Հռութ 2։1-23

  • Հռութը հասկահավաք է անում Բոոսի արտում (1-3)

  • Բոոսի և Հռութի հանդիպումը (4-16)

  • Հռութը Նոյեմիին պատմում է Բոոսի դրսևորած բարության մասին (17-23)

2  Նոյեմին իր ամուսնու՝ Ելիմելեքի ազգատոհմից մի բարեկամ ուներ, որը շատ հարուստ մարդ էր: Նրա անունը Բոոս էր:+  Մի անգամ մովաբացի Հռութն ասաց Նոյեմիին. «Խնդրում եմ, թույլ տուր՝ գնամ արտերը և, ով բարեհաճ լինի իմ հանդեպ, նրա հետևից հասկերը հավաքեմ»:+ Նոյեմին ասաց նրան. «Գնա՛, աղջի՛կս»:  Հռութն էլ գնաց և արտում հնձվորների հետևից սկսեց հավաքել հասկերը: Նա պատահաբար հայտնվեց արտի այն հատվածում, որը պատկանում էր Բոոսին,+ ով Ելիմելեքի ազգատոհմից էր:+  Այդ ժամանակ Բոոսը Բեթլեհեմից եկավ իր արտ և հնձվորներին ողջունեց՝ ասելով. «Եհովան ձեզ հետ լինի»: Նրանք էլ պատասխանեցին. «Եհովան օրհնի քեզ»:  Բոոսը հնձվորների աշխատանքը վերահսկող երիտասարդին հարցրեց. «Սա ո՞ւմ աղջիկն է»:  Երիտասարդը պատասխանեց. «Մովաբացի է,+ Նոյեմիի հետ է եկել Մովաբից:+  Նա ինձ խնդրեց, որ թույլ տամ՝ հնձվորների հետևից գնա ու հավաքի+ մնացած հասկերը:* Առավոտից, ինչ եկել է, ոտքի վրա է եղել: Միայն հիմա է, որ նստել է տաղավարում՝ փոքր-ինչ հանգստանալու»:  Դրանից հետո Բոոսն ասաց Հռութին. «Լսիր, աղջի՛կս. հասկ հավաքելու համար ուրիշ արտ մի՛ գնա, մի՛ հեռացիր այստեղից, այլ մնա իմ արտում աշխատող աղջիկների հետ:+  Տես, թե հնձվորները որ արտն են հնձում, և աղջիկների հետ այնտեղ գնա: Տղաներին պատվիրել եմ, որ չնեղացնեն* քեզ: Երբ որ ծարավես, գնա սափորների մոտ և խմիր տղաների հանած ջրից»: 10  Լսելով այս խոսքերը՝ Հռութը ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց: Նա ասաց Բոոսին. «Ինչո՞վ եմ շահել քո բարեհաճությունը, ինչո՞ւ ես ուշադրություն դարձրել ինձ. չէ՞ որ ես օտարական եմ»:+ 11  Բոոսը պատասխանեց նրան. «Ինձ պատմել են այն ամենի մասին, ինչ արել ես սկեսրոջդ համար ամուսնուդ մահից հետո, թե ինչպես ես թողել քո հորն ու մորը, քո հայրենի երկիրը ու եկել մի ժողովրդի մոտ, որին նախկինում չէիր ճանաչում:+ 12  Քո արածի համար թող Եհովան վարձատրի քեզ,+ և թող քո վարձատրությունը լիառատ լինի Իսրայելի Աստծու՝ Եհովայի կողմից, ում թևերի տակ եկել ես՝ ապաստան փնտրելու»:+ 13  Նա էլ ասաց. «Տե՛ր իմ, թող որ այսուհետ էլ քո բարեհաճությանն արժանանամ. քո խոսքերով մխիթարեցիր ու հանգստացրիր աղախնիդ, թեև քո աղախինն էլ չեմ»: 14  Երբ եկավ ճաշի ժամը, Բոոսն ասաց նրան. «Մոտեցիր և մի կտոր հաց կեր, պատառդ քացախի մեջ թաթախիր»: Հռութը նստեց հնձվորների կողքին: Հետո Բոոսը նրան բոված ցորեն տվեց: Նա կերավ, կշտացավ, ու դեռ մի բան էլ ավելացավ: 15  Երբ Հռութը վեր կացավ՝ հասկահավաք անելու,+ Բոոսը իր մոտ աշխատող տղաներին պատվիրեց. «Թող քաղված հասկերի* միջից էլ հավաքի, չնեղացնե՛ք նրան:+ 16  Խրձերից էլ որոշ չափով հասկեր հանեք և ձեր հետևից թողեք, որ հավաքի: Չարգելե՛ք նրան հասկահավաք անել»: 17  Այսպիսով՝ Հռութը մինչև երեկո այդ արտում հասկահավաք արեց:+ Նա հավաքած հասկերը ծեծեց, և մոտավորապես մեկ արդու* գարի ստացվեց: 18  Ապա վերցրեց գարին ու վերադարձավ քաղաք: Հռութը ցույց տվեց սկեսրոջը իր հավաքածը, նաև հանեց իր մոտ եղած կերակուրը,+ որն ավելացել էր ուտելուց հետո, ու տվեց նրան: 19  Նոյեմին հարցրեց. «Այսօր որտե՞ղ ես հասկահավաք արել, որտե՞ղ ես աշխատել: Թող օրհնյալ լինի այն մարդը, որն ուշադրություն է դարձրել քեզ»:+ Եվ Հռութը պատմեց նրան, թե ում մոտ է աշխատել՝ ասելով. «Այն մարդու անունը, ում մոտ այսօր աշխատել եմ, Բոոս է»: 20  Այդ ժամանակ Նոյեմին ասաց իր հարսին. «Թող Եհովան, ով հավատարիմ սեր դրսևորեց ողջերի ու մահացածների հանդեպ, օրհնի այդ մարդուն»:+ Ապա ավելացրեց. «Նա մեր ազգականն է՝+ մեկն է այն մարդկանցից, որոնք փրկագնելու իրավունք ունեն»:+ 21  Մովաբացի Հռութը շարունակեց պատմել. «Նա նաև ասաց, որ իր աշխատողներից հեռու չգնամ, մինչև որ ամբողջ բերքը հավաքեն վերջացնեն»:+ 22  Նոյեմին էլ ասաց իր հարսին՝ Հռութին. «Ի՜նչ լավ է, աղջի՛կս, որ նրա արտում աշխատող աղջիկների հետ ես լինելու, որովհետև ուրիշ արտում քեզ կարող են նեղացնել»: 23  Ուստի Հռութը Բոոսին ծառայող աղջիկներից հեռու չգնաց ու մինչև գարու և ցորենի հնձի ավարտը հասկահավաք արեց:+ Նա իր սկեսրոջ հետ էր ապրում:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «խրձերը»:
Բռց.՝ «չդիպչեն»:
Կամ հնարավոր է՝ «խրձերի»:
Մոտ 22 լ: Տես հավելված Բ14: