Ղուկաս 11։1-54

  • Ինչպես աղոթել (1-13)

    • Տիպար աղոթքը (2-4)

  • Հիսուսը Աստծու զորությամբ է հանում դևերին (14-23)

  • Չար ոգիները վերադառնում են (24-26)

  • Ովքեր են իսկապես երջանիկ (27, 28)

  • Հովնանի հետ տեղի ունեցած հրաշքը նշան է (29-32)

  • Մարմնի ճրագը (33-36)

  • Վա՜յ կեղծավոր կրոնական առաջնորդներին (37-54)

11  Մի անգամ Հիսուսը աղոթում էր, և երբ վերջացրեց, աշակերտներից մեկն ասաց. «Տե՛ր, սովորեցրու մեզ՝ ինչպես աղոթել, ինչպես որ Հովհաննեսն էլ իր աշակերտներին սովորեցրեց»:  Հիսուսն ասաց. «Աղոթելիս ասեք. «Հա՛յր, թող սրբացվի քո անունը:+ Թող գա քո թագավորությունը:+  Տուր մեզ մեր օրվա համար անհրաժեշտ հացը:+  Ներիր մեր մեղքերը,+ որովհետև մենք էլ ներում ենք մեր դեմ մեղք գործողներին:*+ Եվ մի՛ թող, որ հանձնվենք փորձության ժամանակ»»:*+  Այնուհետև ասաց. «Պատկերացրեք՝ կեսգիշերին գնում եք ձեր ընկերոջ մոտ և ասում. «Եղբա՛յրս, պարտքով երեք հաց տուր.  ընկերներիցս մեկը հեռու տեղից մեր տուն է եկել, իսկ ես նրա առաջ դնելու ոչինչ չունեմ»:  Բայց նա ներսից պատասխանում է. «Գիշերվա կեսին ինչո՞ւ ես անհանգստացնում ինձ: Դուռն արդեն կողպված է, երեխաներս էլ կողքս քնած են: Չեմ կարող հիմա վեր կենալ ու քեզ ինչ-որ բան տալ»:  Ասում եմ ձեզ. եթե հանուն ընկերության էլ վեր չկենա ու ձեզ պետք եղածը չտա, հաստատակամորեն* խնդրելու դեպքում+ անշուշտ վեր կկենա ու կտա:  Դրա համար էլ ասում եմ ձեզ. շարունակեք խնդրել,+ և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առաջ:+ 10  Այո՛, խնդրողը կստանա,+ փնտրողը կգտնի, և թակողի առաջ կբացվի: 11  Եթե որդին հորից ձուկ խնդրի, մի՞թե հայրը ձկան փոխարեն օձ կտա նրան,+ 12  կամ եթե ձու խնդրի, մի՞թե կարիճ կտա: 13  Ուրեմն եթե դուք, մեղավոր լինելով հանդերձ, գիտեք բարիքներ* տալ ձեր զավակներին, որքան առավել ձեր երկնային Հայրը սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն»:+ 14  Որոշ ժամանակ անց Հիսուսը մի մարդու միջից դև հանեց.+ այդ դևը նրան համր էր դարձրել:* Երբ այն դուրս եկավ, համր մարդը սկսեց խոսել, և բոլորին զարմանք պատեց:+ 15  Բայց ոմանք ասում էին. «Դևերի իշխան Բեհեղզեբուղի* միջոցով է դևեր հանում»:+ 16  Ոմանք էլ նրան փորձելու համար ուզում էին, որ երկնային նշան ցույց տա իրենց:+ 17  Նրանց միտումները հասկանալով՝+ Հիսուսն ասաց. «Ամեն թագավորություն, որ պառակտված է, կփլուզվի, և բաժանումներով լի տունը կքանդվի: 18  Նույն ձևով էլ, եթե Սատանան ինքն իր դեմ է դուրս գալիս, նրա պառակտված թագավորությունն ինչպե՞ս կանգուն կմնա: Դուք ասում եք, թե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ հանում դևերին: 19  Եթե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում, ապա ձեր հետևորդնե՞րը ում միջոցով են հանում: Այնպես որ հենց նրանք էլ կփաստեն, որ սխալ եք: 20  Բայց եթե ես Աստծու զորությամբ*+ եմ հանում դևերին, ուրեմն Աստծու թագավորությունն արդեն եկել է, իսկ դուք բանից անտեղյակ եք:*+ 21  Սպառազինված ուժեղ մարդը պահպանում է իր տունը, և նրա ունեցվածքը ապահով է մնում: 22  Բայց երբ նրա վրա հարձակվում է ավելի ուժեղ մեկը և հաղթում է նրան, այդ ժամանակ վերցնում է նրա բոլոր զենքերը, որոնց վրա նա հույս էր դրել, և իր վերցրած ավարը բաժանում է ուրիշների հետ: 23  Ով իմ կողմից չէ, դեմ է ինձ, և ով չի հավաքում ինձ հետ, ցիրուցան է անում:+ 24  Երբ չար* ոգին դուրս է գալիս մարդու միջից, ման է գալիս անջուր վայրերում, որ հանգստանալու տեղ գտնի, բայց չգտնելով՝ ասում է. «Հետ դառնամ իմ տուն, որտեղից դուրս եկա»:+ 25  Եվ երբ վերադառնում է ու տեսնում, որ այն ավլած-մաքրած ու զարդարված է, 26  գնում է, իրենից ավելի չար յոթ ուրիշ ոգիներ է բերում, և նրանք մտնում ու միասին բնակվում են այնտեղ: Այնպես որ այդ մարդու վիճակը ավելի վատ է լինում, քան սկզբում էր»: 27  Հիսուսի խոսելու ընթացքում ժողովրդի միջից մի կին բացականչեց. «Երջանիկ է այն կինը, որը կրեց քեզ իր արգանդում և իր կրծքով կերակրեց քեզ»:+ 28  Բայց նա ասաց. «Ո՛չ, Աստծու խոսքը լսողներն ու կատարողներն են երջանիկ»:+ 29  Մինչ մարդկանց ամբոխը գնալով մեծանում էր, Հիսուսն ասաց. «Սա մի չար սերունդ է ու շարունակ նշան է ուզում, սակայն Հովնանի հետ տեղի ունեցած հրաշքից բացի՝ ուրիշ ոչ մի նշան ցույց չի տրվի նրան:+ 30  Ինչպես որ Հովնանը+ նշան եղավ նինվեցիների համար, այդպես էլ մարդու Որդին նշան կլինի այս սերնդի համար: 31  Հարավի թագուհին+ Դատաստանի ժամանակ հարություն կառնի այս սերնդի մարդկանց հետ և կդատապարտի նրանց, քանի որ նա երկրի ծայրերից եկավ Սողոմոնի իմաստությունը լսելու, մինչդեռ այստեղ մեկն է, ով Սողոմոնից էլ մեծ է:+ 32  Նինվեցիները Դատաստանի ժամանակ հարություն կառնեն այս սերնդի հետ և կդատապարտեն նրանց, որովհետև երբ Հովնանը քարոզեց նինվեցիներին,+ նրանք զղջացին, մինչդեռ այստեղ մեկն է, ով Հովնանից էլ մեծ է: 33  Երբ մարդ վառում է ճրագը, այն դնում է ոչ թե մի ծածուկ տեղ կամ զամբյուղի տակ, այլ ճրագակալի վրա,+ որպեսզի այն լույս տա տուն մտնողներին: 34  Մարմնի ճրագը աչքն է: Ուստի եթե ձեր աչքը կենտրոնացած է մեկ բանի վրա,* ձեր ամբողջ մարմինը լուսավորված է: Բայց եթե այն նախանձով այս ու այն կողմ է նայում,* ձեր մարմինը խավարի մեջ է:+ 35  Ուրեմն զգո՛ւյշ եղեք, որ չլինի թե ձեր միջի լույսը իրականում խավար լինի: 36  Եթե ձեր ամբողջ մարմինը լուսավորված է, և ոչ մի մասը խավարի մեջ չէ, ապա այն պայծառ կշողա, ինչպես լույս տվող ճրագը»: 37  Երբ Հիսուսն ավարտեց իր խոսքը, փարիսեցիներից մեկը ճաշի հրավիրեց նրան: Նա էլ գնաց նրա տուն և թիկնեց սեղանի շուրջ: 38  Տեսնելով, որ ճաշից առաջ նա չլվացվեց՝* փարիսեցին զարմացավ:+ 39  Տերն էլ ասաց նրան. «Դուք՝ փարիսեցիներդ, նման եք բաժակի կամ ափսեի, որը դրսից մաքրված է, բայց ներսից՝ կեղտոտ. ձեր ներսը լիքն է ագահությամբ ու չարությամբ:+ 40  Անմիտնե՛ր, չգիտե՞ք որ դրսի կողմը ստեղծողը ներսն էլ է ստեղծել: 41  Ուստի երբ մի բան եք անում չունևորների համար,* թող դա ներսից՝ ձեր սրտից բխի: Այդ դեպքում լիովին մաքուր կլինեք: 42  Բայց վա՜յ ձեզ, փարիսեցինե՛ր, որովհետև դուք տալիս եք դաղձի, փեգենայի* և այլ համեմունքային բույսերի* տասանորդը,+ բայց անտեսում եք Աստծու արդարությունը և նրա հանդեպ սերը: Ճիշտ է, այդ ամենի տասանորդը պարտավոր եք տալ, բայց մյուս բաներն էլ չպետք է անտեսեք:+ 43  Վա՜յ ձեզ, փարիսեցինե՛ր, որովհետև սիրում եք ժողովարաններում զբաղեցնել առաջին* աթոռները և ողջույններ ստանալ հանրային վայրերում: *+ 44  Վա՜յ ձեզ, որովհետև դուք ասես չնշմարվող* գերեզմաններ լինեք.+ մարդիկ քայլում են դրանց վրայով և չեն իմանում, որ դրանք իրականում գերեզմաններ են»: 45  Օրենքի գիտակ մի մարդ ասաց նրան. «Ուսուցի՛չ, այդպիսի բաներ ասելով՝ մեզ էլ ես վիրավորում»: 46  Հիսուսն ասաց. «Ձե՛զ էլ վայ, Օրենքի գիտակնե՛ր, որովհետև դժվար տանելի բեռներ եք դնում մարդկանց ուսերին, բայց ինքներդ չեք ուզում անգամ մատը մատին տալ դրանք տեղաշարժելու համար:+ 47  Վա՜յ ձեզ, որ բարեկարգում եք մարգարեների գերեզմանները, այնինչ հենց ձեր նախահայրերն են սպանել նրանց:+ 48  Դուք լավ էլ տեղյակ եք ձեր նախահայրերի արածներին և հավանություն եք տալիս: Նրանք սպանեցին մարգարեներին,+ բայց դուք հիմա բարեկարգում եք մարգարեների գերեզմանները: 49  Դրա համար էլ Աստված, ով իմաստուն է, ասաց. «Ես նրանց մոտ կուղարկեմ մարգարեների և առաքյալների, որոնցից մի քանիսին կսպանեն ու կհալածեն. 50  այնպես որ այս սերնդից կպահանջվի բոլոր մարգարեների արյունը, որ թափվել է մարդկության սկզբնավորումից* ի վեր՝+ 51  սկսած Աբելից+ մինչև Զաքարիան, որը սպանվեց զոհասեղանի և սրբարանի* միջև»:+ Այո՛, ասում եմ ձեզ, այդ ամենի համար այս սերնդից է հաշիվ պահանջվելու: 52  Վա՜յ ձեզ, Օրենքի գիտակնե՛ր, որովհետև վերցրել եք գիտելիքների դուռը բացող բանալին. ինքներդ չեք մտել, ցանկացողներին էլ թույլ չեք տալիս մտնել»:+ 53  Երբ Հիսուսն այդտեղից դուրս եկավ, Օրենքի ուսուցիչներն* ու փարիսեցիները սկսեցին նրա վրա ուժգին ճնշում բանեցնել և շատ այլ բաների վերաբերյալ հարցերի տարափ տեղալ նրա վրա՝ 54  նենգաբար սպասելով, որ ասի մի բան, ինչը նրա դեմ կօգտագործեն:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մեզ պարտք եղող ամեն մեկին»:
Բռց.՝ «մի՛ տար մեզ փորձության»:
Կամ՝ «աներես համառությամբ»:
Բռց.՝ «լավ նվերներ»:
Բռց.՝ «մի մարդու միջից համր ոգի հանեց»:
Այս անվանումը վերաբերում է Սատանային:
Բռց.՝ «մատով»:
Բռց.՝ «Աստծու թագավորությունը վրա է հասել ձեզ»:
Բռց.՝ «անմաքուր»:
Կամ՝ «հստակ է տեսնում»: Բռց.՝ «պարզ է»:
Բռց.՝ «վատն է», «չար է»:
Այսինքն՝ ծիսական արարողակարգով չմաքրվեց:
Կամ՝ «գթասրտության նվերներ եք տալիս»: Բառարանում տես «Գթասրտության նվերներ»:
Եթերայուղատու բույս:
Կամ հնարավոր է՝ «բանջարեղենների»:
Կամ՝ «շուկաներում»:
Կամ՝ «լավագույն»:
Կամ՝ «վրան նշան չարված»:
Կամ՝ «աշխարհի սկզբնավորումից»: Հավանաբար, խոսքը Ադամի ու Եվայի երեխաների մասին է:
Կամ՝ «տաճարի»:
Բռց.՝ «դպիրները»: