Հռութ 3։1-18

  • Նոյեմին Հռութին ասում է, թե ինչ անի (1-4)

  • Հռութը և Բոոսը՝ կալատեղում (5-15)

  • Հռութը վերադառնում է Նոյեմիի մոտ (16-18)

3  Հռութի սկեսուրը՝ Նոյեմին, ասաց նրան. «Աղջի՛կս, քեզ համար ամուսին չփնտրե՞մ,+ որ դու ապահովություն* գտնես, և քեզ համար լավ լինի:  Օրինակ՝ Բոոսը. նա մեր ազգականն է:+ Դու նրան ծառայող աղջիկների հետ էիր աշխատում: Այս գիշեր նա կալում* գարի է քամհարելու:*  Լվացվիր, անուշահոտ յուղ քսիր վրադ, հագիր ամենալավ հագուստդ ու կալատեղ գնա: Բայց այնպես արա, որ նա չիմանա՝ այնտեղ ես, մինչև որ ուտելն ու խմելը վերջացնի:  Եվ երբ գնա քնելու, տես, թե որտեղ է պառկում, հետո գնա, նրա ոտքերի կողմից բացիր ծածկոցը ու պառկիր: Նա կասի քեզ՝ ինչ անես»:  Հռութն ասաց Նոյեմիին. «Ինչ որ ասացիր, կանեմ»:  Նա գնաց կալատեղ և արեց այն ամենը, ինչ սկեսուրն ասել էր իրեն:  Բոոսը կերավ ու խմեց, և նրա տրամադրությունը բարձրացավ: Ապա գնաց ցորենի դեզի մոտ ու պառկեց այնտեղ: Հետո Հռութը կամացուկ մոտեցավ, նրա ոտքերի կողմից բացեց ծածկոցը ու պառկեց:  Կեսգիշերին Բոոսի մարմնով դող անցավ, և նա, տեղից մի փոքր բարձրանալով, տեսավ, որ իր ոտքերի մոտ մի կին է պառկած:  Նա հարցրեց. «Դու ո՞վ ես»: Կինը պատասխանեց. «Հռութն եմ՝ աղախինդ: Քո պաշտպանության տակ առ աղախնիդ,* քանի որ դու փրկագնելու իրավունք ունես»:+ 10  Այդ ժամանակ Բոոսն ասաց. «Թող Եհովան օրհնի քեզ, աղջի՛կս: Հավատարիմ սերը, որ հիմա դրսևորեցիր, գերազանցեց այն սերը, որը ցուցաբերեցիր առաջին անգամ,+ որովհետև երիտասարդների հետևից չգնացիր՝ ո՛չ հարուստ, ո՛չ էլ աղքատ: 11  Իսկ հիմա, աղջի՛կս, մի՛ վախեցիր: Ինչ որ ասես, կանեմ քեզ համար,+ քանի որ քաղաքում բոլորը գիտեն, որ դու առաքինի կին ես: 12  Ճիշտ է, ես փրկագնելու իրավունք ունեմ,+ սակայն ինձնից ավելի մոտ ազգական էլ կա, ով փրկագնելու իրավունք ունի:+ 13  Այստեղ գիշերիր, իսկ առավոտյան, եթե նա ցանկանա քեզ փրկագնել, թող փրկագնի:+ Բայց եթե չցանկանա, երդվում եմ Եհովայի գոյությամբ, ե՛ս կփրկագնեմ քեզ: Մինչև առավոտ այստեղ մնա»: 14  Ուստի Հռութը մինչև առավոտ պառկած մնաց նրա ոտքերի մոտ, իսկ հետո, երբ դեռ այնքան չէր լուսացել, որ մարդիկ իրար ճանաչեին, վեր կացավ: Բոոսն ասաց. «Թող ոչ ոք չիմանա, որ կին է եկել կալատեղ»: 15  Նաև ասաց. «Թիկնոցդ բեր ու բացած պահիր»: Հռութն էլ պահեց այն, և նա վեց չափ* գարի լցրեց դրա մեջ ու տվեց, որ տանի:* Հետո Բոոսը վերադարձավ քաղաք: 16  Հռութը գնաց իր սկեսրոջ մոտ, և նա հարցրեց նրան. «Ամեն ինչ բարեհաջո՞ղ անցավ,* աղջի՛կս»: Հռութն էլ պատմեց նրան, թե այդ մարդն ինչ է արել իր համար: 17  Ապա ավելացրեց. «Այս վեց չափ գարին նա ինձ տվեց ու ասաց. «Դատարկ ձեռքով մի՛ գնա սկեսրոջդ մոտ»»: 18  Նոյեմին էլ ասաց. «Աղջի՛կս, սպասիր, մինչև իմանաս, թե այս հարցն ինչպես կլուծվի, որովհետև այդ մարդը չի հանգստանա, մինչև որ այսօր գլուխ չբերի այս գործը»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «տուն»: Բռց.՝ «հանգստի տեղ»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Այսինքն՝ քամու առջև պահելով՝ մաքրելու:
Կամ՝ «Փեշդ տարածիր քո աղախնի վրա»:
Հավանաբար 6 գրիվ՝ մոտ 44 լ: Տես հավելված Բ14:
Բռց.՝ «ու դրեց նրա վրա»:
Բռց.՝ «Ո՞վ ես դու»: