Ղուկաս 1։1-80

  • Թեոֆիլոսին ուղղված խոսքեր (1-4)

  • Գաբրիել հրեշտակը հայտնում է, որ ծնվելու է Հովհաննես Մկրտիչը (5-25)

  • Գաբրիել հրեշտակը հայտնում է, որ ծնվելու է Հիսուսը (26-38)

  • Մարիամն այցելում է Եղիսաբեթին (39-45)

  • Մարիամը փառաբանում է Եհովային (46-56)

  • Հովհաննեսի ծնունդն ու անվանակոչումը (57-66)

  • Զաքարիայի մարգարեական խոսքերը (67-80)

1  Շատերն են ձեռնամուխ եղել, որ տեղեկություններ հավաքեն ու գրեն այն բոլոր իրողությունների մասին, որոնց վստահարժանության մեջ լիովին համոզված ենք+  (այդ իրողությունների մասին մեզ հաղորդել են նրանք, ովքեր հենց սկզբից ականատես են եղել այդ ամենին+ և հռչակել են Աստծու պատգամը):+  Ուստի ես էլ, ո՛վ պատվարժան Թեոֆիլոս, որոշեցի ամեն բան սկզբից ևեթ մանրամասնորեն հետազոտել ու տրամաբանական հաջորդականությամբ գրել քեզ դրանց մասին,+  որպեսզի լիովին համոզվես, որ այն ամենը, ինչ քեզ սովորեցրել են, վստահարժան է:+  Հրեաստանի Հերովդես* թագավորի իշխանության օրոք+ Զաքարիա անունով մի քահանա կար՝ Աբիայի+ անունը կրող քահանայական խմբից: Նրա կինը՝ Եղիսաբեթը, Ահարոնի սերնդից* էր:  Երկուսն էլ Աստծու աչքին արդար մարդիկ էին: Նրանք անմեղադրելի վարք ունեին, քանի որ հնազանդվում էին Եհովայի* բոլոր պատվիրաններին և օրենքներին:  Բայց երեխա չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, բացի այդ՝ երկուսն էլ տարիքն առած էին:  Մի անգամ Զաքարիան Աստծու առաջ կատարում էր իր քահանայական պարտականությունը, քանի որ իրենց խմբի+ հերթն էր.  քահանայական ծառայության հաստատված կարգի* համաձայն՝ Եհովայի սրբարանը մտնելու և խունկ ծխեցնելու պարտականությունը+ նրան էր բաժին ընկել:+ 10  Խունկ ծխեցնելու ժամանակ ամբողջ ժողովուրդը դրսում աղոթում էր: 11  Հանկարծ Զաքարիային երևաց Եհովայի հրեշտակը՝ կանգնած խնկարկության սեղանի աջ կողմում: 12  Նրան տեսնելով՝ Զաքարիան շփոթվեց ու վախեցավ: 13  Սակայն հրեշտակն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, Աստված լսել է աղաչանքդ. քո կինը՝ Եղիսաբեթը, քեզ համար որդի կծնի: Նրա անունը Հովհաննես կդնես:+ 14  Դու կուրախանաս, մեծ ցնծություն կապրես, և ուրիշ շատերն էլ կուրախանան նրա ծնունդով,+ 15  քանի որ նա Եհովայի աչքում շատ կարևոր մարդ կլինի:+ Նա ընդհանրապես չպետք է գինի կամ այլ ոգելից խմիչք խմի+ և նույնիսկ նախքան ծնվելը* սուրբ ոգով լցված կլինի:+ 16  Նա իսրայելացիներից շատերին կօգնի հետ դառնալ դեպի Եհովան՝ իրենց Աստվածը:+ 17  Աստված կուղարկի նրան իրենից առաջ, և նա կգնա այն նույն ոգով ու զորությամբ, որ Եղիան ուներ,+ որպեսզի հայրերի սիրտը դարձնի այնպիսին, ինչպիսին երեխաների սիրտն է,*+ և անհնազանդներին օգնի, որ արդարների պես իմաստությամբ վարվեն: Այդպիսով ժողովրդին կնախապատրաստի ընդունելու Եհովային»:+ 18  Զաքարիան հարցրեց հրեշտակին. «Ինչպե՞ս է դա հնարավոր: Չէ՞ որ ես ծեր եմ: Կինս էլ է տարիքն առած»: 19  Հրեշտակը պատասխանեց. «Ես Գաբրիելն եմ+ և Աստծու առաջ եմ կանգնում:+ Ես ուղարկվել եմ, որ քեզ հայտնեմ այս բարի լուրը: 20  Բայց քանի որ չհավատացիր իմ խոսքերին, որոնք կատարվելու են նշանակված ժամանակին, դու համր կլինես ու չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ ամեն բան իրականանա»: 21  Այդ ընթացքում մարդիկ Զաքարիային էին սպասում և զարմանում էին, որ այդքան երկար ժամանակ դուրս չի գալիս սրբարանից: 22  Երբ Զաքարիան դուրս եկավ, չէր կարողանում խոսել, ուստի նրանք գլխի ընկան, որ նա սրբարանում գերբնական ինչ-որ բան* է տեսել: Եվ քանի որ չէր կարողանում խոսել, նշաններով էր հաղորդակցվում մարդկանց հետ: 23  Երբ նրա սուրբ ծառայության օրերը լրացան, նա տուն գնաց: 24  Որոշ ժամանակ անց Զաքարիայի կինը՝ Եղիսաբեթը, հղիացավ և հինգ ամիս շարունակ տանն էր՝ մարդկանցից հեռու: Նա ասում էր. 25  «Այս ի՜նչ բարիք արեց Եհովան ինձ համար. նա ուշադրություն դարձրեց ինձ, որ ազատի անպատվությունից»:+ 26  Երբ Եղիսաբեթը հղիության վեցերորդ ամսում էր, Աստված Գաբրիել հրեշտակին+ ուղարկեց Գալիլեայի Նազարեթ քաղաք՝ 27  մի կույս աղջկա մոտ,+ որի անունը Մարիամ էր: Նա նշանված էր Դավթի տոհմից Հովսեփ անունով մի մարդու հետ:+ 28  Հայտնվելով Մարիամին՝ հրեշտակն ասաց. «Ողջո՛ւյն, Աստծու հավանությունն ունեցող օրիո՛րդ, Եհովան քեզ հետ է»: 29  Հրեշտակի խոսքերը Մարիամին շատ հուզեցին, ու նա մտքերի մեջ ընկավ. ուզում էր հասկանալ, թե ինչ էին նշանակում ողջույնի այդ խոսքերը: 30  Հրեշտակն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, դու արժանացել ես Աստծու բարեհաճությանը: 31  Դու կհղիանաս ու մի որդի կծնես:+ Նրա անունը Հիսուս կդնես:+ 32  Նա շատ կարևոր մեկը կլինի+ և Բարձրյալի Որդի կկոչվի:+ Եհովա Աստված նրան կտա նրա նախահայր* Դավթի գահը:+ 33  Նա հավիտյան կթագավորի Հակոբի սերունդների վրա, և նրա իշխանությանը վերջ չի լինի»:+ 34  Մարիամն ասաց հրեշտակին. «Ինչպե՞ս է դա լինելու, եթե ես դեռ հարաբերություն չեմ ունեցել տղամարդու հետ»:+ 35  Հրեշտակը պատասխանեց. «Սուրբ ոգին կներգործի քեզ վրա,+ և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ: Դրա համար էլ երեխան, որը ծնվելու է, սուրբ կլինի+ և Աստծու Որդի կկոչվի:+ 36  Քո ազգականուհի Եղիսաբեթն էլ, որին ամուլ էին համարում, ծեր հասակում հղիացել է ու որդի է ունենալու: Հիմա նրա հղիության վեցերորդ ամիսն է: 37  Այնպես որ չկա մի բան, որ Աստված ասի ու չկարողանա կատարել»:*+ 38  Մարիամն էլ ասաց. «Ես Եհովայի ծառան եմ: Թող լինի այնպես, ինչպես ասացիր»: Եվ հրեշտակը հեռացավ: 39  Կարճ ժամանակ անց Մարիամը ճանապարհ ընկավ ու շտապ գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, 40  որտեղ գտնվում էր Զաքարիայի տունը, և ներս մտնելով՝ ողջունեց Եղիսաբեթին: 41  Հենց որ Եղիսաբեթը լսեց Մարիամի ողջույնը, մանուկը նրա արգանդում խաղաց, և Եղիսաբեթը սուրբ ոգով լցվեց: 42  Նա բարձր ձայնով բացականչեց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո արգանդի պտուղը: 43  Այս ի՜նչ մեծ պատվի եմ արժանացել, որ ինձ մոտ է եկել մայրը նրա, ով իմ Տերն է լինելու: 44  Հենց որ ողջույնիդ ձայնը ականջիս հասավ, մանուկը ուրախությունից խաղաց իմ արգանդում: 45  Երջանիկ ես դու, որ հավատացիր այն ամենին, ինչ Եհովան ասել է քեզ, որովհետև այդ ամենն ամբողջությամբ կկատարվի»: 46  Մարիամն էլ ասաց. «Իմ ողջ էությամբ մեծարում եմ* Եհովային,+ 47  և սիրտս ցնծում է իմ Փրկիչ Աստծու շնորհիվ,+ 48  որովհետև նա ուշադրություն դարձրեց իր աննշան աղախնին:+ Այսուհետ բոլոր սերունդներն ինձ երանելի կհամարեն,+ 49  որովհետև Զորավորը մեծ գործեր արեց ինձ համար: Սուրբ է նրա անունը:+ 50  Նա սերնդեսերունդ գթասրտություն է ցույց տվել իրենից վախեցողների* հանդեպ:+ 51  Գործել է իր զորեղ բազկով. ցիրուցան է արել գոռոզամիտներին:+ 52  Զորավորներին գահընկեց է արել,+ իսկ աննշան մարդկանց բարձրացրել է,+ 53  քաղցածներին կշտացրել է բարիքներով,+ իսկ հարուստներին ուղարկել է դատարկաձեռն: 54  Նա օգնության է հասել իր ծառային՝ Իսրայելին՝ ցույց տալով, որ հիշում է իր խոստումը, որ գթասրտություն կդրսևորի+ 55  Աբրահամի ու նրա սերնդի հանդեպ հավիտյան, մի խոստում, որ տվել էր մեր նախահայրերին»:+ 56  Մարիամը մոտ երեք ամիս մնաց Եղիսաբեթի մոտ, հետո տուն վերադարձավ: 57  Եկավ Եղիսաբեթի ծննդաբերության ժամանակը, և նա որդի ծնեց: 58  Հարևաններն ու ազգականները լսեցին, թե Եհովան ինչ մեծ գթասրտություն է դրսևորել նրա հանդեպ, և ուրախացան նրա հետ:+ 59  Ութերորդ օրը, երբ երեխան պետք է թլփատվեր,+ նրանք եկան և պատրաստվում էին երեխային իր հոր՝ Զաքարիայի անունով կոչել: 60  Բայց մայրն առարկեց. «Ո՛չ, նրա անունը Հովհաննես պետք է լինի»: 61  Նրանք էլ ասացին. «Քո ազգականների մեջ այդ անունով մարդ չկա»: 62  Ուստի նշաններով հարցրին երեխայի հորը, թե ինչ անուն է ուզում տալ նրան: 63  Նա էլ մի տախտակ խնդրեց ու վրան գրեց. «Նրա անունը Հովհաննես է»:+ Եվ բոլորը զարմացան: 64  Հենց նույն պահին Զաքարիայի լեզուն բացվեց՝ նրա խոսելու ունակությունը վերականգնվեց,+ ու նա սկսեց գովաբանել Աստծուն: 65  Հարևանությամբ ապրող բոլոր մարդկանց երկյուղ պատեց, և Հրեաստանի ողջ լեռնային շրջանում ամենուրեք խոսում էին այս ամենի մասին: 66  Բոլոր լսողները խորհրդածում էին և իրենց մտքում ասում՝ «Տեսնես այս երեխան ի՞նչ է դառնալու», քանի որ ակնհայտ էր, որ Եհովան նրա հետ է: 67  Երեխայի հայրը՝ Զաքարիան, սուրբ ոգուց մղված, մարգարեացավ. 68  «Փա՜ռք Եհովային՝ Իսրայելի Աստծուն,+ ով ուշադրություն դարձրեց իր ժողովրդին, որ փրկի նրան:+ 69  Նա իր ծառա Դավթի տոհմից հզոր փրկիչ*+ տվեց մեզ,+ 70  ճիշտ ինչպես ասել էր հնում ապրած իր սուրբ մարգարեների միջոցով:+ 71  Ասել էր, որ մեզ կազատի թշնամիների և բոլոր մեզ ատողների ձեռքից,+ 72  մեր հանդեպ գթասրտություն կցուցաբերի մեր նախահայրերին տված իր խոստման համաձայն և կհիշի իր սուրբ ուխտը,*+ 73  որ երդումով կապել էր մեր նախահայր Աբրահամի հետ:+ 74  Նա խոստացել էր, որ մեր թշնամիների ձեռքից ազատելուց հետո մեզ պատիվ կընձեռի առանց վախի սուրբ ծառայություն մատուցելու իրեն, 75  որ լինենք նվիրված և մեր կյանքի բոլոր օրերում անենք այն, ինչ ճիշտ է նրա աչքին: 76  Իսկ դու, մանկի՛կ, Բարձրյալի մարգարե կլինես: Եհովան կուղարկի քեզ իրենից առաջ, որպեսզի պատրաստես ճանապարհը նրա համար,+ 77  նրա ժողովրդին հայտնես, որ կարող է փրկվել՝ մեղքերի ներում ստանալով,+ 78  ինչը հնարավոր կլինի մեր Աստծու ջերմ կարեկցանքի շնորհիվ: Այդ կարեկցանքի շնորհիվ երկնքից մեզ համար լույս կճառագի, ինչպես արևածագին, 79  որ լուսավորի խավարում և մահվան ստվերի տակ նստածներին,+ և ուղղորդի մեր քայլերը խաղաղության տանող ճանապարհին»: 80  Երեխան մեծացավ և Աստծու ոգու շնորհիվ ուժեղ* մարդ դարձավ: Նա անապատում էր ապրում, մինչև որ եկավ այն օրը, երբ գնաց Իսրայելի ժողովրդի մոտ:

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Հերովդես I (Մեծ): Բառարանում տես «Հերովդես»:
Բռց.՝ «դուստրերից»:
Կամ՝ «սովորության»:
Կամ՝ «դեռ իր մոր արգանդում»:
Բռց.՝ «հայրերի սիրտը դարձնի դեպի երեխաները»:
Կամ՝ «տեսիլք»:
Բռց.՝ «հայր»:
Կամ՝ «Աստծու համար անհնարին բան չկա»:
Կամ՝ «Հոգիս մեծարում է»: Բառարանում տես «Հոգի»:
Բառարանում տես «Աստվածավախություն»:
Բռց.՝ «փրկության եղջյուր»: Բառարանում տես «Եղջյուր»:
Բառարանում տես «Ուխտ»:
Բռց.՝ «ոգով ուժեղ»: