բռց.՝ «ստրուկս»:
Բռց.՝ «մեր»:
Բռց.՝ «պատկանելու Հիսուս Քրիստոսին»:
Կամ՝ «իմ ոգով»:
Բռց.՝ «հոգևոր նվեր փոխանցեմ»:
Կամ՝ «ոչ հույներին»: Բռց.՝ «բարբարոսներին»:
Բռց.՝ «իմաստուններին ու անմիտներին»:
Բռց.՝ «ու նրանց սիրտը խավարել է»:
Բռց.՝ «անապականելի»:
Բռց.՝ «ապականելի»:
Կամ՝ «պաշտում»:
Կամ՝ «ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերել Աստծու մասին»: